Սերգեյ Կոզլով. Ոզնուկը մշուշում (մաս 2-րդ)

Հնչյուններ ու ձայներ

-   Նիրհի մեջ, Արջուկ, ինչ ուզես` կարող ես երևակայել, ու այն ամեն ինչը, որ կերևայակես, իրականի պես կլինի: Ու այդ ժամանակ…
-   Դե՛:
-   Ու այդ ժամանակ…
-   Դե խոսիր, վա՛յ:
-   Ու այդ ժամանակ… լսվում են հնչյուններն ու ձայները:
Ոզնուկը նայում էր Արջուկին մեծ կլոր աչքերով, կարծես հենց հիմա, այ հենց այս պահին գլխի էր ընկել ինչ-որ շատ կարևոր բան: 
-   Իսկ դու ու՞մ ես լսել,- շշուկով հարցրեց Արջուկը:
-   Այսօ՞ր:
-   Ըհը:
-   Սերինոսին,- ասաց Ոզնուկը:
-   Իսկ երե՞կ:
-   Գորտին:
-   Ու նա ի՞նչ ասաց…
-   Նա երգում էր, - ու Ոզնուկը փակեց աչքերը:
-   Դու նրան հիմա էլ ես լսո՞ւմ:
-   Լսում եմ, - ասաց Ոզնուկը փակ աչքերով:
-   Արի ես էլ փակեմ աչքերս, - Արջուկը փակեց աչքերը և ավելի մոտ կանգնեց Ոզնուկին, որ նույնպես լսի:
-   Լսու՞մ ես, - հարցրեց Ոզնուկը:
-   Չէ, - ասաց Արջուկը:
-   Դու նիրհի մեջ ընկիր:
-   Պառկել է պետք, - ասաց Արջուկը: Ու պառկեց:
-   Ես էլ՝ քո կողքին, - Ոզնուկը նստեց նրա կողքին, - Դու միայն պատկերացրու. նա նստած է ու երգում է:
-    Պատկերացրեցի:
-    Իսկ հիմա՞… Լսու՞մ ես, -  ու Ոզնուկը դիրիժորի պես թափահարեց թաթիկը, - Երգե՜ց:
-    Չեմ լսում,- ասաց Արջուկը,- նստել, աչքերը չռել ու լռում է:
-    Խոսիր նրա հետ, - ասաց Ոզնուկը, - հետաքրքրություն առաջացրու:
-    Ո՞նց:
-    Ասա՝ մենք Ոզնուկի հետ հեռավոր անտառից եկել ենք ձեր համերգին:
Արջուկը սկսեց շարժել շրթունքները:
-    Ասացի:
-    Դե՞:
-    Լռում է:
-    Սպասիր, - ասաց Ոզնուկը, - արի դու նստիր, ես էլ՝ պառկեմ: Ա՜յ էսպես, - Եվ նա ինչ-որ բան քրթմնջաց՝ խոտի վրա Արջուկի կողքին տեղավորվելով:
Իսկ օրը սկսում էր բոցավառվել, բարձրահասակ նրբիրան աշունն օրորովում էր սոճիներով և տերևներով սնամեջ պտույտներ տալիս:
Արջուկը վաղուց բացել էր աչքերը ու հիմա նայում էր շեկ ծառերին, քամուն, որ կնճռոտում էր լճակը, իսկ Ոզնուկը մռթմռթում ու մրմնջում էր՝ իր կողքին խոտի վրա պառկած:
- Լսիր, Ոզնուկ- ասաց Արջուկը, - ախր մեր ինչի՞ն է պետք էդ գորտը, հը՞: Գնանք սունկ հավաքենք, կտապակենք: Ես էլ քեզ համար մի քիչ խնձոր եմ կողքի դրել:
- Ոչ, - առանց աչքերը բացելու ասաց Ոզնուկը,- նա կերգի:
- Ասենք՝ երգեց: Մե՞զ ինչ:
-    Էխ դու՜,- ասաց Ոզնուկը,- Սնկե՜ր, խնձորնե՜ր… Երանի իմանայիր, թե ի՜նչ են հնչյուններն ու ձայները:

 ռուսերենից թարգմանեց ՎԱՀԱԳՆ ԹԵՎՈՍՅԱՆԸ

No comments:

Post a Comment