նամակ

իմ մոլորակում նստած
սպասում եմ քեզ սիրելիս

ես մեն-մենակ եմ այս մոլորակում

Պոեզիան…

…և այնտեղ, որտեղ սովորաբար սկսվում է պոեզիան
և որը հենց այս բանաստեղծություն է
մայրս սեղանին
երեքի փոխարեն մի թաս լվացած խնձոր է դնում
փողոցներում սպիտակ սքեյթով ասպետներ են հայտնվում
*
այգի առ այգի
աշուն առ աշուն
կրակայրիչը ձեռքիս
օրը ցերեկով փնտրում եմ քեզ

ամիսը վերջանում է զարմանալի արագությամբ

անշտապ քայլերով մի կում խմիր սուրճիցդ
հագիր վերարկուդ
ստուգիր գրպաններդ

Աղոթք

ակվարիումային քաղաք
բացիր թևերդ
ինձ նման
և
ինչպես ֆիլմի դանդաղեցված կադր
դեմքիդ անփույթ կհալվի արցունքների պաննոն
բոբիկ ոտքերդ կիջեցնես ջրի մեջ
*
պոեզիան հաղթանդամ տղամարդու պես
բռնել էր ձեռքիցս
քարշ էր տալիս երկրագնդի բոլոր սենյակներով