Աղոթք

ակվարիումային քաղաք
բացիր թևերդ
ինձ նման
և
ինչպես ֆիլմի դանդաղեցված կադր
դեմքիդ անփույթ կհալվի արցունքների պաննոն
բոբիկ ոտքերդ կիջեցնես ջրի մեջ
և Հիսուսը երկրորդ անգամ կքայլի ջրերի վրայով
և ցանցը
ցանցում ձկնորսների կհայտնվես դու
հեքիաթային երկար մազերով
առանց պոչի իսկական ջրահարս

ակվարիումային քաղաք
բացիր թևերդ
և ընդունիր քո գիրկը անառակ քո դստերը
շիկացած տանիքների լռության մեջ վազող
և փողոցների` գոլորշու պես բարձրացող
տաք աղմուկը
հեքիաթային երկար մազերին
38 համարի կոշիկի մեկը կորցրած
կիսափուչիկ վարդագույն վերարկուով
անառակ քո դստերը ընդունիր քո գիրկը քաղաք
և հեռացիր պատուհաններից
դրանք նետվելու համար չեն

տանիքները
հորիզոնով ծանրացած տանիքներին թող քո վազքը
և ցանցը
քամուց փռփռացող ցանցը
մարմնիդ, որ դեռ հավատում է հրաշքների
գոռա բարձրաձայն բոլոր մեռյալների անունից
դանակ-գդալների նման իրար կողք քնած մարդկանց
ստիպիր արթնանալ
ստիպիր շոշափել
միմյանց դեմքերին անփույթ հալվող արցունքների պաննոն
և վերջապես աղբարկղը նետիր
մանկական հիստերիաների պես կրկնվող գիշեր-ցերեկը
տոների ծերացնող հերթափոխը
սատկած թռչուններին
ձկների փշերը
մարմնիցդ քամված մեղքն ու դեղին տերևները…

ակվարիումային քաղաք
բացիր թևերդ
և ընդունիր քո գիրկը անառակ քո դստրերին
հեքիաթային երկար մազերով
38 համարի կոշիկի մեկը կորցրած
վերարկուով կամ անցանց…

No comments:

Post a Comment