Զահրատ. Առանց խաչի առանց քարի խաչքար





Զահրատ
(1924-2007թթ. Կ.Պոլիս)

Առանց խաչի առանց քարի խաչքար 
(բանաստեղծություններ)

«Նաիրի» հրատարակչություն
Երևան, 1998թ.






ՍԴՐԻՓ-ԴԻԶ

ՆԱԽ հագուիլ պէտք է
ՅԵՏՈՅ արուեստով հանուելու համար

Կիկօ արուեստը սորվեր է ՇԱՏՈՆՑ
ՀԻՄԱ հագուստին կը սպասէ


ՈԽ

Միտքը դրեր է Կիկօ
Պիտի չմեռնի

Դուք բոլորդ պիտի մեռնիք
Աշխարհ Կիկօյի պիտի մնայ

Ու Կիկօ աշխարհի վրայ միս-մինակ
Բոլոր հայելիները պիտի կոտրէ

ՀՈՂԻ ՄԱՍԻՆ

Հողը շատ կը սիրէր -
Երկինքէն ինկած աստղի մը պէս էր Կիկօ
Կ'ուզէր գիրկ գիրկի պառկիլ հողին հետ
կ'ուզէր հողը գրկել գրկել հիանալ
մեռաւ - հասաւ մուրազին

Սակայն չեմ ինչու - աստղերը կ'ուլան
Կամուրջը կու լայ
Ողջութեանը Կիկօ ուրիշ մտերիմ չունեցաւ

*
Եթէ մատները չըլլային այնքան նիհար
ու թափանցէին խոտերու մտերմութեան
թերեւս կարենայինք յղփանալ
երջանկութեամբ մը անծանօթ

ու թափթփէինք մեր տերեւները վերջին
ձմրան մը համար որ չ'երթար

մատները խոտ են երբեմն
ու խոտերը միշտ
երկչոտ մատներն են հողին

*
Նավաստիներէն 
ամենէն  առաջ ո՞վ նշմարեց
անթացուպերը ձուկին որ կուզ էր

Պէտք չէ  հաւատալ ալիքներուն
Ողորկ են անոնք
ու մեր ցանկութիւնները կը գլորին
անոնց գագաթն ի վար

Առէք ձեզի փրփուր
եւ ձուկ
եւ անթացուպ
եթէ կ'ուզէք հեռանալ դէպի լռութիւն

Նաւաստիները երգել չեն գիտեր

ԱԼԻՒՐԻ ՊԱՐԿ

Եթէ դուն
բանաստեղծ բարեկամ ունիս - որ
կը գանգատի թէ սպառեր է - հատեր
- թէ այլեւս տող մ'իսկ նոր բան չի գրեր
Մի հաւատար
 - զինքը լաւ ցնցէ

ցնցէ ու թօթուէ
փայտ մը առ ու զարկ
մարդը մարդ չէ - ալիւրի պարկ
քանի ցնցես ու թօթուես
որքան զարնես
ինչ որ վանկեր կը թափթփին
ինչ նոր տաղեր կը ծնին

Կը հիանաս - նորէն ալ
գիշերանց երբ առանձին ես - կը խորհիս

անոր ու քու միջեւ ի՞նչ բանն է տարբեր - 
ու քունդ կը փախի - 

1992ԷՆ ՎԻՏԷՕՔԼԻՓՆԵՐ

1.
Բառերը խումբ խումբ կը նետեմ
Ինչ որ կը մնայ ասդին
Նորէն բառեր են

2.
Չորս տողով քերթուած մը կայ
Ամէն բան ունի կը կարծէ
Բացի իմաստէ -
եւ երջանիկ է

4.
Չորս եղանակ ունի տարին
 - Գարուն ամառ աշուն ձմեռ -
Իսկ ես կ'ապրիմ հինգերորդը
Ես իմ մէջ

ԹԱՓԱՌՈՒՄ

Մեծ բառեր
Ե՞րբ ենք այսքան ամբարեր -
Փոխանակ ճիշդն ըսելու
Անոր շուրջն ենք թափառեր

ՄԵԾԱՍՔԱՆՉ

Այս այն լեզուն է որով զաւակներս կը խօսին
Թէպետ ես հայր չեմ

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹԻՒՆ

Գնաց շիշ մը յուսախաբութիւն բերաւ
Լեցուց գաւաթ գաւաթ - բաժնեց
Խմեցին իրարու կենաց 
ու մեռան

ԿԵՐ

Երբ զգաք թէ
Այլեւս
Մարդոց - մարդկութեան տալիք բան չունիք
Ենիճամի*
Թռչուններուն կեր տուէք

Մզկիթ Ստամբուլում, ուր աղավնիներ  են հավաքվում

ՆԱԽԱԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ

Պատին վրայ մահազդներ կան փակցուած
Մէկը կուգայ - մեռնողներուն կը նայի
Իր անունը կը փնտռէ



Տեսնել Զահրատից այլ հրապարակումներ

No comments:

Post a Comment