*
Վաճառված օր,
Վաճառված կյանք,
Վաճառված դիպուկահար,
որքան շատ բան հասցրեցիր վաճառել, դեռ կեսօր էլ չկա …
երբ մենք քայլում էինք թանաքոտ խավարի վրայով,
ու տիեզերքն իր բառախեղդ տողերն էր թափում մեզ վրա,
երբ ագռավները մրսում էին մեր բառերի սակավությունից,
իսկ սանդուղքներին երկարավիզ առնետներ էին նստածէ
պատրաստ հոշոտելու մեր սակավամիտ լեզուները,
դու ժպտում էիր…
դու ժպտում էիր…
իսկ թարթիչներիդ վրա ծնված բահով մարդը,
փնտրում էր աչքերումս այն ուռուցիկ սենյակը,
որտեղ ինչ-որ մի կին թեյ է պատրաստում,
ու ընթացքում գոռում ամուսնու վրա, թե շաքարավազ չկա…
դու ժպտում էիր.
Ես կծկվում էի…. Շաքարավազ չկար…
Երբ մենք չունեինք հեծանիվ ու քշում էինք սեփական ոտքերը,
սռաստաղը երկնքի էր նման, իսկ ես վախենում էի մեռնելուց,
վախենում էի դեղատներից, լիալուսնից, Մոցարտից, սպիտակից,
դու բռնում էիր ձեռքս,
իսկ ես վազում էի հերթական անգամ սպանվելու…
վաճառված կյանք,
վաճառված ձեռք,
վաճառված ընդիմադիր.
Որքան շատ բան հասցրեցի գնել, դեռ առավոտ էլ չկա…
Երբ մենք կքայլենք մարգագետնի վրայով,
ես թիկնեղ ծաղիկներ կունենամ, դու` ոչինչ,
ես վախեր կունենամ, դու` բժիշկ,
ես գնորդը կլինեմ իմ վերջին պսակի…
մենք երկուսով կքայլենք…կքայլենք…
մենք ազատ ենք, մենք արդեն վաճառված ենք գոռալով…
*
Թռչունը իջավ երկնքից ու չհասցրեց բացել օդապարիկը,
Քամին տիրանալով նրա մարմնին`
եղունգները խրեց աչքերի մեջ,
սևամորթ կատվի պոչը փաթաթվեց նրա կրծքավանդակին,
ու գիշերային որդերը օրորեցին մարմինը,
թռչունը պայթեցրեց իր մեջ մարդուն…
ու մեռավ առանց օդապարիկի…
առաջինը ինքնասպան եղավ հուդան` բարձունքում,
երկրորդը` ես` ինձանից մի քանի քայլ հեռու կանգնած սենյակում,
երրորդը որդիս կլինի. նա կսպանի իրեն նկուղում,
ու երկնային թռչունը իր թևերի լայնքով կտարածի մեր ցավը…
հողը կչորանա, Շամիրամը կմեռնի,
ու ծաղկից դուրս եկած մարդուկը կմերկանա արքա լինելու
ու բոլորին ապրեցնելու համար…
կապրեն բոլորը, իհարկե, կապրեն`
երազելով արևից տաքացող քարին իրենց անունը կարդալու,
իրենց տանջանքը նվագող շեփորահարին չպաշտելու,
ու բոլոր երկար միջանցքները վառելու մասին…
կերազեն, ուղղակի կերազեն…
իսկ մենք կգլորվենք հաճույքի հորձանուտը,
հանդեսը կվերջացնենք, ու մարդիկ,
որ երեկ թվում էր մարդիկ են, այսօր մատնացույց կանեն մեզ,
ու կհրճվեն մեր թուլության վրա…
առաջինը ինքնասպան եղավ Հուդան, երկրորդը` ես, երրորդը` որդիս,
սա անվերջ նվազող պրոգրեսիա է, որտեղ վերջը արյունն է, արյունը…
թռչունը բացեց թևերը ու հասկացավ, որ ներքևի անդունդը կարմիր աչքեր ունի,
որ պատրաստ է ընդունել է իր մահը,
իսկ հոգին, հոգին անմահ է,
թռչունը դեռ կա….
*
Պատուհան, որը բացում է ինքնասպանության փախչող ստվերը,
ոտքերը ձգելով դեպի հավերժության երգ,
կոտրտված ձեռքերով բռնում է կոկորդիցդ
ու արհեստական ձայնով գոռում`
դու հրվանդ ես…
-դու շուտով կմեռնես,- կակազում է չոգևորված ամբոխը,
ու նրանց հրաշքներ քարոզող բերանները վառվում են անլրջության մեջ,
աղոթքները նորաստեղծ ողբի են վերածվում,
ու ռոքը դանդաղում է սկսվող արշալույսի հետ միասին,
վառված արևների մոխիրը սևացնում է ատամներդ,
դառը լուսինը կոշտանում է վերջին մառախուղից,
իրականության զարթուցիչը քնեցնում է քեզ հավերժ,
որ դու չհասցնես տեսնել Մեսիայի գալուստը,
-դու հիվանդ ես, դու հիվանդ ես, դու մեռնում ես,-
գոռում են բոլոր ինքնասիրահարված աղավնիները
ու քեզ մեխում իրականության թովիչ դագաղի մեջ,
որտեղից մի քանի ձեռք ես երկինք ուղարկում,
ու արյան լավան ժայթքում է՝ սպանելով քեզ,
սպանելով այն խաղը, որտեղ դու ավագ ես,
իսկ գնդակը միշտ ցանցում է,
դու հիվանդ ես, դու շուտով կմեռնես.
անառակ որդին այս անգամ տուն չվերադարձավ,
անառակ որդին այս անգամ մնաք բարով չասաց,
նա պարզապես գնաց,
նա պարզապես մեռավ…
Տեսնել Լուսինե Եղյանից այլ հրապարակումներ
Լեզուն լավն էր, շատ հավանեցի՝ սիրուն նկարագրություններով, գեղեցիկ երևակայություններով... բայց էսքան ինքնասպանական մտորումները ինձ վախեցնելու աստիճոն վանում են
ReplyDelete