Զահրատ. Բառ բառի քով



Զահրատ
1924-2007թթ. Կ.Պոլիս


Բառ բառի քով (ընտրանի)
<<Նաիրի>>  հրատարակչություն
Երևան, 2007թ.


ՄԵԾ ՔԱՂԱՔԸ

Ամէն ինչ մեծ է քաղաքին մէջ

հաճոյքը մեծ
ցաւը մեծ
պողոտաներուն ու շէնքերուն նման

Ու անոնք որոնք պզտիկ մարդիկ են
Երբեք հանդարտ պիտի չըլլան մեծ քաղաքին մէջ

ՀԻՆ ԴՐԱՑԻՆԵՐ

Այլեւս հոն չեն բնակիր
- սիրուած անձեր չէին թաղին մէջ -
Չենք գիտեր ուր գացին

Չըլլալիք բան - կարօտցանք զիրար
Երանի նորէն հոս ըլլային
Ու մենք նորէն զիրենք չսիրէինք

ԱՐՏ

Գովազդը կ'ըսէ
Բարեբեր արտ է
Հարիւր կուտայ մէկի դէմ -

Ան
Կինը հոն թաղեց -
Հիմա կը սպասէ

ԱՆՑԱՒ

Նստեր էին
Ոտքի ելան
Նորէն նստան

Դագաղ մը անցաւ

ՀՈՂ

Ես
Վաղամեռ Մովսէսի որդի -
Հայրդ ըսին
Հողակոյտ մը ցոյց տուին

Հայր - իմ հայրս - հող
Ես 
Հողի զաւակ

ԿԵՆԱԿԻՑ

Կը կենակցիմ - կը կենակցիս - կը կենակցի
Կը կենակցինք - կը կենակցիք - կը կենակցին
Ընտանի՞ք
ծածկած տանիք
ուրկէ ջուրը ներս կը թափանցէ
- Զաւակներ - շատ շատ -
Երկիրը դժբախտներու պէտք ունի
Որպէսզի երջանիկներ յոխորտան անոնց վրայ

ՏԱՊԱՆԱԳՐԻ ՆՄՈՅՇՆԵՐ
2.
Համ հոտ չունէր
Յարդի պես մարդ էր
- ձին կերաւ -

4.
Սխալմամբ ծներ էր
Անսխալ մեռաւ


5.
Աստուած պահէ ըսին ըսին
Աստուած ձանձրացաւ պահելէ

ԶՈՀԱԲԵՐՈՒՄ

Չորս ոչխար էին

Նախ առաջինը մորթեցին
յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փոևձեց փախչիլ

Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին

Ես այդ երրորդին միսէն կերայ -
կեանքի համ ունէր

ՀՈՐ

Մենք հակառակ դարձած շրջուն հորեր ենք
Բոլորս ալ
Մեր հասակին չափ խորունկ

ՓՆՏՌՏՈՒՔ

Մարդը փնտռող կենդանի մըն է - 
Փնտռող - գտնող - նորէն փնտռող
Կեանքը կը հատնի - փնտռտուքը ոչ - 
Մարդը չգտնող կենդանի մըն է

ՍԽԱԼԻԼ

Անոնք որոնք կը կարծեն
թէ երջանկութիւնը
հորիզոնէն անդին է անպայման
Կը սխալին
քանի որ 
երջանկութիւնը
մէջն է իրենց ափին

Իսկ անոնք որ կը կարծեն
թէ երջանկութիւնը
մէջն է իրենց ափին
Կը սխալին
քանի որ 
երջանկութիւնը
հորիզոնէն անդին է անպայման

Մինչդեռ անոնք որ
չունին որևէ կարծիք
Երբեք չեն սխալիր

ԵՌԱՆԿԻՒՆԵՐ

*
Եթե շատ խաղաք
բառերուն հետ
տակէն քերթուած մը կ'ելլէ

*
Աղուոր քերթուած մը կը հարուածէ
- Երբ կարդաս
Պէտք է ամուր կենաս ոտքերուդ վրայ

*
Ինքը քերուած է երկար
արտասանել երբ փորձէ
Բառերը կը խուսափին

*
Այնքան աղուոր երգեց որ
երգը - ինքն ալ զարմացաւ
Թէ այնքան գեղեցիկ է

ԱՆՓՈՓՈԽ ՍԻՐՈՅ ԵՐԳԵՐ

2.
Մեղր պիտի քսեմ շրթունքիդ
ու պիտի
մեղուները բեղմնաւորեն քեզ

4.
Սա չորս տողը գրելու համար
ով գիտի քանի սիրուհի փոխեց
- վերջինը շիլ էր -
չորրորդ տողը չկրցաւ գրել

ՆԱԽԱԲԱՆ

Սիրելի ընթերցողներ
Այս բոլորը ձեզի համար կը գրեմ

Իսկ ես
Թե ինչեր կը փսփսամ
Տասնըվեց
Տարեկան
Սիրականիս ականջն ի վար
Պիտի չգիտնաք - պիտի չգիտնաք 


Տեսնել Զահրատից այլ հրապարակումներ

No comments:

Post a Comment