Հաշվետվություն-2011

Բլոգն այս, որ ստեղծվել էր ավելի վաղ` հեռավոր 2009ի մի սիրուն իրիկուն, նույնքան սիրուն կերպով և' աչքիցս էր հեռու, ու մանավանդ` սրտիցս:
Բայց տարօրինակն էն էր, որ անգամ էդ անխնա բլոգավերակում ուրվականներ էին շրջում, և մեկը չէր, կամ երկուսը, այլ միանգամից տասնյակներ, բնականաբար` տարվա կտրվածքով:
2010ի դեկտեմբերի վերջին գալ-գնացող մի քանիսը նույնիսկ մշտական ընթերցողի հետք էին թողել բլոգիս պատին ու գնացել: Սիրտս լցվեց, ու 2011ի հունվարից ասացի` վերջ, ու...
Ես` Հասմիկս` դուստրը Գագիկ Սիմոնյանի,
Բլոգամրոցն իր այս հիմնադրեց
Բլոգսփոթ գետի ափին
Պոեզիայի բերդի վրա
Ի հզորություն
Ընթերցողների
Եվ ի ահաբեկում ոչ ոքի
Աստվածներից հեռու
2011թվի փետրվար ամսին
Արարատյան լեզվով
Լեզվով հայերեն

պտույտ մը բլոգիս թաղերում

Էսթերի

ինձ ոչ ոք չի սիրել քեզ նման
և ոչ ոք չի լքել քեզ պես

ճմրթվող թղթերի վրա ես քո անունն էի գրում
հեռու երկինքներից ագռավները գալիս էին ու պատմում քո մասին
ես պատերը կրծում էի շաքարի պես
և օրերիս վրա կիտրոնի պես բարակ շերտիկներ էին մելամաղձի
ես խմում էի հիշողությունը քո մասին
թունդ թեյի փոքրիկ բաժակներով
անընդհատ
անընդհատ
անընդհատ

Արյունս

կարմիր
ցփնած
անոթի 
մեջ
էիր

հին դարակները դասավորելիս
մայրս
պարսկական թեյի բաժակներ

տաք երկրներ

ամենուր նույն մարդիկ են ապրում
միայն շներն են տարբեր ձև մրսում տարբեր քաղաքներում

տղամարդիկ շատանում են ցրտերն ընկնելուն պես
բայց դու մրսում ես հատ-հատ
նրանց բոլորի կանանց փոխարեն
հետո հիվանդանում ես ու մեռնում
ու շարունակում ապրել քո ամառը հողի տակ
տաք, ինչպես ոչ մի տեղ
և մենակ, ինչպես հարազատ անկողնում

3.

տարվա վերջին օրվա պես`
ոտաբոբիկ ու անսեր
ես վազում եմ քաղաքում այս երևան
ես պարում եմ
ես հարբած եմ, մայրիկ, ու չեմ ամուսնանա

ես
մենակ եմ
ինչպես
հասմիկ սիմոնյանը
և ավելի դժբախտ,
քան գրական հայերենով գրված
բառը

2.

այս անվերջանալի անձրևներից հետո
այս կայքէջերի շփոթեցնող մարդկանցից հետո
այս ջութակների հրաշալի համերգից հետո
գրադարանում գոռացող գրքերի լեշահոտից
ամպամած երկնքի սրտխառնուքից հետո
ձրիակերի պես ուտելուց
ծխելուց
խմելուց
հայհոյելուց հետո
ես բախվում եմ սիրո բորբոսնած պատին

իմ չսիրած տղա, ոնց կսիրեի քեզ

բառ,
իմ միակ ճշմարտություն,
ես կորցնում եմ քեզ
թուղթ, կուլ մի տուր բառս, ինչպես հողը հարազատներիս
այլապես ես գիտեմ մկնդեղի տեղը
և դեղահաբերի, որ կարող են լուծել հաշիվները սրտիս հետ
և ուր է իմ վերջին հիստերիաների ձյունը
բարձրաձայն իջնող ձյունը
որ խցանվեր կոկորդիս մեջ
հայրական ապտակի պես կամ չմարսված կերակուրի

1.

օրերս չեն անցնում այլ վիժում են ինձ
ես մենակ եմ ինչպես առաջ
ինպես հետո
ինչպես միշտ

հայրս ծխում է
ես հայրս եմ

անասուններ գոռում եմ աղջկաս վրա
աղջիկս լացում է
սրիկա հայելի ինչ կեղծ ես դու
կփշրեի քեզ եթե իմը լինեիր
դու իմն ես ասում է հայելին ու փշրում ինձ

փշուրներս վազում են վազում են վազում եմ
բոլոր հայրերը չգնահատված փշուրներ են

հորդ հետ չես խոսում
ասում ես որ նրա համար մեռած ես
պատմեցիր որ երբ քո սենյակում փակված Մոցարտի ''Ռեքվիեմ''ն էիր լսում
դուռը կոտրելով հայրդ կատաղած մտել էր ներս
իսկ դու ընդամենը և միայն Մոցարտի ''Ռեքվիեմ''ն էիր լսում…

երկու նամակ աղջկաս

Մ.- ին

1.
անարյուն աղջիկ
մազանոթներիս մեջ անվերջ թռչկոտող,
վերջ տուր խաղիդ

և մի’ չորացիր հպարտ հպարտ,
երբ ջրում եմ քեզ, որ դու աճես

փակիր դեմքդ անձրևով,
երբ կսանրեմ մազերդ,

մերրիին

ոտքերը ասֆալտին խփում են թմբուկների նման
եռացրած մեղրի պես ջազն իջնում է շեփորի կոկորդով
հազում ես
շարֆդ բարակ է, տաբատդ մաշված
ծխիր ինձ, խնդրում ես, ծխիր
ինչպես գիշերամիզությունն է ծխում մարմինս
ինչպես ծնողներս են ծխում մանկությունս ու դրանից հետոն
*
մի օր երբ էլ բառերս ձեր կեղտոտ շուրթերով չեք մաքրի
երբ ես մեծ կլինեմ
երբ դեռահաս կլինեմ
ու համարյա չծնված
վերջին գիրքը
(հիմնված է իրական դեպքերի վրա)

մի գիրք ապրում էր մեծ քաղաքում:
նրան բոլորը ծաղրում էին,
ոչ ոք չէր նայում նրան,
էջերը չէին շոյում,
սիրով չէին զբաղվում իր ներսի բառերի հետ:
ու գիրքը որոշեց ինքնասպան լինել:
գնաց ազգային բանակ
ու թերթ առ թերթ
ծառայեց ազգային բանակի զուգարանում:
կերուխում թիվ 15

հայոց եղեռնի մասին կարդացածս միակ վավերագրքի
միակ նախադասությունը
ուտում է ուղեղս.
<<փոքրիկ երեխաները գիտեին
հենց մեռնեին
իրենց ուտելու են
կենդանի մնացած սովածները>>
ամոթը զուգարանում է

պոեզիան գնաց զուգարան
բնական կարիքները հոգալու
պոետները ետևից թաքուն գնացին,
բռնեցին
ու մինչև հիմա բաց չեն թողնում

ազատություն պոեզիային
շաբաթօրյակ

ամեն անգամ ասում եմ վերջ
էլ չեմ սիրում
էլ չեմ պատասխանի զանգերին
կջնջեմ ինտերնետիս ընկերների ցանկից
ու կարգին մաքրություն կանեմ սրտիս մեջ`
վերջապես դատարկելով ահռելի մեծ աղբից
չկայացած սեր

ես բանաստեղծությանս թութակն եմ
երբ ուզում կեր է տալիս
երբ հիշում ջուր
կիսաքաղց է թողնում որ դաստիարակի
գազօջախը վառելիս մտածում է
թևերս խանձի
ինձ էլ մի բուռ գրիլ անի
քնելուց առաջ վիզս ուզում է ոլորի ու ճզմի
առավոտը սկսվում է<<հա սիրուն ջան, հա պուպուշ ջան>>-ով
ու արդեն ես բանի տեղ չեմ դնում:
<<ախպերս>> ու ես

ամիսը մեկ հանդիպում ենք
խոսում աշխարհից
գիտությունից մեքենաներից
շներից
աշխատավարձի հերիքել-չհերիքելուց
ծնողներից
ծանոթներից` կարճաժամկետ ձեռքբերովի ու կայուն
իր սերերից
իմ սերերից
վերջում տուն ճանապարհելուց
չի մոռանում նայել աչքերիս մեջ ու կամացուկ հարցնել
կարող ա ամուսնանամ իր հետ
ու էդպես ամեն ամիս

աբիժնիկ հս պրեդստավլյայետ

ամեն անգամ լիալուսնի ժամանակ
հիշում եմ ինձ չսիրող տղերքին
ու չարախնդալով սպասում
հաջորդ կյանքերից մեկին
երբ ես տղա կլինեմ իրենք աղջիկ
լիալուսնից հետո փառք եմ տալիս տիրոջը
որ իմ կողմից չսիրված տղերքը
ինձ նման վայրենի չեն ու ինքս ինձ խոստանում եմ
հատ-հատ պատասխանել նամակներին
ու լինել ավելի սիրալիր
*
և օրեր անց, և շաբաթներ, և տարիներ
բռի քայլերով, չոբանավարի, ինչպես բառի ոտք
ես հանգ ու վանկի դաշտերով կիջնեմ
և անապեստի ծաղկած ոստերով քորեյը թամբած կգամ քո քաղաք
ու սոնետի թարմ քրտնահոտ ինձնից կառնես

որս

ես փակում եմ դուռ ու լուսամուտ
հագնվում եմ, կոճկվում,
փաթաթվում վզախեղդ շարֆով,
կապում եմ աչքերս,
ակնամոմով լցնում ականջներս, քիթս,
որ դու չգաս ոչ մի կերպ,
օդի միջով, բացիլների, շշուկների, ձայնի
չգաս ոչ մի ձև
մոռացվես, ցնդես

հանրակացարան

սիրտս գետնանցումի թունել է
ով հասցրեց պատին մի բան գրեց
ով հասցրեց թքեց ու միզեց

լաց

ամենակարևորը քեզ ճիշտ հրաժեշտ տալն էր
հետո դուռը կփակես
թփթփացնելով կիջնես փոքր տղեկի պես
կսլանաս
կսահես
կսուրաս
կգնաս

կմնա

կրակոց

Արտակ Նազարյանին
և հայրդ էլ քո հայրը չի լինի
չի ասի տաք խոսքեր
կամ մի գնա

քեզ

ես չեղա նավզիկե քեզ համար
չնայած երբ էլ դու եկար
եկար քրտնած ու թաց
ոսկորներիդ մեջ պտտահողմ տեսա, ալիքներ
թափառող
թափառիկ` պես մարդու մեռած հիշողության

*
աղավնու թևեր տեսանք ճանապարհին
սիրելիս
աղավնու պոկված թևեր
մեծ շենքեր ու մեծ մեքենաներ տեսանք սիրելիս
մեծ մեքենաները մեզ տարան լաբիրինթոսների միջով
ու մենք մեծ քաղաքներ տեսանք սիրելիս