*
պոեզիան հաղթանդամ տղամարդու պես
բռնել էր ձեռքիցս
քարշ էր տալիս երկրագնդի բոլոր սենյակներով
խոհանոցներից մեկում շուռ տվեց կիտրոնի թաղարը
հողը թափվեց գետնին` թթվի ամանի մոտ,
վախից փորս ցավում էր,
անկախ ինձնից ձեռքերս ճանկռոտում էին դեմքս,
քաշքշում մազերս, իբր`
ինչ ես ուզում ինձնից

մայրս լացակումած խնդրում էր`
բաց թող, բաց թող
հայրս ու եղբայրներս փորձում էին կանգնեցնել նրան
պոեզիան հրում էր բոլորին,
ապտակում ու խփում,
մամ, ասացի ես, թող տանի,
պա, միևնույն է…

արի, գոռում էր պոեզիան,
ու նյարդերիս մեջ բառ-բառ խցկելով
արցունքներս
հողոտ ու ծակ զուգագուլպաներս
գլխացավս
հոգեբուժարանից փախած բույսի պես
ես կծկվել էի բազմոցին
ու նայում էի ընտանիքիս վախեցած անդամներին
որոնց հետ պատահաբար ապրել էի երկար տարիներ

պատուհանից կայծակի ձայն լսվեց
պոեզիան տներից մեկի դուռը շրխկացրեց
ու երկրագնդի բոլոր սենյակները ցնցվեցին
հայելին ճաք տվեց,
ու ես նույն ճաքը զգացի գլխիս,
հետո ոսկորներիս մեջ…
հետո չէի զգում, որն է իմ ձեռքը, որը` պոեզիայինը,
հետո ես շարունակ մրսում էի, պոեզիան էլ ծխում էր,
հետո ես էի ծխում, պոեզիան մրսում էր,
և աշուն էր երկրագնդի բոլոր սենյակներում,
հոկտեմբերի վերջին կիրակի,
որ բութն ու ցուցամատը ատրճանակի ձևով պահած
շոյում էր քունքերս ու ճակատս,
իսկ ես մրսում էի ու մրսում…

No comments:

Post a Comment