ՕԶԸՄ ԸՄ
Օզըմ ըմ ես քեզ օզում ըմ
ծերքերդ
պերանդ
մազերդ
իմ ղաշանգ
իմ սորուն
իմ ջնավեր
իմ նախշուտ
ես քեզ օզում ըմ
խետդ կյամ
տքցրու
պիցրցրու
քշցրու
ես քունն ինիմ
տու իմը
մի շեն մի տոն մի ես մի տու
ծերքերս
պերանս
մազերս
քո նախշուտ
քո ղաշանք
ես քո կխտարն ըմ
ես քո հայաթի ծաղեգ կավն ըմ
ես քու նախշուտ արազն ըմ
ես քունն ըմ
տու իմն ըս
աման
աման
ես քեզ խե ստի օզում ըմ
ՍՏԻ ՍԵՐ
եր կացեր քեցեր
մին հաջողն հինչ ա
վեր ըսեցեր վեչ
մին պաչիլն հինչ ա
վեր պըչեցեր վեչ
կոռներտ կոտրին վեչ
կյուլերը տանին վեչ
վեչ խաբար
վեչ մին սաս
քիզանա սկանում չըմ
եր կացեր ու քեցեր
կվերս սարերում
հոլերում կյումերում
ես մինակ մնացե
եր կացեր ու քեցեր
մին հաջողն հինչ ա վեր
մին պաչիլն հինչ ա վեր
տի սըխ հըմըչեցեր
թուրունը էրալ ըմ
պուլերս ըրալ ըմ
կրակեն մաչեն
էրվալ խրավվալ ըմ
տոնս պրանալ ըմ
ԻՄ ՍԼԿՀԱՆ ՍԱՐԸ
տուրուր ա կյամ վեր ինգյում
տուրուր ա կյամ վեր ինգյում
ես քու կոնդը մոշիմ հա
թուրնեն կլխեն քինի տըս չոփ կա տիրած
նուրաաա նուուուրրաաաա
ծեր դանան եկալ ա
գիրո վեր քինիս քաղաք մըզ հետե կարիս ալեր պիրիս մին մեշուկ
ղուրուղեն դուզեն տավարը հուրն ա
վեր ծեր խոզերը նի տըռնան մեր հայաթ յիրա ըմ ընան վեր քցիմ
շոռ կյալը էդ քըրքարուտ շենին մաչան տալավն ըմ սըվերալ
ես խոսիլը մեր շենումն ըմ սըվերալ
իմ ղաշանգ խոխա
էդ խե նի ըս մըտալ փիչին քամակը
տու կիճի կատու ըս
ես վեր սեքսը հինչա մեր կյառները սարը տընելավն ըմ սըվերալ
ես մեր սլկըհան սարեն քըրերավը պիցրացալ ըմ քըշացալ
ես պատերազմը հինչ ա մեր շենին սոգերավն ըմ սըվերալ
վեր ըմ ընգալ յեր ըմ կացալ
կյուղլուկանե ըմ խաղ ըրալ
կլխըկոնծի ըմ տըվալ
չուրաթան ըմ շինալ
խընեցե ըմ հարալ
թոխս ըմ տիրալ
ճոտ ըմ մըծըցրալ
ճինջեխ ըմ ածալ
ամեն ուրթանա սըլկըհան սարեն ասալ ըմ բարեվ
ա իմ սըլկըհան սար
կլխավ ա ըրալ
ասալ ա բարեվ անահիտ
էդ հիբի ըս եկալ
ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ՄԱՅՆԻ ՎՐԱ
անծանոթ քաղաքում
որի նորեկ բնակիչն եմ ես
միայնության ամենակուլ հարձակումից
պատուհանից ներս թափվող լույսը չի պաշտպանում
այստեղ էդ լույսը շատ հազվադեպ է հատկապես ձմռան խուլ ամիսներին
այստեղ դու ավելի մենակ ես քան հնարավոր է
ինքդ քեզ այդքան մոտ լինելուց վախեցած
ես եմ ու անծանոթ քաղաքը
ով ինձ կամաց-կամաց իր գիրկն է առնում
ոչ այնքան գորովագութ մոր
ոչ այնքան մերժող
ոչ այնքան կարեկցող կամ ընկերական
իր գիրկն է առնում հենց այնպես
արտասովոր համերաշխությամբ
իր հզոր ձեռքերով
գրկում մեջքս`
արի պարենք
ասում է վավաշոտ աչքերը վրաս սևեռելով
իսկ երկիրս հեռվում մնաց
իր ներսում վառվող կրակները ուրիշների համար են
իսկ երկիրս անտեր մնաց
իր ներսում մարող կրակները ինձ համար չեն
երգս
պանդխտության մասին չի
ես պանդուխտ հոր զավակ եմ
չորսից մեկը
որ մորս հուսահատ հովանու ներքո մեծացանք
մերս չէր ուզում որդիք պանդուխտ դառնան
դարձանք
կալինինգրադ
ֆրանֆուրտ մայնի վրա
երկու դեպքում էլ բավական պոետիկ է հնչում
ֆրանկֆուրտ մայնի վրա
ու չորս
զեկբախեր լանդշտրասե
բորնհայմ
չորս ժամ գնացքային հեռավորություն երազների քաղաք փարիզից ու շագայից
չորս ու կես ժամ գնացքային հեռավորություն առնական բեռլինից
ութ ժամ օդանավային հեռավորություն կրակների քաղաք երևանից...
ֆրանկֆուրտ մայնի վրա
երրորդ հարկի պատուհաններիս միջից շուտով կհայտնվի ձմեռ պապը
կատարինեին ու գրիգորին նվերներ բերելու
կատարինեն նրան հալլոու կասի
դե քանի որ ձմեռ պապն այսուհետ գերմանացի կլինի
անծանոթ քաղաքում
որի նորեկ բնակիչն եմ ես
միայնության ամենակուլ հարձակումից
պատուհանից ներս թափվող լույսը չի օգնում
այստեղ էդ լույսը շատ հազվադեպ է հատկապես ձմռան խուլ ամիսներին
այստեղ ես մենակ եմ ավելի քան հնարավոր է
ինքս ինձ այսքան մոտ լինելուց վախեցած
անծանոթ քաղաքում
աշնան տերևաթափին դիմանալը հեշտ չէ
ծառերի դեղինն անսովոր գեղեցկություն ունի
գետի սվվոցը
մոլեգնող գեղեցկությունը երեկոյան պերճալույս ժամերին
բազում երեխաների ճիչերը շքեղ կարուսելներից
բազում բազում եռանկյուն տանիքները
որոնց միջով ամեն օր անցնելիս փնտրում եմ ավելի վրա թռչող կախարդ տատին
որ ինձ տուն տանի
ԴԱՌՆԱՅԻ ՄԻ ՏԻՄՈՇԵՆԿՈ ԵՍ ԷԼ
ֆրանկֆուրտի երկսենյականոց բնակարանում
դեղին մեծ բիբարն ատամներիս տակ կրճտացնելով
նյարդերս ատամներս տակ կրճտացնելով
ատամներս ատամներիս տակ կրճտացնելով
թաբից թաբ եմ անցնում
լուրերը ատամներիս տակ կրճտացնելով
դառնայի մի տիմոշենկո ես էլ
տղաս քնած է խաղաղ
աղջիկս սովորում է գերմաներեն
աղջիկս խոսում է գերմաներեն
դեռ վտանգը չեմ զգում լեզուն մոռանալու
դեռ բոլորս տանը հայերեն ենք խոսում
բանտում
ճաղերի հետևում
էական չի
տանը
ճաղերի հետևում
էական չի
ֆրանկֆուրտում
ճաղերի հետևում
էական չի
երևանում ճաղերի հետևում
ախ դառնայի դառնայի ես էլ
մի տիմոշենկո
երկիր իմ նաիրի քեզ համար
այրվեի կրակներում ես էլ
երկիր իմ նաիրի քեզ համար
քանդեի գրերդ անհամար
բացեի թղթերդ քեզ կապող
բուժեի թևերդ վիրավոր
իմ անատամ
իմ ծեր
իմ անխնամ
իմ անշպար
իմ պառավիկ
իմ վիրավոր
երկիր իմ քեզ համար
դառնայի
ես էլ
Տեսնել Անահիտ Հայրապետյանից այլ հրապարակումներ՝
No comments:
Post a Comment