Նարե Հովհաննիսյան


(ծնվ. 1983թ.)


*
Եվ բրնձի դաշտերը տոթ,
արևելքը՝ տարրալուծված ճերմակ դաշտին,
և որկրամոլ կարոտանքը բանվորների,
և հունձքի մեջ՝ կծկումները վարժ ձեռքերի,
և բրնձից՝ տաք գոլորշին,
և տոթի մեջ՝ վաղը, վաղը…
և ժպիտը՝ դաշտից ձգված,
գոհացումի պարպումները՝ աչքերի մեջ հայելային…

Մայրամուտը ճերմակել է՝ սեղանն ի վեր,
և լքում է օրը նրանց,
առաստաղին՝ մանրակազմիկ դեմքը Աստծո…

ԻՄ ՄԵԾ ԿԻՐԱԿԻՆ

*
Ես հավատում եմ
քո տաք շուրթերի
կորագծերի
բոլոր ձևերին
և ծխախոտիդ
թեթև ամպերին,
որոնք դրախտի
ամպերի նման
ննջասենյակիս
մերկ առաստաղին
անմահությունն են
դանդաղ նկարում։

...Դարձի եկ քիչ-քիչ,

քո տաք մատների
ծանոթ ձևը տուր,
և թող սրբանա
ցավը կողերիս։

Ես հավատում եմ
սիրուդ հետքերի
քարավանների
սուտ հրաշքներին.

դարձի եկ քիչ-քիչ...

*
Կորստի ցավը
հոմանիշ չունի,
ոչ էլ հականիշ:

Դու հեռացել ես,
և կողերիս մեջ
քեզ խաբված էգն է
մտրակահարում
աջ ու ձախ, աջ, ձախ-
դատարկ կողերիս
չոր ավազանում
դժոխք եմ կրում:

Սիրելու կորած
հետքերդ արդեն
վերքեր են բացել
կրքավայրերում-
դու ենթարկվել ես
կրած դժոխքիս 
փորձություններին-

քեզ երեք անգամ
պիտի վկայի 
ցավը կողերիս:

-Հարության օրդ
մոտ է, սիրելիս:

*
Կիսալուսնի պես` ես գիտեմ
կեսիս գոյության մասին,
և լիանալու ողջ ծիսակարգով
քեզ եմ գալիս, սեր,… առանց հանդերձի:

Մեղքի հրաշքը քո մերկության մեջ
աղոթքով պահված նորածնի համն է:

Ես գտել եմ այն
և քեզ պաշտում եմ
իմ բնազդների համագումարով:

Հոգիդ դրախտի կարճ սղագիրն է,
որը բուժում է ցավը վերքերիս-
քո շոյանքներում
ես վերանում եմ ցավի տագնապից
և քեզ պաշտում եմ
ինձ հայտնի, անհայտ
բոլոր ցավերիս հայտարարներով:

*
Եվ երրորդ օրը հարություն կառնեմ
ես դիմափոշու դատարկ պնակից`
որպես ուրվական-անսեռ հրեշտակ:

Իմ դիմափոշին փակում է
դեմքիս բացված վերքերը-
ես նախորդ կյանքում բորոտ եմ եղել:

Հուդան արծաթով խաչը արնոտեց,
իսկ ես իմ դեմքի վերքերն եմ փակում,
բուժվել չեմ ուզում,
դատարկ պնակից
հարություն առնելն
ավելի հեշտ է:

Աստծուն կարող ես որոնել
անգամ… գորտի կմախքում,
դիմափոշու մեջ ես գտա նրան:

Հառնելուց հետո
ամեն երրորդ օր անսեռ եմ, Աստված:

ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱԱՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿ

*
անմեղությունս
թեթև շիկնել է կողերիս մահճում...

մինչ երկինք հասնող 
քաղցրություն են պեղում ձեռքերդ
իմ տարածքում...

ես ատում եմ
բոլոր սլաքները ....ժամացույցների...

ինչո՞ւ է աչքերիդ հարցականը
կախվել իմ կրծքից...

երբ օրը մթնում է 
սենյակս լուսավորվում է 
քո սև բիբերի փայլով
և ես ունենում եմ երկու ջահ...

բաց լանջիդ թիթեռները
փափուկ սահքով իջնում են ազդրերիս...

ես երջանիկ եմ համարվում
երբ անմեղությունս բողոքում է 
և ուժ փնտրում...

դու ուժեղ ես...

մի թող արտասվեմ...

*
մարմինս բերրի է
և հասած մաշկիս վրա
համ է առել նուռը...

հիացած աչքերիդ պտուղը
կախվել է մարմնիս փեշերից...

երբ սոված լինես
կուտես այն
որ նորից հիանաս...

ես խենթանում եմ
երբ հայացքիդ հակինթները
շարան են դառնում
հասած մաշկիս վրա
և նռան գույն առնում ...ամաչելով...

երբ սկսում ես չհիանալ ինձնով
շնչառությունդ քիչ-քիչ նեղվում է 
և ես խենթանում եմ
երբ մարմինս պատում է 
ինձ լքելու տագնապը...

հրա՞շք է չէ ...չսերը
երբ գալիս է անժամանակ
և քեզ ցույց տալիս
թե ինչպես են քայլում լքվածները...

ես ուզում եմ նորից քայլել այդպես
լքվածների նման

տագնապներս ետ բեր...

մարմինս բերրի է
և անհամբեր են իմ թիթեռները...

հրաշք է չէ ՞... 

*
երբ սիրելիդ կողքիդ է
դառնում ես երկրորդ օրհնություն...

ինձ հասու են 
բոլոր օրհնությունների ձայները
երբ գիտեմ
որ երկրագնդի
ինձ շատ մոտ կետում 
ապրում է սիրելիս
որից խնկի բույր եմ առնում
առավոտյան լոգանքից հետո...

լոգանքից հետո
նա նման է անփորձ պատանու
որին թողել են սիրելու կեսին...

խեղճ իմ

ես երեք անգամ
քո գրկից կաթնահամ եմ առել

և դու գիտես
մաշկիս թացության մասին...

և գիտես
որ ապրում ես երկրագնդի
ինձ շատ մոտիկ կետում...


No comments:

Post a Comment