Չարլզ Բուկովսկի | Charles Bukowski









(1920-1994թթ. Գերմանիա)

ՍԽԱԼ ԱՐԵՑԻ

ձեռքս մտցրի պահարանի վերևի դարակը
հանեցի կապույտ մի վարտիք
ցույց տվեցի իրան ու հարցրի`
«էս քո՞նն ա»:

Նայեց ու ասեց`
«չէ, էս շունն ա հագնում»:

դրանից հետո գնաց ու մինչև էսօր
իրան չեմ տեսել: որտեղ որ ապրում էր
հիմա չկա: միշտ գնում եմ, դռանը
թղթեր եմ գրում կպցնում:
մյուս անգամ որ գնում եմ թղթերս էլի
դռան վրա են: մեքենայիս հայելուց պոկում եմ
մալթայական խաչը, կոշիկի կապով կապում եմ
իրա դռանը, բանաստեղծությունների
գիրք եմ թողնում:
մյուս գիշեր գնում տեսնում եմ
թողածներս իրենց տեղում են:

փողոցներն եմ չափչփում որ աչքովս ընկնի
իրա քշած էն արնակարմիր հածանավը
որի մարտկոցը նստած էր իսկ դռները
ցած էին կախվում ջարդված ծխնիներից:

հետ ու առաջ եմ քշում փողոցներով
հեկեկանքը ուր որ ա ինձ կխեղդի
ամաչում եմ սեփական սենտիմենտալությունից
ու հավանական սիրուց:
շփոթված ու ծերացող մի տղամարդ
անձրևի տակ իրա բախտն ա ման գալիս
որ ո՞ւր գնաց:

ԱՎԵՐԱԿՆԵՐ

Վիլյամ Սարոյանն ասում էր. «Կյանքս
կործանեցի ամուսնանալով
նույն կնոջը էրկու անգամ»:

միշտ մի բան կա
որ կործանում ա մեր կյանքը,
Վիլյամ,
տարբերությունն էն ա մենակ
թե ով կամ ինչը
մեզ առաջինը
կքաղի,
մենք միշտ լավ հասած ենք
ու պատրաստ
քաղվելու համար:

կյանքի կործանվելը
նորմալ ա
թե իմաստունների համար
թե նաև մյուսների:

մենակ երբ որ
կործանվող կյանքը
մերն ա
էդ ժամանակ ենք
գլխի ընկնում
որ ինքնասպանները
հարբեցողները գժերը
նստածները ծակվողները
և այլն և այլն,
գոյության բնական
մասն են
ոնց որ քրիզանթեմը
ծիածանը փոթորիկը
ոնց որ խոհանոցի
դարակին մնացած
ոչ մի բանը

ՆԱՀԱՆՋ

ես համարյա չկամ։

ոնց որ գերմանական զորքը
ձյունը մի կողմից կոմունիստները մյուս
քայլում էին կռացած
ոտքներին թերթեր էին փաթաթել
իսկ կոշիկները ծակ էին։

ես էդ զորքից էլ թշվառ եմ։

հաղթանակն էնքան մոտ էր
համարյա ձեռքիս մեջ։

կանգած հայելուս առաջ
իրա կարմիր մազերի մղոններն էր սանրում
իմ ճանաչած բոլոր կանացից
ամենաջահելն ու ամենասիրունը։

հետո մոտս էկավ
ու ավելի էր սիրուն
ու սերն էր ավելի ու ավելի լավը։

տասնմեկ ամիս։

հիմա հեռացել ա
իրանք միշտ են հեռանում։

ու ես համարյա չկամ։

էս նահանջի ճանապարհը երկար ա
ու տանում ա ո՞ւր

առաջիս տղան ընկավ,
ես վրայով անցնում եմ։

Սրան էլ ա՞ սիրել։

ՍԻՐՏԴ Ո՞ՆՑ Ա

ամենածանր օրերիս՝
այգու նստարաններին
բանտում
կամ էլ բոզերի հետ
միշտ հետս էր էս մի տեսակ
բավարարվածությունը,
ես դրա անունը
երջանկություն չէի դնի
էդ ավելի շուտ
ներսիս հակակշիռն էր
ընդդեմ նրա
ինչ որ պատահում էր,
առանց դրա դժվար դիմանայի
գործի տեղում
ու կամ էլ երբ որ գործերս
կանանց հետ
թարսվում էին։

առանց դրա
դժվար դիմանայի

պատերազմներում
խմելուց հետո
մութ կռիվներում
հիվանդանոցի
սենյակներում։

երբ որ զարթնում ես
անծանոթ քաղաքի
էժան համարում,
քաշում ես վարագույրը −
էդ բավարարվածությունը
շշմելու ա

հետո ոտքերդ քարշ ես տալիս
մինչև դիմացի պահարանը
որ տեսնես ճաքած հայելու միջից
այլանդակ դեմքդ ո՛նց ա խնդում
էս ամեն ինչի վրա։

ամենակարևոր բանը
կրակի միջով
քայլել կարողանալն ա։



ՋԵՅՆԻ ՀԱՄԱՐ

225 օր հողի տակ −
դու հիմա
ավելի շատ գիտես քան ես:

քեզանից էնքան արյուն քաշեցին
հիմա չոր ցախի ես նման:
ուրեմն էտ ամեն ինչը տե՞նց ա լինում։

իմ սենյակում
մեր սիրո ժամերի
ստվերները
դեռ շատանում են։

մնացած ամեն ինչ
երբ որ գնացիր
հետդ տարար։

ամեն գիշեր կռիվ եմ տալիս
վագրերի հետ
որ բռնում են կոկորդիցս։

ինչ որ դու էիր
էլ չի պատահի։

վագրերը նորից
գտան ինձ

բայց էլ չեմ ուզում
կռվեմ։

անգլերենից թարգմանեց ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ


տեսնել Չարլզ Բուքովսկուց այլ հրապարակումներ՝


No comments:

Post a Comment