ԱՅԺՄ ԵԿ ԻՄ ԳԻՐԿԸ
Վերցրեք թիթեռ բառը: Այս բառն օգտագործելու համար պարտադիր չէ ձեր ձայնի կշիռը նվազեցնել կամ զինել այն փոքրիկ, փոշոտ թևերով: Պարտադիր չէ արևոտ օր կամ նարգիզների դաշտ հորինել: Պարտադիր չէ լինել սիրահարված կամ լինել սիրահարված թիթեռներին: Թիթեռ բառը իրական թիթեռ չէ: Կա բառ և կա թիթեռ. եթե խառնեք այդ երկուսը, մարդիկ իրավունք կունենան ծիծաղել ձեզ վրա: Բառից այդքան մեծ բան մի սարքեք:
Դուք, ի՞նչ է, փորձում եք ենթադրել, որ սիրում եք թիթեռներին ավելին, քան որևէ այլ բանն, կամ իսկապես հասկանո՞ւմ եք իրենց բնույթը: Թիթեռ բառը պարզապես տեղեկություն է. դա հնարավորություն չէ ձեզ համար սավառնելու, ճախրելու, ծաղիկներին օգնելու, գեղեցկություն և քնքշություն խորհրդանշելու, կամ որևէ այլ կերպ մարմնավորելու թիթեռը: Մի՛ խաղացեք բառը: Երբեք մի՛ խաղացեք բառը: Երբեք մի՛ փորձեք ձեր ոտքերը պոկել հատակից, երբ խոսում եք թռչելու մասին: Երբեք մի՛ փակեք ձեր աչքերը և մի՛ խոնարհեք ձեր գլուխը, երբ խոսում եք մահվան մասին: Մի՛ ուղղեք ձեր վառվող աչքերը ինձ, երբ խոսում եք սիրո մասին: Եթե ցանկանում եք տպավորել ինձ, սիրո մասին խոսելիս պահեք ձեր ձեռքը գրպանում ու խաղացեք ինքներդ ձեզ հետ: Թե ամբիցիան և ծափահարությունների քաղցն են դրդում խոսել սիրո մասին, պետք է սովորեք՝ ինչպես անել դա առանց խայտառակելու ինքներդ ձեզ և նյութը:
Ի՞նչ էքսպրեսիա է պահանջում տարիքը: Տարիքը չի պահանջում էքսպրեսիա: Մենք տեսել ենք որբացած ասիացի մայրերի լուսանկարներ: Մեզ չի հետաքրքրում ձեր խարխափված օրգանների հոգեվարքը: Չկա այնպիսի դեմքի արտահայտություն, որ կհամապատասխանի այս պահի սարսափին: Անգամ մի փորձեք ցույց տալ դա: Դուք ընդամենը կարժանանաք արհամարհանքի նրանց կողմից, ովքեր խոր զգացմունքներ են ապրել: Մենք տեսել ենք խրոնիկա, ուր մարդիկ ծայրահեղ ցավ ու խզում են ապրում: Բոլորն էլ գիտեն, որ դուք լավ եք սնվում և ձեզ նույնիսկ վճարում են, որ կանգնեք այստեղ: Դուք խաղում եք մարդկանց համար, ովքեր աղետ են ապրել: Դա պետք է որ ձեզ հանգստացնի:
Արտասանեք խոսքերը, փոխանցեք տվյալները, մի կողմ քաշվեք: Բոլորն էլ գիտեն, որ դուք ցավի մեջ եք: Այն ամենը, ինչ գիտեք սիրո մասին, չեք կարող պատմել լսարանին ձեր արտասանած ամեն մի տողով: Քաշվեք մի կողմ, և նրանք կիմանան այն, ինչ գիտեք դուք, քանի որ դուք դա արդեն գիտեք: Նրանց սովորեցնելու որևէ բան դուք չունեք: Դուք ավելի գեղեցիկ չեք, քան նրանք: Դուք ավելի խելացի չեք: Մի գոռացեք նրանց վրա: Մի գործադրեք ուժ: Դա անհաջող ակտ է: Եթե ցույց եք տալիս սեռական օրգանների ուրվագծերը, ապա տվեք այն, ինչ խոստանում եք: Եվ հիշեք, որ իրականում մարդիկ անկողնում ակրոբատ չեն ցանկանում: Ի՞նչ է մեր ուզածը: Լինել մոտ բնական տղամարդուն, լինել մոտ բնական կնոջը: Մի ձևացրեք, թե դուք սիրված երգիչ եք հսկայաքանակ հավատարիմ ունկնդիրներով, ովքեր հետևել են ձեր կյանքի ելևէջներին մինչ այս պահը: Ռումբերը, ռազմական տեխնիկան և ամբողջ այդ աղբը ավերեցին ավելին, քան պարզապես ծառեր և գյուղեր: Դրանք ավերեցին նաև բեմը: Դուք կարծո՞ւմ էիք՝ ձեր մասնագիտությունը կարող էր խուսափել ընդհանուր ոչնչացումից: Չկա այլևս բեմ: Չկան բեմի լույսեր: Դուք մարդկանց մեջ եք: Ուրեմն եղեք համեստ: Արտասանեք խոսքերը, փոխանցեք տվյալները, մի կողմ քաշվեք: Եղեք ինքներդ ձեզ հետ: Եղեք ձեր սեփական սենյակում: Դուրս մի՛ եկեք ձեր միջից:
Դա ներքին բնապատկեր է: Այն ներսում է: Այն մասնավոր է: Հարգեք նյութի գաղտնիքը: Այս գործերը գրվել են լռության մեջ: Խաղալու քաջությունը դրանք արտասանելն է: Խաղալու կարգը դրանք չխախտելն է: Թող հանդիսատեսը զգա ձեր սերը գաղտնիության հանդեպ, նույնիսկ եթե չկա գաղտնիք: Եղեք լավ մարմնավաճառ: Բանաստեղծությունը կարգախոս չէ: Այն չի կարող գովազդել ձեզ: Այն չի կարող նպաստել ձեր հեղինակությանը, չի կարող ձեզ ավելի զգայուն ներկայացնել: Դուք կոճակ չեք: Դուք մարդասպան չեք: Այս ամբողջ թափոնը գանգստերների ու սիրո մասին է: Դուք կարգապահության ուսանող եք: Մի խաղացեք բառերը. բառերը մեռնում են, երբ նրանց խաղում են, դրանք այրվում են, և մնում է ոչ ավելին, քան ձեր ամբիցիան:
Արտասանեք բառերն այնպիսի ճշգրտությամբ, որով դուք կստուգեին լվացքի ցուցակը: Մի՛ հուզվեք զարդարված բլուզի պատճառով: Վարտիք բառն արտասանելուց մի գրգռվեք: Մի՛ դողացեք սրբիչի մասին մտածելուց: Սավանը չպետք է հրահրի ձեր աչքերի երազկոտ հայացքը: Թաշկինակի մեջ արտասվելու կարիքը չկա: Գուլպաները ձեզ տարօրինակ և հեռավոր ճանապարհորդություն հիշեցնելու համար չեն: Դա ընդամենը ձեր լվացքն է: դա ուղղակի ձեր հագուստն է: Ծածուկ մի՛ նայեք դրանց միջով: Պարզապես կրեք դրանք:
Բանաստեղծությունը ոչ այլ բան է, քան տեղեկություն: Դա ներքին երկրի սահմանադրությունն է: Եթե դուք արտասանում և ուռճացնում եք այն ազնիվ մտադրություններով, ապա դուք ավելի լավը չեք այն քաղաքական գործիչներից, ում դուք արհամարհում եք: Դուք ընդամենը մեկն եք, ով թափահարում է դրոշը և կոչ անում էժանագին հայրենասիրություն: Բառերի մասին մտածեք որպես գիտություն, այլ ոչ թե որպես արվեստ: Դրանք զեկույց են: Դուք խոսում եք նախքան հետազոտողների ակումբում NGS-ի հետ հանդիպելը: Այդ մարդիկ գիտեն լեռնագնացության բոլոր վտանգները: Նրանք պատիվ են անում ձեզ՝ ընդունելով դա՝ որպես սովորական մի բան: Եթե դուք հիշեցնում եք նրանց այդ մասին, ապա դա վիրավորում է նրանց հյուրընկալությունը: Պատմեք նրանց լեռան բարձրության մասին, սարքավորումների մասին, որոնք օգտագործել եք, հատուկ դեր հատկացրեք մակերեսներին և ժամանակին, որն անհրաժեշտ էր այն չափելու համար: Մի՛ աշխատեք հանդիսատեսի հոգոցների ու հևոցների համար: Եթե դուք արժանանաք հոգոցների կամ հևոցների, դա կլինի ոչ թե ձեր միջոցառման գնահատականը, այլ՝ նրանց: Դա կլինի վիճակագրության մեջ, և ոչ թե ձեր ձայնի դողը կամ ձեր ձեռքի թափահարումները: Տվյալ դեպքում կմնա դա, և կմնա ձևակերպումը ձեր խաղաղ ներկայության:
Խուսափեք ծաղկեցնելուց: Մի՛ վախեցեք լինել թույլ: Մի՛ ամաչեք հոգնած լինելուց: Դուք լավ տեսք ունեք, երբ հոգնած եք: Թվում է, թե դուք կարող եք շարունակել անվերջ:
Այժմ եկ իմ գիրկը: Դու իմ գեղեցկության կերպարն ես:
Անգլերենից թարգմանեց ԴԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ
No comments:
Post a Comment