Արամ Մամիկոնյան

(ծնվ. 1991թ.)
լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

·

ցավը միայն մի փայտփորիկ էր՝ քունքին թառած,
մամ, ձեռքերս պոկվել են,
պապ, հեռու ես,
և մենք այնքան պոետ չենք,
որ պառկենք օվկիանոսի հատակին ու ծխախոտ կպցնենք,
մինչև մամուռը գա ու լցվի մեր բերանները

նորից մի հարբած, ծանրաշարժ երկուշաբթի դուրս կհանեմ սենյակից,
դուռը շրխկոցով կփակեմ հետևից,
կպառկեմ անկողնու վրա ու երկու մատով
կգնդակահարեմ բոլոր բառերը օդի մեջ կանգնած,
որ պատեր են կառուցում իմ ու ձեր միջև,
ու մենք ստպված տարբեր
սենյակներ,
քաղաքներ,
ժամեր
ենք ընտրում իրարից գաղտնի մեռնելու համար
o՜, սպանություն, ամենալավ գիրք,
ես կարդում եմ քեզ, հետո երևանը, հետո քեզ
առանց գրողի տարած սենտիմենտի,
ու լեզվիս վրա, ինչպես ծաղիկ, բացվում է հավերժությունը,
անգամ, երբ քնած եմ, երբ հեռանում եմ,
երբ անձրևոտ օրը մայթին կանգնած տաքսի եմ բռնում,
երբ մտածում եմ ծերության մասին,
չնայած այդ մասին չէ, որ հիմա կուզեի գրել
և, օ՜, նախանձ, իմ չարաճճի աղջնակ,
քանդիր ձեռքերս ու ոտքերս, աչքերս ջնջիր սև գրիչով,
իզալենթով բերանս փակիր,
երբ այլանդակված ու քծնված եմ բառերի կողմից
գիրկդ եմ գալիս, ինչպես ուրիշից խլած ուրախություն,
խաղա ինձ հետ, դեն նետիր
որովհետև տանիքների վրա քայլող տղաներին խղճացի,
նրանց չգտածը ավելին էր, քան մարմինը՝ միս, ոսկոր ու փող,
շաբաթօրյակ հայտարարեք ձեր սրտերում, տղերք,
կերակրեք ձկներին, դասավորեք գրադարանը, մաքրեք հիշողությունը,
ոնց որ սեպտերմբերի քամին է մաքրում գլուխները գլխարկներից,
քշում-տանում վաղը, բարևները, թռչնին,
ու վերարկուների տակ աճող կակտուսներ ենք դառնում
կարճատև ուրախություն, երբ անջատված է տեսախցիկը, բանաստեղծության,
ուզում եմ ապրել կադրից դուրս, ընկնել, ձախողվել, չիրականացնել երազնաքներս,
ուզում եմ չիմանալ հետոն, չներել, հեռանալ, ապրել
մի ուրվական՝ պատուհանի անկjունից թաքուն հետևող,
մի տղա՝ մայթին կանգնած տաքսի բռնելիս,
մամ, ձեռքերս պոկվել են,
պապ, հեռու ես

ՀԱՇԻՇ
երկրագունդը կանիբալների քաղաք է,
այստեղ չկան բնորդուհիներ բանաստեղծության համար,
ձեռքով մի կողմ հրիր
ծխի ամպը սենյակիդ մեջից,
ու ձանձրույթը մոլախոտի պես կաճի մարմնիդ

կարո՞ղ ես առանց ավելորդությունների ապրել ու մեռնել,
կրկին, նորից ու ևս մի անգամ, րոպեն մեկ ծխելու պես,
ուրեմն հանգիստ ծնվիր քո ծննդյան օրը

իսկ երբ վախի շեղբը սահում է մարմնիդ մեջտեղով,
ու կիսած անձրևաորդի պես անկողնու վրա
տակնուվրա ես անում հերթական անքնությունդ,
ինչ-որ մեկը կարող է կարծել,
որ դու ու տիկին Կարոտը
գուցե սիրով եք զբաղվում այս գիշեր

մինչդեռ տիկին Կարոտը իսկական վհուկ է,
ինձ վրա է շպրտում կոպերով սեղմած ու չզսպած կաթիլները,
որ նետած արկերի պես պայթում են ոտքերիս տակ
ու ցրվում կենսագրության փոշին սենյակն ի վեր

սկսում են ցնցվել սենյակի պատերը՝
ջարդուփշուր անելով
բաժակը, զարթուցիչը, ձայնասկավառակներն ու գրքերը,
ամենն, ինչ ընկնում է ձեռքիս տակ,
հիմա իրոք կարող են մտածել,
թե այս ինչ կրքոտ գիշեր ենք անում

մինչդեռ մանկությունն իմ վերջին հեռադիտակն էր,
որով կարելի էր երկրից աստծուն տեսնել,
իսկ ես մեր պատերազմներից մեկի ժամանակ
մոռացա այն չափահասության պարանոցից կախ

տիկին Կարոտը մի լավ հռհռում է վրաս,
մեջքս է ճանկռել,
վիզս՝ կապտացրել,
կծել վերևի շրթունքը

ի՞նչ կմտածեն տեսնողները,
երբ վաղն առավոտյան մեր շենքի դիմաց
ոստիկանության ու շտապօգնության մեքենաներ կհավաքվեն,
ու պոեզիան էլ անպայման կգա,
առանց ավելորդ աճապարանքի
մատը կդնի քներակիս վրա
ու կասի,
որ էլ չկամ

ՍԻՐՈՒՀՈՒՍ՝ ԷՆՆ ՍԵՔՍՏՈՆԻՆ
գիշերներով վերմակի տակ
պոեզիայի հետ ես բամբասում եմ կյանքի մասին,
որովհետև իմ քաղաքում օվկիանոս չկա,
որ պպզեմ ափին ու քարեր նետեմ ջրի մեջ,
սովորական քաղաք,
ուր մարդիկ առավոտյան սուրճ են պատրաստում
ու մեռնում պատահական ավտովթարներից,
իսկ սարսափելին այն է,
որ այս ամենի մեջ հիմարության նշույլ անգամ չկա

կուզեի գրել, որ փետրվարը ափի պես ձգվում է երկար,
որ ճայեր են ճախրում գլխիս վրայով
ու ալիքներն են անհամբեր,
ինչպես ամենասիրուն բանստեղծությունների մեջ է լինում,
մինչդեռ քայլեցի փետրվարի ամբողջ երկարությունը,
ու ոչ մի ճայ իր ռունգերից ազատության մասին կռնչոց չնետեց
չոր տուֆերի արանքում դղրդացող օդի մեջ

ասում եմ պոեզիային, որ ուզում եմ դու ինձ սպանես,
ոչ թե ավտոմեքենաները, ծխախոտը, ալկոհոլը կամ կանայք,
իսկ նա անկապ բառեր է ասում՝
դատարկություն, սարսափ, դեղեր, կարմիր,
կրակոց, մահ, դեղեր, ժպիտ,
որ միայն հետո են փուլ գալիս գլխիս

ասում եմ՝ սեր իմ, հեչ էլ տարօրինակ չի,
տարօրինակը էլեկտրասրտագրի կանգին սպասելն է,
ու նորից գլխով անհամաձայնության նշան է անում,
ձեռքս դնում եմ կզակի տակ ու բութ մատով մաքրում
չարաճճի ժպիտը,
որ մնացել էր շուրթերի արանքում,
կախում է գլուխը,
երևի ամաչեց

սեր իմ, իրոք որ օվկիանոս չկա,
ու ես թպրտում եմ ափ ցատկած ձկան պես,
մի կողմ նետիր էս վերմակը գլխներիս վրայից,
վերջ տուր էս հիմար խաղին,
վեր կաց
գնում ենք ավտոտնակ
փրկվելու 

·

Էսօր ուզում եմ փորձնական մի քիչ մեռնել,
որ մահը նստի կողքիս, թաթերը խրի մարմնիս մեջ
ու ճոճի հոգիս հիշողության պատերի միջև,
գիշերը կարող է հրել ու գցել ինձ անկողնուց,
որ տարածվելու համար բանականչափ տեղ լինի

գրքի պես կընկնեմ մահճակալի տակ ու կփակվեմ,
չեմ շրջի քաղաքներով. քաղաքները նախանձ են,
բոլորը միայն հմայում են, որ բանաստեղծություն գրես իրենց մասին,
չեն մտածում, որ էսօր ժամանակ չունես,
որ ուրախություններդ ընկնում են մեքենաների տակ,
իսկ խուլ գետնանցումներից մեկում
մենությունը դանակը բկիդ կարող է դնել

ինչ-որ մեկը հետևից անվերադարձ դուռն է փակում,
մյուսը՝ դագաղի կափարիչը,
մահը հրաժեշտի մեջ է,
մի հսկա մկրատ, որ կտրել է բոլոր կապերը
քաղաքի պատուհանների միջև,
ու մարդիկ ստիպված չափից շատ վարագույրներ են գնում

Ձերդ գերազանցություն հարգելի Մահ,
ինձ մի քիչ ցինիկություն է պետք աչքերիդ մեջ նայելու համար,
մեջք մեջքի քնող կանանց ու տղամարդկանց քաղաքում
ես սկսել եմ ավելի շատ Ձեզ հետ զրուցել,
կամ մենակության, կամ կարոտի,
անգամ վրաերթից փրկված հատուկենտ ուրախություններիս հետ,
քան սովորական մարդկանց,
որ ինձ պես երկու աչք ունեն, քիթ ու բերան,
իսկ դա արտասվելու չափ սարսափելի է, գիտեք

ուզում եմ մեկը գա ու վերցնի ինձ անկողնու տակից,
բացի անմխիթար էջերս,
ու անքուն գիշերներ անցկացնենք իրար հետ,
կարդացածներս հրդեհվող անկողիններով քաղաքների մասին լինի,
ու բաց պատուհանների, սրտի խոռոչների,
ու խելագարության,
անպայման ու անսահման խելագարության մասին,
իսկ սովորածը՝ բավականաչափ, մեկ ուրիշի կյանք գրելու համար


Տեսնել այլ հղումներ Արամ Մամիկոնյանից՝


1 comment:

  1. ինչ-որ մեկը հետևից անվերադարձ դուռն է փակում,
    մյուսը՝ դագաղի կափարիչը,
    մահը հրաժեշտի մեջ է,
    մի հսկա մկրատ, որ կտրել է բոլոր կապերը
    քաղաքի պատուհանների միջև,
    ու մարդիկ ստիպված չափից շատ վարագույրներ են գնում

    ReplyDelete