Լուսինե Եղյան

(ծնվ. 1995թ.)


*
Երբ հարբած մոլախոտի պես կծնվեմ քո մեջ,
կպատռեմ որովայնդ ու կցցեմ արմատներս
քո ամբողջ մարմնի երկայնքով,
երբ կանաչը էլ սիրելի գույն չի լինի
ու նավապետը կհրամայի մեռնել,
հիշի՛ր ինձ…

նյարդաթելով կախված եմ պարանոցիցդ
ու կմախքիդ վերջին մնացորդներն եմ վերացնում իմ մարմնից,
խաղարկում վերջին ուժերս` հավաքված եղանակի անդորրում,
ու վերջին անգամ թիավարում դեպի պարտություն,
որ ծովը նետեմ քեզ էլ, երազդ էլ, հորս աղջկան էլ…

երբ մայրամուտը կքանդի քո բոլոր բառերը,
ու ձեռքերդ առանց գույների կսկսեն նկարել,
առատաղը ավելի կմգացնի վշտիդ գույնը,
ուրվականներդ կհիշեն, որ հիվանդ ես,
ու կսկսես հայհոյել ողջերին,

նկարի՛ր ինձ
իմ ամենամեռելային վերնաշապիկով,
տաքարյուն երակներով,
չարդարացված սպիներով
ու հոգեբույժի հոգեբանությամբ,
որը սահմանափակեց քեզ էլ, արևն էլ, հորս աղջկան էլ…..

երբ կքնես ամենաուրախ երազի հետ,
ամենաթերի տարերքդ կորոշի որդեգրել քեզ,
գրասեղանիդ կավելանան փոքր խաղաքարտեր
ու կլսվի մանկան հեծկլտոց…

սպանիր ինձ…
ասում են, մի օր բոլորս էլ մեռնելու ենք.
Ես էլ, դու էլ, հորս աղջիկն էլ…..

*
Ամեն օր սպանում են աչքերումս ապրող աղջկան,
հեկեկացող հայացքով տիրամորը,
բանաստեղծական շուրթերով այլախոհին,
թափթփված ներաշխարհով օրիորդին,

անքնության մտրակով հարվածում են նորածին նյարդերիս,
դառնացնում նկարչիս աչքերը,
կրակի մեջ թույն ավելացնում,
ու քաղցր մոխիրը կուլ է տալիս ինձ,
ես միշտ մեռնում եմ, որովհետև թույլ եմ,
որովհետև ես թույլ եմ…

արցունքները թափվում են ողնաշարիս
ու մեխի պես խրվում երակներիս մեջ,
ինքնասպանությունը ճմրթված ձեռագրով
փաթաթում է ինձ սպիտակ սավանի մեջ
ու կախում ամենաժանգոտ պարանից,
իմ մեջ չորացնում են մարդուն…

կանաչ ժապավենով փաթաթել են ճակատագրի գնացքից
ու քարշ են տալիս դեպի անջատում`
կիսաթարթ հատակագծով անապատ,
ուր կոկորդումս թանձր արցունք կա.
լայնեզր գլխարկով տիկինը.
նա վազում է ամենաերկար ոտքերով,
նա ինձ չի հասնի. ես արդեն հեռու եմ դրախտից,

մատիտը հիստերիկ դողով խազում է ինձ,
ու պայթեցնում ամենազուսպ հավատացյալին,
ես աղոթում եմ, ես աղոթում եմ,
թեկուզ կորցրել եմ դրախտ տանող այցելքարտը,
ես աղոթում եմ, որովհետև թույլ եմ…..

*
Վարագույրից ներս ծնում է ինձ ժամանակի կիրքը,
ու կցագրում քեզ, ծե՛ր կին, որպես անվերադարձ հոգի,
ես այստեղ եմ` քո ամենաչստացված որդին,
ով մաքրում է կնճիռներդ մինչև լուսնի վրա սարդեր կերևան,
մինչև դու էլ առաքյալ կլինես վերևում ապրելու երազով,
բոլոր աստղերը դեղահաբի նման չեն թափվի վրադ,
հաշմանդամ բժիշկները չեն քայլի ետևիցդ մի բաժակ գինի առաջարկելով…

ա՜խ, ծե՛ր կին,
ես քո չստացված զավակն եմ վաղվա համար,
թու՛յլ տուր ազատել քեզ ոսկորներիդ անգրագետ ցավից,
հերձի՛ր ինձ հենց որովայնումդ,
ես կարողանում եմ միայն ոտնահետքեր թողնել
ասֆալտի թանձրությունը չափելու համար
ու վայելել ինձ չծնելու հաճույքը…

վարսերդ թափվում են այտերիցդ ներքև
ու սանրում երեսիդ այրվածքները,
ես ոտաբոբիկ քայլում եմ ներսումդ
ու սգում, որ ծխնելույզից ինչ-որ մեկը ներս չի շպրտի ինձ.
ես կարող էի լինել քո ու բոլորի ամենախելացի որդին,
բայց քո աչքերը պատռված են ինձ ունենալու համար…

ծե՛ր կին, համբուրի՛ր այտս գինոտ շուրթերով
ու շոյի՛ր գլուխս` վայելելով ծխախոտի ծուխը,
հանգիստ քայլելու համար ձեռնափայտ գնիր
ու խաղարկիր ինձ քո վերջին կյանքում…

է՜հ, ծե՛ր կին,
ես այսօր հարբած եմ,
այսօր քեզ տատիկ կկոչեմ նույնիսկ ու կքաշեմ փեշիցդ…



Տեսնել Լուսինե Եղյանից այլ հրապարակումներ

3 comments:

  1. Թվումա տենց հատուկ բան չկա, բայց մենակ էս տողերը արդեն ամենինչ են
    սպանիր ինձ…
    ասում են, մի օր բոլորս էլ մեռնելու ենք.
    Ես էլ, դու էլ, հորս աղջիկն էլ…..
    շատ լավնա մի խոսքով

    ReplyDelete
  2. Սոնիա Թաշչյան4.8.12

    ապրես, անուշիկ Լուսինե ջան.
    գեղեցիկ բանաստեղծական պատկերներ ունես, բառապաշարդ հաճելի է, ճիշտ և հասկանալի է արտահայտումներդ: Հաջողություն քեզի: շատ կարդա, շատ գրի, սակայն հրապարակելուց ընտրիր լավագույնը:

    ReplyDelete
  3. Anonymous8.8.12

    Նելլ Սահակյան

    ԼՈւս շատ եմ ուրախանում քեզ համար.

    Երբ հարբած մոլախոտի պես կծնվեմ քո մեջ,
    կպատռեմ որովայնդ ու կցցեմ արմատներս
    քո ամբողջ մարմնի երկայնքով,
    երբ կանաչը էլ սիրելի գույն չի լինի
    ու նավապետը կհրամայի մեռնել,
    հիշի՛ր ինձ…

    շատ ես աճում Լուս, ծնվ. 1995թ-ավելի հասուն,
    քան քո տարիքը պստո...շատ ապրես

    ReplyDelete