Լուսինե Եղյան

(ծնվ. 1995թ.)

 ՊԱՏՌՎԱԾ ԼԵԶՎՈՎ ԱՂՋԻԿ

Չնայած մայրդ չտեսավ տեսիլներ,
բայց ընտրեց ամենագեղեցիկ հայրիկը քեզ համար.
այդպես էլ չօծեց քո ամենաթերի երազը,

հատակից մաքրեց տագնապի փոշին,
շրջազգեստի տակից դուրս շպրտեց քեզ,
գիշերը սպասեց քո մանկական լացին,
բայց դու կարողացար միայն շարժել շուրթերդ,
ու արցունքներդ հավաքեցիր բիբերիդ մեջ` մինչև մահ…

աշունը քո բոլոր բառերը հավաքեց իր ուսապարկի մեջ,
ու առավոտյան վրաերթի ենթարկվեց անծանոթ մեկի հայացքից,
ձայնդ թանձրացավ կոկորդումդ,
ու ես չկարողացա քեզ համար ձայն նկարել,
չնայած որ հավատում էի, որ արվեստը կատարյալ է…

պատռված լեզվով աղջիկ,
դու քո ձեռքերով թիավարում ես նավակդ,
հայելուն պատմում, որ դու հաղթահարել ես Բերմունդյան եռանկյունին,
ու տիերեզերք իրականում սկիզբ չունի. Այնշտայնը սխալվել էր,
ու քո կյանքը ավելին է, քան ուղղակի ներկայություն…

արևին սպասող աղջիկ,
ինչքան գեղեցիկ է աշունը քո նյարդային շարժումներում,
ու ինչքան հմուտ քանդակագործ էր մայրդ, որ կարողացավ արարել քեզ…

իմ պատռված լեզվով աղջիկ,
ես չկարողացա քեզ համար ձայն նկարել,
մեղքերից փախչելով` ես կորցրեցի իմ բոլոր վրձինները
ու հիմա չստացված կտավի պես եմ նայում տիեզերքին,
ու շուտով էլ ինչ-որ կենասաբանական ցնցումից իմ մարմինը կմեռնի,
ու ես չգիտեմ՝ քեզ արդյոք պետք են տագնապի ցավից դողդղացող իմ ձայնը…

գրողը տանի, եթե ես կարողանայի ձայն նկարել….





Տեսնել Լուսինե Եղյանից այլ հրապարակումներ

No comments:

Post a Comment