Թեմա: Ընտրություններ
Որքանո՞վ են գրողները հետաքրքրվում նախընտրական թոհուբոհով, եւ արդյո՞ք այն գտնում է արձագանք իրենց ստեղծագործությունների մեջ:
Այս եւ այլ հարցերին պատասխանում է երիտասարդ գրող Հասմիկ Սիմոնյանը:
Հասմիկ Սիմոնյանը բանաստեղծությունների երկու ժողովածուների հեղինակ է` «Լուսնոտ բառեր» և «Թափթված սենյակներ» : Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի «գրականություն» բնագավառում(2006թ.):
-Ոքանո՞վ ես հետաքրքրված նախընտրական ընթացքով:
- Ակտիվորեն հետևում եմ: Ընտրությունները աշխարհի լավագույն թատրոնն են, որտեղ դերասանները ոչ միայն խաղում են, երգում, պարում, արտասանում պաթետիկ և ոչ այնքան, սիրո կոչեր անում, կուրծք պատռում` ցույց տալու` ում սիրտն է ավելի մեծ և հետևաբար ավելի շատ ցավում, այլև վերջում ծաղիկներ են նվիրում հանդիսատեսին, տարատեսակ քաղցրավենիք ու գումար:
Այսօր, օրինակ, իմացա, որ յասամաններ են նվիրել իմ ընկերներից մեկին, նվիրողը ջահել աղջնակ էր, նվիրվողը` տարիքով տղամարդ: Հրաշալի է:
Ափսոս, որ ընտրությունները սրանով չեն սահմանափակվում և հինգ տարի շարունակ հանդիսատեսը վճարելու է, քերթելու է իր սեփական կաշին, որ փոխհատուցի:
Սովորաբար, երբ կաշին, ոսկորները, միսը վերջանում են, ու մնում է արյունը, սկսվում են նոր ընտրություններ:
-Ընտրությունները որքանո՞վ են արձագանք գտնում գրական ստեղծագործության մեջ:
Ընտրությունները ընթացիկ կյանքի մի մասն են, ու ինչպես որ գրվում են ստեղծագործություններ սիրո մասին, դավաճանության, այնպես էլ նվիրվում են տողեր ընտրություններին:
-Քո ստեղծագործություններում կա՞ն դրսևորումներ:
Իհարկե, կան: Մի շարք եմ սկսել, որի վերնագիրը չեմ ասի, մշակեմ, վերջացնեմ, կհրապարակեմ:
Վերջ ի վերջո, ընտրությունը տոն է, որը հինգ տարին մեկ մեզ հետ է: Ինչո՞ւ անտեսել:
Վերջ ի վերջո, ընտրությունը տոն է, որը հինգ տարին մեկ մեզ հետ է: Ինչո՞ւ անտեսել:
Արփինե Արզումանյան
mynews.am
ապրիլ 29, 2012թ.
ապրիլ 29, 2012թ.
No comments:
Post a Comment