Մարիա Սոցցանի-Բրոդսկի | Maria Sozzani-Brodsky

Դենիս Նովիկով, Իոսիֆ Բրոդսկի, Մարիա Բրոդսկի, 1992թ., Լոնդոն: Լուսանկարում Մարիան հղի է, և ծաղրելով ծխող պոետներին՝ շուրթերին է մոտեցրել երկու մատը՝ իբրև թե ծխում է:



















Գեղեցկուհի, իտալուհի` ռուսական արմատներով...
Հետագայում ուրիշները կպնդեն, որ նա տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին, ռուսերենին: Արիստոկրատ էր, Պուշկինի շառավիղներից(թեև դժվար է հավատալ)...
Չգիտեմ` նրանց տարիքային տարբերությունը որքան էր, մտածում եմ` մոտ երեսուն տարի: Չնայած, եթե հավատանք ընկերներին` նրանց համատեղ հինգ տարին պոետի համար շատ ավելի երջանիկ էր, քան նախորդ հիսունը...

1990թ. հունվարին Սորբոնում դասախոսության ժամանակ Բրոդսկին նկատեց իր ուսանողներից մեկին` Մարիա Սոցցանիին: Սեպտեմբերին ամուսնացան: Ծնվեց նրանց աղջիկը` Աննա Ալեքսանդրա Մարիան, ում հետ Բրոդսկին խոսում էր անգլերեն: (Տարօրինակ լեզվական փոխզիջում, որը, հավանաբար, լավագույն տարբերակն էր փոքրիկի համար, ով ծնվել ու երևի թե ապրելու էր ԱՄՆ-ում):
Ի տարբերություն Մարինայի` առաջին կնոջ, այս պատմության շուրջ եղած տեղեկությունները բավականին սուղ են. ընդամենը մեկ հարցազրույց գտանք նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկու այրու հետ:

Իրինա Գրուձինսկա-Գրոսս: Ինչպե՞ս սկսվեց Բրոդսկու սերը Իտալիայի հանդեպ:
Մարիա Սոցցանի-Բրոդսկի: Ռուսները բաժանվում են երկու տեսակի` նրանց, ովքեր աստվածացնում են Ֆրանսիան, և նրանց, ովքեր խենթանում են Իտալիայի համար: Իտալիայում են գրել Գոգոլն ու Վյաչեսլավ Իվանովը, երաժշտություն է գրել Չայկովսկին, նկարել է Ալեքսանդր Իվանովը: Իոսիֆը բաց էր շատ երկրների համար, բայց Իտալիայի հետ կապն առանձնահատուկ էր: Դեռևս երիտասարդ տարիքից իտալական գրականություն էր կարդում: Մենք շատ ենք խոսել  անգամ քիչ հայտնի հեղինակների մասին, որոնց Իտալիայի սահաններից դուրս համարյա ոչ ոք չի հիշում:

ԻԳԳ: Հավատս չի գալիս, որ նախնական համակրանքը բացառապես գրական հետաքրքրություններից էր գալիս...
ՄՍԲ:  Իհարկե, սկզբում կինոն էր: Նրա կյանքը ձևավորել է իտալական կինոն, չհաշված երևի «Տարզանը» (ծիծաղում է): Սրա հետ մեկտեղ իտալական կինոն շատ բանով է պարտական Ռուսաստանին: Ստալինյան ժամանակներում, երբ երկու երկրների միջև անմիջական փոխանակությունն անհնար էր, Իտալիայում ռուս գրականության էկրանավորումները չէին դադարում: Իոսիֆը միշտ հիշում էր, որ արդեն 18-19-րդ դարերում ռուս և իտալացի նկարիչների կապերը շատ ակտիվ էին:


Բրոդսկիներ


ԻԻԳ: Այստեղից էլ Հռոմի ընտրությունը իր ակադեմիայի տեղի համար:
ՄՍԲ: Բրոդսկին երեք անգամ եղել է հռոմեական Ամերիկյան ակադեմիայում, այն ներշնչանքի աղբյուր էր Բրոդսկու համար էր: Շատ ժամանակ է այնտեղ անցկացրել, արդյունքում` «Հռոմեական էլեգիաները»: Հռոմը տրամաբանական ընտրություն էր, չնայած Իոսիֆը մտածում էր նաև Վենեցիայի մասին: Հռումում Ամերիկյան ակադեմիայի մոտ են նաև Ֆրանսիական և Շվեդական ակադեմիաները: Իոսիֆը զրուցել էր Հռոմի քաղաքագլխի` Ռուտելիի հետ, վերջինս նրան խոստացել էր, որ քաղաքը ակադեմիայի համար շենք կհատկացնի: Բայց Իոսիֆի մահվանից մի քանի ամիս անց պարզվեց, որ մենք ոչ մի շինություն չունենք:

ԻԳԳ: խոստումն անկատա՞ր մնաց:
ՄՍԲ: Չգիտեմ` որքանով էր ճիշտ հասկացել Բրոդսկին քաղաքագլխին, բայց լավ հիշում եմ, որ Ռուտելիի հետ զրույցից հետո, իսկ դա 1995թ. աշնանն էր, նա կարծես նոր մարդ դարձավ. այնքան երջանիկ էր: Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ ամեն ինչ կարգին էր, շենքը կա: Բայց արդեն հիվանդ էր, շատ հիվանդ: Կյանքի վերջում ակտիվորեն ծրագրեր էր մշակում` օգնելու մարդկանց: Հատկապես 1992-ին էր ակտիվ, երբ դարձավ Միացյալ նահանգների «դափնեկիր պոետ»: Այդ ժամանակ ուզում էր այնպես անել, որ պոեզիան հասանելի դառնա հյուրանոցներում կամ սուպերմարկետներում. ծրագիրն իրագործվեց: Իր կյանքի երեք, թե չորս տարին նվիրված էին նմանատիպ գործերի, և Ռուսական ակադեմիան Հռոմում դրանցից վերջինն էր:

ԻԳԳ: Ինչպես հասկանում եմ` Ռուսական ակադեմիան արդեն գործում է, չնայած շենքի բացակայությանը...
ՄՍԲ: Աշխատում է միայն Բրոդսկու անվան կրթաթոշակային ֆոնդը: Ակադեմիայի կազմակերպիչ կոմիտեն, որն, ի դեպ, հիմնել է Իսայա Բերլինը, և որի անդամների թվում են Միխայիլ Բարիշնիկովը, Լուի Բիգլին, Վ. Վ. Իվանովը, Էնն Կյելբերգը, Մստիսլավ Ռոստրոպովիչն ու Ռոբերտ Սիլվերսը, կազմակերպել են շատ համերգներ ու հանդիպումներ: Մենք հիմնել ենք երկու ֆոնդ, մեկը` Ամերիկայում, այն նախատեսված է կրթաթոշակային միջոցների համար, և մյուսը` Իտալիայում, ուր (գուցե և Ռուսաստանում էլ) մենք գումար կհավաքենք շինության համար: Ամեն դեպքում, ամերիկացիները չեն սիրում գումար տալ մի բանի համար, որ դեռ չկա: Առաջին կրթաթոշակները վճարվել են երկու շռայլ իտալացիների կողմից:

ԻԳԳ: Ու ովքեր են ստացել այդ կրթաթոշակները:
Maria Sozzani - Joseph Brodsky

Մարիան աղջկա հետ

ՄՍԲ: Առաջինը Թիմուր Կիբիրովն էր: 45 տարեկան է, այսօրվա Ռուսաստանի տաղանդավոր պոետներից մեկը: Հայտնի է իտալացի սլավոնագետների շրջանում, ուստի և որոշեցինք առաջինն իրեն ընտրել: Մեզ գովազդ է պետք, իսկ դա հեշտացնում է դրամահավաքը Ակադեմիայի համար: Կիբիրովն իսկույն հրավիրվեց ութ իտակալան համալսարանների կողմից. այնտեղ էլ հիմա նա հանդես է գալիս: Երկրորդ պոետը Վլադիմիր Ստրոչկովն է, ամառվա վերջում կգա: Երրորդը` Սերգեյ Ստրատանովսկին, Իտալիա կգա սեպտեմբերին:

Որոշել ենք սկսել պոետներից` հարգելու Իոսիֆի հիշատակը, նաև նրա համար, որ շատ դժվար է նկարիչների կամ երաժիշտների ուղարկել Հռոմ, հակառակ դեպքում ստիպված ենք օգտվելու ամերիկյան կամ ֆրանսիական ակադեմիաների հյուրընկալությունից: Հավանաբար կկարողանանք հրավիրել նաև գիտաշխատողների. մեզ համար գրադարանի մուտքը երաշխավորված է: Հենց ռուսների խնդրանքով կրթաթոշակները երեք ամսից ավելի չեն շարունակվի: Այն տրվում է ժյուրիի կողմից, որը փոխվելու է երկու տարին մեկ: Ֆոնդը պահողները ազդեցություն չեն կարող  ունենալ որոշման վրա, իսկ ժյուրիի անդամների ազգանունները` ապրող Ռուսաստանում, թեև գաղտնի չեն, բայց և հանրայնորեն չեն հրապարակվում, այլապես աշխատելը շատ բարդ կլիներ:
Բրոդսկու կինն ու դուստրը՝ Մարիան ու Աննան

ԻԳԳ: Ոմանք պնդում են, որ Բրոդսկին անտարբեր էր Ռուսաստանի հանդեպ: Ոչ մի անգամ չեկավ` չնայած շատ ու շատ հրավերների: Շատերը կարծում են, որ նա պետք է վերադառնար, չէ՞ որ նա ամենակարկառուն ռուս պոետն էր...
ՄՍԲ: Նա չէր ուզում վերադառնալ, որովհետև իր ընկերները, այսպես թե այնպես, իրենց տեսնելու համար գալիս էին այցելության: Ծնողները վաղուց չկային, երկիրն ուրիշ էր, նա էլ չէր ուզում հայտնվել ինչ-որ հռչակավոր երգչի պես, առանց այդ էլ մարդիկ լիքը ուրիշ խնդիրներ ունեին: Նրա կյանքը միշտ մի ուղղությամբ էր գնում, իսկ հետ գնալը միշտ էլ դժվար է: Եթե ստիպված լինեինք տեղափոխվել, մենք կգնայինք Իտալիա: Մենք դրա մասին խոսել ենք. եթե Պերուջայում օտարերկրացիների համալսարանում աշխատանք ստանար, պարզ կդառնար ու տեսանելի: Բայց դրանք երազանքներ էին: Իոսիֆն անգամ չէր ուզում, որ իրեն թաղեն Ռուսաստանում: Վենեցիայում թաղվելու միտքը իր ընկերներից մեկինն էր: Այն քաղաք էր, որն Իոսիֆը ամեն ինչից շատ էր սիրում, չհաշված Սանկտ Պետերբուրգը: Եսասիրաբար եթե մտածեմ` Իտալիան իմ երկիրն է, ուստի ավելի լավ էր, որ ամուսինս այնտեղ էլ թաղվեց: Վենեցիայում նրան թաղելը ավելի հեշտ էր, քան ուրիշ քաղաքներում, օրինակ` իմ հարազատ քաղաք Կոմպանյանոյում` գտնվող 
Բրոդսկու դուստրը՝ Աննա Բրոդսկի, 2015թ.
Լուկիի մոտ: Վենեցիան Ռուսաստանից մոտ է և հասանելի քաղաք: Բայց այս ամենը բնավ չի նշանակում, որ նաև անտարբեր էր կամ թշնամաբար էր տրամադրված Ռուսաստանի նկատմամբ: Նա ընդհանրապես ինչ-որ մեկի հանդեպ շատ հազվադեպ կարող էր լինել անտարբեր, ով կամ ինչ էլ լիներ (ծիծաղում է): Շատ ուշադիր հետևում էր Ռուսաստանում կատարվող դեպքերին, առաջին հերթին` գրական աշխարհի: Բազմաթիվ նամակներ էր ստանում, մարդիկ նրան էին ուղարկում իրենց բանաստեղծությունները: Հիացած էր, թե այնտեղ ինչքան շատ պոետներ կան, ի դեպ, շատ բանաստեղծություններում զգացվում էր նրա ազդեցությունը, որ մի կողմից նրան հաճելի էր, մյուս կողմից` զարմանալի: Շատ էր ցավում ինչպես Չեչնիայի, այնպես էլ Հարավսլավիայի պատերազմի համար:

Նյու Յորք
Գազետա Վիբորչա (Gazzeta wyborcza), Վարշավա, 9 մայիսի 2000թ. 

հ.գ. Շատերն են խոսում նրա բացառիկ գեղեցկության մասին, իսկ նա ավելի շուտ խառնվածք ուներ:
Բրոդսկին մի հոդված ունի բանաստեղծների ընկերուհիների մասին, ուր գրում է, թե ընդգծված դիմագծերով սևահերները նրանց պետք չեն, պետք են անորոշ շիկահերները, որոնց վրա բանաստեղծները կպրոեկտեին իրենք իրենց:

Այս առումով նրանք ծայրահեղություններ էին, նա` կտրուկ ու կոնկրետ, նե` դանդաղ ու անորոշ: Երևի դա էլ հմայում էր նրան: Մարիան այս տեսակն էր...


Լուսանկարն արվել է Միխայիլ Բարիշնիկովի կողմից Ֆլորիդայում:
«Այնտեղ մեծ վանդակներ էին, վագրը քսմսվում էր ճաղերին, իսկ Իոսիֆը մռլտում էր. «Մռաու... մռաու... մռաու...»... Մոտ քսան րոպե երևի նստեց, հետո եկավ Մարիան, ու վագրը փախավ ուրիշ կողմ, նրանք էլ` նրա ետևից, այս ու այն կողմ, զուգահեռաբար, մյուս կողմում էլ հովազների վանդակներ էին, Մարիան հովազներին էր նայում, Իոսիֆը` վագրին: Իոսիֆը կատուներին շատ էր սիրում, բոլոր կատվազգիներին երևի...»...

թարգմ. ռուսերենից հասմիկ սիմոնյանը
2012

2 comments:

  1. Anonymous11.7.12

    ԼԱվն են

    ReplyDelete
  2. Մարիայի մասին մի նյութ էլ ունեմ, ժամանակ ճարեմ` թարգմանեմ, կդնեմ

    ReplyDelete