նամակ

իմ մոլորակում նստած
սպասում եմ քեզ սիրելիս

ես մեն-մենակ եմ այս մոլորակում
ոչ ոք չկա

երկրագունդը լքելիս մի կատու ոտքս լիզեց
մտածեցի ինձ սիրում է

երկար ժամանակ իմ մոլորակում նստած
ես մլավում էի
և կատուն հասկանում էր որ ես սպասում եմ քեզ

այստեղ մի փոքրիկ օվկիանոս կա
բայց լողալ չիմանալու պատճառով
փորձում եմ մտածել որ ոչ մի փոքրիկ օվկիանոս էլ չկա

այստեղ տներ չկան
փողոց չկա
և շենքեր էլ չկան
և ինչպես սկզբում ասացի մեն-մենակ եմ

վերջին անգամ տուն սարքել եմ փոքր ժամանակ
ցեխով
հետո լեգոյով
հետո… մեծացա

երկրագունդը լքելիս երբ ոչ մի կատու դեռ ոտքս չէր լիզել
որոշեցի ձուկ պահել
գնացի «անտառային ձայներ»
և քանի որ փող չունեի
և քանի որ վերջին անգամ էի երկրագնդում
ես երկար նայեցի ձկներին ու
դուրս եկա

փոքրիկ օվկիանոսին հեռվից նայելիս
աչքերիս մեջ ձկներ են հայտնվում
ու ես սկսում եմ ավելի շատ քեզ սպասել

իմ մոլորակը
ես
կատուն
աչքերիս միջի ձկները
գիտենք
որ մեր օրերը դռներ են
որի ետևում դու չես կանգնելու

օվկիանոսին նայելիս ես հիշում եմ
լոգարանն ու իմ գրքերը
կարոտում եմ քաղաքի ձայնը հոտը գույնը
…Աստծուն

մոլորակը հասկանում է ինձ

կեսգիշերից անց ոչ ոք չի խոսի ինձ հետ

ես պառկում եմ մոլորակին
կծկվում ու սպասում
մինչև որ մայրս
հարևան մոլորակից կանչում է ինձ տուն
և այստեղից սովորաբար սկսվում է պոեզիան
որը լրիվ ուրիշ բանաստեղծություն է…


մարտ 2008թ.

No comments:

Post a Comment