ԱՅԼ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՌԵՐԻ ՄԻՋԵՎ
ՊՈԵԶԻԱՆ փողոցը չէ,
այլ փողոցով անցնող
մարդը միայնակ,
ձեռքերը գրպաներում,
պոեզիան ծառը չէ,
այլ թռչունը` ծառի
ճյուղերում ապրող,
պոեզիան դեմքը չէ,
այլ դեմքի վրայով
ստվերը սահող,
պոեզիան երկինքը չէ,
այլ ամպը` երկնքում,
պոեզիան բառը չէ,
այլ լռությունը
բառերի միջև,
կապը անծանոթ
երկու անցորդների,
որ գուցե այլևս
չեն տեսնի իրար:
1991թ.
ՍԵՐ- 1987
ԱՅԼԵՎՍ ոչ ոք
չի կարող ասել – «ես Նա եմ...»:
Այլևս ոչ ոք
չի հարցնի – «ես որտե՞ղ եմ...»:
Քանի որ այստեղ է Նա,
և ամեն ցանկապատ հանված է մեր միջև:
1987թ.
ՍԱ ՔՈ ԵՐԵԿՈՆ Է
ՍԱ քո երեկոն է, բայց նրանը չես դու:
Նրբացած ջղերով լապտերները դողում են
քո ոտքերի տակ:
Դու անցնում ես
հիվանդության պես դեղին գույների միջով:
Հեռավոր խշշոցը աստղերի
հասնում է մինչև ծառերի կատարները,
ծառերը լողում են ինքնախաբեության
նույն տեսիլքի մեջ:
Սա քո ապաշխարանքն է,
սա քո՛նն է,
հագի՛ր:
ԵՐԵԽԱՆԵՐԸ
ԵՐԵԽԱՆԵՐԸ պայուսակներ ունեն,
երեխաները խարտյաշ մազեր ունեն,
երեխաները ինչ-որ բան գիտեն
մեծերի մասին,
երեխաները խոսքերով չեն խաբվում,
երեխաները բռնում են իրար ձեռքեր,
նրանք երգում են
և սպասում:
1967թ.
ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ
ԵՍ հիշում եմ, հիշում,
հիշում եմ մի դեմք ապակու դեմ կանգնած,
հիշում եմ մի փողոց երկար, երկար,
և հետո հիշում եմ,
իմ անունն եմ հիշում,
որը հագել եմ չմրսելու համար:
1969թ.
*
ԻՄ ձեռքը խաղում է քո մազերի հետ:
Սենյակում մարդ չկա:
Բայց պատուհանից նայում է խաղաղ
ամռան մի կեսօր:
Իմ ձեռքը խաղում է քո մազերի հետ:
Սենյակում ես չկամ
և սենյակ չկա:
Բայց ձեռքս խաղում է քո մազերի հետ:
Չկան քո մազերը – (և ո՞ւր է ձեռքս):
Չկա տարածություն: Ամռան մի կեսօր –
իմ ձեռքի և քո մազերի վրա:
1986թ.
ԳԻՇԵՐ
ԲԱՐՁՐ աշտարակներին հնչեցին զանգերը:
Մայթերի վրա ծառերից թռչուններ թափվեցին ցած:
Գազանանոցում մի քանի կենդանիներ խավարից վախեցած
երկար ոռնացին:
Մենք սարսռացինք,
բայց սեղմվեցինք իրար և մեր շուրթերի մեջ
խմեցինք խավարը:
1965թ.
*
ԳԻՇԵՐՎԱ մեջ ձգվող ծառուղիներ:
Հանգած գլանակներ լապտերի տակ:
Բարձերի վրա ննջող տառապանքներ:
Լուցկիներ:
Լույս:
Ես ծնվում եմ
Կեսգիշերային ավազանների միջից:
1965թ.
ՍՈՒՏ ԽՈՍՔԵՐԻ ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՎ
ՍՈՒՏ խոքերի առատության միջով,
Որ մեզ է տրված,
մենք անցնում ենք անտրտունջ, անձայն
և կառուցում ենք
մեր աչքերի մեջ
հարմար մի տուն,
հավատալով, որ այնտեղ կապրենք ևս մի դար:
1966թ.
ԲՈՒԴԴԱ
1.
ՆԱ անուն չունի, և ամեն անուն
հագուստ է` նետված մի մարմնի վրա,
ծածկելու համար մերկություն ու մահ,
բացված կուրորեն կյանքի դամբանում:
Ո՞վ է նա, նայիր ձեռքով է անում,
անցնում կամուրջը, մոտենում ահա,
դեմքը փայլում է և նրա առաջ
օդը հանգչում է և անէանում:
Ստվերներն իջնում, ուզում են խոսել,
և աշխարհներն են լողում գունաթափ
ինչպես գետի մեջ նետված լոտոսներ:
Նրանք լողում են, բայց սարսափահար
Բուդդայի առջև ընկնում են մի պահ
իրենց սեփական գոյությունն ի վար:
1993թ.
ԽՈՍՔԸ
1
ԵԹԵ աստվածները անմահ մարդիկ են,
(ինչպես ասում է Հերմես Եռամեծը),
ուրեմն ամեն մարդ աստվածային է:
Եթե ամեն մարդ աստվածային է,
ուրեմն Աստված կա, դա ինքը
Խոսքն է:
2
«ԿՅԱՆՔԸ նույն մահն է» -
Ասացին Արևելքում:
«Մահը նույն կյանքն է» -
Ասացին Արևմուտքում:
Երկուսի միջև
մի գիծ կա –
Խոսքը:
3
ՔՈ կյանքը կարծես
վերադարձ է տուն:
Իսկ ի՞նչ է կյանքն իմ,
քուն կամ արթնություն:
Այսպես ես ու դու
պարզված ենք իրար
իբրև երկու խոսք,
մեկ մենակություն:
1993թ.
1993թ.
No comments:
Post a Comment