Տաթև Չախչախյան

(ծնվ. 1992թ.)

*

Գայլերը նայում էին լուսնին
ու ոռնում սեռի տենչանքը…

Անտառապահը քնած էր:

Ես հանկարծ պարզորոշ զգացի,
որ կանգնած եմ
գիշերահավասարի ուղիղ կենտրոնում:
Սոցիումից վտարված գա՛յլ, արի՛,
ես քեզ սպասում եմ
գիշերահավասարի ուղիղ կենտրոնում`
կես շիշ աբսենթով
ու հաղորդության նշխարով…
Արի՛…

Ես փաթաթվել եմ խոնավ անտառին,
անտառը սեղմում է իրանս,
անտառը դողէրոցքի մեջ է…
(Նոյեմբերին քեզնից թաց հողի հոտ էր գալիս…
Նոյեմբերը վերջացավ…)

Հետաշնանային ցավը
ճկույթով շոյում է ձախ ականջս,
մտնում ներս,
խաղում գլխուղեղիս աջ կիսագնդի հետ,
քներակներս ձգում գիշերվա լայնքով մեկ,
մատին փաթաթում նյարդաթելերս…
Ցավը թռվռում է գախթունիս վրա,
ստուգում է ամրությունը,
ինչ-որ մեկի ատամի տակ խռթխռթում է
զգայությունս…
Նյարդաթելերը պրկվում են…
(Ինչ փափուկ է մահը կեչիների վրա…)

Գայլերը վազում էին արևի առջևից…
Տենդը գեղեցիկ էր…
Ցավը կորած սեռից էր…
Հաղորդությունից հետո
ես վառեցի անտառը.
անտառը անսեռ էր…


*
հարգելի Քրիստոս
հետաձգիր գալուստդ մեկ օրով
որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

սիրելի աստված
կանգնեցրու հրաբուխները
երկրաշարժները
ջրհեղեղները
մյուս աղմկոտ խաղերդ
ու աշխարհի վերջի պլաններդ
ետ գցիր մի օրով

պարոն քաղաքապետ
դադարեցրու շինարարությունը
արգելիր երթևեկությունն
ու հայտարարիր լռություն րոպե
իմ հիշատակին

թող Համասը չնետի ռումբեր
ու Ալիևը չկրակի Ացախի վրա
գոնե վաղը
ու հարգելի Ալ-Քաիդա
վերջացրու հակամարտությունն
արաբաիսրայելական
եվ մեծ ու փոքր հսկաներ
զինադադար կնքեք էս գիշեր
որովհետև վաղը կիրակի է ու ես պիտի քնեմ

խնդրում եմ փակել Տոկիոյի բորսան
մեծ քար խցկել Բաքու-Ջեյհան նավթամուղում
կողպել BMW-ի գործարանը դրսից

հարգելի TV-ներ
հայտարարեք պրոֆիլակտիկա
ու թող Բոլիվուդը միայն երազներ նկարի
էս գիշեր

բարեկամ հեղափոխականներ
հակահեղափոխականներ
աջեր, ձախեր ու մեջտեղներ
լքեք հրապարակն ու լռեք լռությամբ
գա-ղա-փա-րա-կան

եղբայր հավատացյալներ
սիրեք ձեր մերձավորին գոնե էսօր
երբ Հիպնոսի հետ եկել ու խնդրում եմ լռել

ու մի օրով
ջնջեք անունս մարդկանց ցուցակից
անտուն շների ցուցակից
ընտրացուցակից
Նոյի ցուցակից
պոետների ցուցակից
անցյալ կամ ապագա հանցագործների
սրիկաների ու բարեպաշտների
քաղբանտարկյալների
կամավորների
կամազուրկների
սպառողների
սիրողների
ապրողների
մեռնողների ցուցակից
որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

վերջապես
սև թուղթ ուղարկեք տնեցիներիս
չհիշվող երազի պես սև
ու բացակա դրեք ինձ մոլորակից
որովհետև շաբաթ է
կեսգիշեր
կանգնած եմ օրվա եզրին
ու գցվում եմ ներքև

բարի գիշեր





Տեսնել այլ հրապարակումներ Տաթև Չախչախյանից՝




No comments:

Post a Comment