Գևորգ Թումանյան



(ծնվ. 1974թ.)

·

Ձյան խոշոր փաթիլների
կրակահերթ է
թիրախ լինելու ցանկությունը 
ծնվում է միանգամից


·

Մթնել էր
թարմանալու համար
տնից դուրս պիտի գայի
մայրս ասաց զգույշ
շուն են խփում


·

Հեռվից գնացքի անիվների ձայն եմ լսում
ինչ մեծ ճանապարհորդ է մահանում


·

Ծաղկել է կեռասենին
բուրում է
և անընդհատ հմայվում են մեղուները
կյանքի գովքն այսպես են ապրում

մրջյունները արագաշարժ պայծառացած են ավելի
ծաղկած ճյուղ-ուղիները նրանց Նիրվանա են տանում

ես մի փոքր խաղաղվում եմ իմ տագնապներից
վաղը այս ծառը ոչ-ոք չի կտրի


·

Գրկել ծառը
բազուկներով ճյուղերը ճկել
ճանաչել ճաղկման սևեռումը


·

Ցրտահարվել է ներշնչանքիս ծառը
ցմքած անարև պտուղներ միայն


·

Արև
ես չունեմ
սպասումն ու համբերությունը ծառի
ինձ շուտ ծաղկեցրու

շառայլներդ
թող միանգամից լացացնեն
իմ ներսի ձմեռը
արև
ես չունեմ
սպասումն ու համբերությունը հողի

պարգև տուր ինձ
արև
կապույտը անեզրական
ես չունեմ
սպասումն ու համբերությունը երկնքի


·

Հազար տարվան մեկ
ինձ հետ պատահում է
բացարձակ թախծի մեջ
ուզում եմ լաց լինել
հոնգուր-հոնգուր


·

Երբ դիմացինդ
քեզանից
իր մաղձի
լացի
բարկության և բողոքի
աղբամանն է սարքում
ի՞նչ անել


·

Ուսանողական տարիներիս
հեծանիվ ունեի
երիվարս սրբազան
և վարգում էինք Արարատյան աշխարհով


·

Հայերենը ինձ համար
ամենահուսալի ճանապարհորդական
գործակալությունն է
իմ միակ փոխադրամիջոցը
դեպի վեր ու վար
դեպի ներս ու դուրս
առ Աստված
իմ արկածների խիզախումների ասպարեզը
իմ ցնծուն-թախծոտ վերելք-վայրէջքների լեռը
իմ կինը իմ որդին



·

Հայոց լեզվի և գրականության
ուսուցչուհիս խիստ և հիգիենապաշտ կին էր

մի անգամ
«իմ ընտանիքը» վերնագրով
շարադրություն էր հանձնարարել գրել

դասընկերս գրել էր
«Մեր բնակարանը փոքր է
ես դասերս սովորում եմ արտաքնոցում»

իհարկե նա պատժվեց


·

Քոլեջում 
«Հավանականությունների տեսություն» եմ
դասավանդում

ոչ
աշխատում եմ խեղկատակ
և դեռ վարպետության չհասած գազանազուսպ


·

Ծույլ և անբան ուսանողներս
երբեմն ստում են

ես նրանց ասել եմ
եթե ստում եք
գոնե արվեստով
ստեղծագործաբար


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեծ սիրով և ջանասիրությամբ
կաշխատեմ ընթերցող


·

Ես կթողնեմ գրել
ասում էր ոմն մեկը

և ինչո՞ւ էր սկսել


·

Երբ ես պառկում եմ քնելու
ինձ թվում է
թե պետք է ծնվի բանաստեղծություն
առավոտյան ես արթնանում եմ


·

Իմ լավ բանաստեղծություններից մեկը
թերևս հիմա գրվի
տերևաթափին
երբ ցախավելով մտնեմ այգի


·

Խզարն առած 
ես ու հայրս փետ կկտրենք
ոչ մի ծղրիդ չբուսնավ
ռիթմը պահելու համար


·

Տեր հայրը
նորապսակներ կօրհնե

տեր հայրը
կծփծփա երանությունից

գործընկերոջ սկուտեղում
թղթադրամներ կավելնան


·

Կարգ է
որ մատաղացուն երեք անգամ
պպտեցվի եկեղեցու շուրջ

շատ անգամների պես
էս մեկին էլ են քաշելով տանում

ՆՇԱՆԴՐԵՔ

Ես ոտքի էի կանգնում նա էլ ինձ հետ
երբ շնորհավորում էին մեզ օրհնում խրատում
հետո ես նստում էի նա էլ ինձ հետ

ՀԱՐՍԱՆԻՔ

Դա մի մեծ բերան էր
կենաց էր ասում խմում խժռում
կենաց էր ասում խմում խժռում


·

Արդեն բարձրաձայն և հաճախակի է
կինս տրտնջում և բողոքում
մխիթարելու համար
ասում եմ
հաջորդ անգամ
ես կհղիանամ
երախտագիտությամբ համաձայնվում է

·

Ֆոնենդոսկոպով
կնոջս ուռուցիկ որովայնի վրայից
լսում եմ
երեխայիս շնչառությունը և բաբախը

ասես
տիեզերային հեռավոր ոլորտներից
դանդաղ առաջացող
շոգեքարշ լինի

·

Ես հավատում էի տղա կծնվի
և որոշելի էի որդուս անունը Մենուա
բժշկական զննումը սակայն
աղջիկ էր ցույց տալիս

ինն ամիս կազմավորվող երեխայիս
Մենուա էի կանչում
և ոչ միայն ես

հիմա երբ իսկապես աղջիկ ունեմ
և անունն է գոհար
ինձ մեկ-մեկ բռնեցնում եմ շփոթվելիս
երբ ուզում եմ աղջկաս Մենուա կանչել


·

Օձն իր պորտով 
հավքն իր թևով
իմ գրքերին դիպած չկար

երախտապարտ եմ իմ աղջկան
գոնե չի պատառոտում


·

Մայրս ինձ հետ վիճեց
երկու տարեկան աղջկաս համար
գնել էի
յոթ տարեկան աղջնակի կոշիկ
ո՞ւմ հետ չի պատահում


·

Մատնեմատիս
խաչանշան արեցի

այլևս չեմ ծխելու

ընկերներս ծիծաղեցին
և ճիշտ արեցին


·

Մտքովս
երբեք չէր անցնի

ինձ նկարագրելիս
օգտագործել են քաչալ բառը

Երաշխավորագիր

Նա մեր հարևանի փեսացուն է
այսինքն ուզում է լինել
մեր հարևաններն էլ դժգոհում են
քշում են վռնդում և ջուր լցնում վրան

ես ճանաչում եմ նրան
վատ թեկնածու չէ
նվիրված է համառ և կարելի է ասել
մի քիչ գեղագետ
թաքնվում պառկում է վարդի թփերի տակ

նա մեր փողոցի աղբարկղների տիրակալն է
շների ահ ու սարսափը
և գերագույն ամուսինը

Չալոն հարգարժան շուն է




Տե՛ս Գևորգ Թումանյանից այլ հրապարակումներ

No comments:

Post a Comment