Արփի Ոսկանյան

(ծնվ. 1978թ.) 
լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի


ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸ

Ինչպես լավ գիրքը
որ կարդալուց հետո
շարունակում է մնալ հետդ
այդպես հիշում եմ քեզ
չնայած փակել
դրել եմ դարակին

2007

Fantazia էն թեմայով

Ես հույս ունեմ, որ նա կկարդա այս շարքը
և կհրավիրի ինձ քննարկելու այն որևէ սրճարանում,
կպատվիր օղի, զեյթուն, կիտրոն,

- Լավ է, - կասի,
հետո կառաջարկի իր տուն տեղափոխվել
քննարկելու համար հանգիստ ու ավելի մանրամասն:
Եվ մինչ ես, կոնյակի բաժակը ձեռքիս,
կճեմեմ ֆուգաների ու տոկատաների հնչյունների ներքո`
ուսումնասիրելով նրա գրադարանը
արածող պախրայի հայացքով,
նա դուրս կցատկի պահարանի հետևից
սատիրի պես մերկ, կհամարձակվի վրաս և
քարշ տալով ինձ գրասեղանի մոտ`
ականջիս մեջ թաց կշշնջա.
- Շարքը, որ տպել ես, թույլ է,
Հիմար ոտանավորների մի բույլ է`
Սենտիմենտալ, ծեծված, կնիկական`
Առումներով թե թեմատիկ, թե ոճական:
Ես ինքնապաշտպանության փորձեր կանեմ`
ապացուցելով, որ ճշմարտությունը սիրում է ծեծվել,
ինչպես և` շատ կանայք, ու ոչ ոք
իրավունք չունի զրկել նրանց դրա իրավունքից,
և որ անիմաստ է բանաստեղծություն գրելը,
եթե սենտիմենտալ հիմարություններ
պիտի դուրս չտաս...
- Բանաստեղծություն գրելուդ իմաստը
Պարզ է` սիրահարությանդ փաստն է,
Բայց ձիդ Պեգաս չէ, ու Պառնասն անհաս է,
Սիրահարվելը քեզ, ջանիկս, շատ վնաս է:
Ես կմկկամ մատաղացու գառան նման,
կմկկամ ու կկերկերամ, թե սիրահարվելը
բանաստեղծություն գրելուց կարևոր է,
անհուն մանթռաժից
աչքերիս անկյուններում գոյացած
արցունքի կաթիլները կգլորվեն այտերս ի վար,
իսկ նա կտարուբերի գլուխը
և մարմին փշաքաղեցնող ձայնով կորոտա.
- Լսի'ր, որդի'ս, պատգամ որպես,
Դու իրավունք չունես գրել այսպես,
Միայն մեծ, հզոր, անձեռակերտ, անեղծ,
Տիեզերակործան ու տիեզերաստեղծ:
Եվ կնայի ինձ, ինչպես Պանտոկրատորը գմբեթատակից`
հղփացած օլիգարխի անթափանց, չնկատող հայացքով,
ձեռքս կտա իր ոսկեծայր «Parker»-ը,
- Գրի'ր, - կհրամայի,
ու կգրեմ նրա մարմնի վրա`
մեսրոպատառ,
լեզվով հեզաճկուն, հազարագանձ... Հայո'ց:

2004

ՃԱՇԱԿԻ ԸՆԿԵՐ

մանկուց աստված ինձ նվերներ է շռայլում
որ հետո խլի

Եթե դա Աստվածն է
հաստատ գրի ու գրականության մեծ սիրահար է
թեպետև կասկածելի ճաշակի

2007

No comments:

Post a Comment