Նրան պատկանում էր հույսը, բայց տղան չգիտեր՝որն է ամենից կարևորը, ու՞մ է պատկանում ինքը, այդ ի՞նչ մութ ուժ է, որ իշխում է իր վրա:
Սովորաբար դա սկսվում է այսպես. սկզբում գալիս է մահը, և այդ ժամանակ մենք սգաշոր ենք հագնում: Ինքս էլ հաստատ չգիտեմ՝ ինչու, բայց ես հակառակն եմ անում: Սկզբում սգազգեստն եմ հագնում, բայց մահը չի գալիս ո՛չ Փարիզի փողոցներում, ո՛չ էլ Ժնևյան լճի ափին:
Խոչընդոտներն իրենք իրենց են գալիս: Դա է կյանքը: Գուցե սա կարող է բացատրել իմ կոտրված տեսքը այս լուսանկարում, կոտրված, բայց ոչ նրա համար, որ ես պարզապես ապտակ եմ կերել և հոդախախտվել եմ: Ոչ, ես արդեն սուգը կրել եմ ինձ վրա, այն իմ հավատարիմ ու միակ ուղեկիցն է… ու ես կասկածում, եմ, որ իմ հոգին սայթաքել է մարմնիցս և որ այն հեռացել է ՝մոռանալով մեկնել ձեռքը:
Լսում եմ, այո: Բայց դժվար է, դա մշակույթի պատմությունն է, որ նրանք բոլորը խառնում են արվեստի հետ, ես այնպես եմ ցավում, որ լատիներեն չգիտեմ՝ ավելի պարզ արտահայտվելու համար…
Այսպիսով, կա կանոն, և կան բացառություններ: Կանոնը մշակույթն է, ոչ, մշակույթն է կանոնը, և այն դրա մի մասն է, իսկ բացառությունները արվեստն են, դրանք արվեստի մի մասն են: Ամեն բան արտահայտում է կանոնը՝ սիգարետը, համակարգիչը, վերնաշապիկը, հեռուստատեսությունը, տուրիզմը, պատերազմը, բայց ոչ մարդը: Ոչ ոք չի բարձրաձայնում բացառությունները: Այն անարտահայտելի է: Այն գրված է՝ Ֆլոբեր, Պուշկին, Դոստոևսկի, այն ստեղծագործված է՝ Մոցարտ, Գերշվին, այն պատկերված է՝ Սեզան, Վերմեր, այն նկարահանված է՝ Անտոնինի, Վիգո, կամ էլ այն պարզապես ապրված է, և այդ դեպքում այն կյանքի արվեստն է՝ Սրեբերիկա, Սարաևով, Մոստար…
Կանոն է ցանկանալը, որ մահը բացառություն լինի, իսկ մշակութային Եվրոպայի համար կանոն է դեռևս ծաղկող արվեստի մահվան կազմակերպումը…
Պատկերը պարզապես մտքի արացոլումն է: Այն չի կարող ծնված լինել համեմատությունից, այլ ավելի շուտ այն իրարից հեռու երկու իրականությունների թողած հետքն է, և կապը այդ իրականությունների միջև գլխավորապես լինում են հեռավոր, բայց ճիշտ, ավելի ուժեղ, քան հենց ինքը՝պատկերը: Երկու իրար չկապվող իրականություններ չեն կարող ամբողջությամբ կցվել իրար. պատկերը չի ստացվի, որովհետև երկու հակառակ իրականություններ կլինեն միասին, բայց չեն միավորվի: Պատկերը ուժեղ է ոչ նրա համար, որ դաժան է կամ ֆանտաստիկ, այլ որովհետև մտքերի միավորումը հեռավորության միջև է ու ճշմարիտ:
Օ՜, ինչպիսի անկայուն կապ անգիտակից վիճակի, երբ ինչ-որ մեկին հայտնի է երկու այնպիսի գոյություններ, որի մեջ հավասարակշռվում է ապրողը…
Բյուրեղապակին և փոշին նույնպես արտահայտում են մեռածների ողբերգությունը, որոնք իմ ծնողների սերնդակիցներն են… Բյուրեղապակյա գիշեր և մառախուղ փոշուց…
Կարելի՞ է արդյոք ասել, որ այնտեղ, որտեղ չկա կասկած, չկա նաև իմացություն:
Երբ մենք ինքներս մեզ ենք նկարագրում, մենք խոսում ենք ավելի շատ, քան կցանկանայինք: Մենք մտածում ենք, որ ասում ենք այն, ինչ անձնական է, մինչդեռ իրականում մենք խոսում ենք համընդհանուր բաներից:
Երբ ես ասում եմ՝ «Ես մրսում եմ», այդ ես եմ, բայց նա, ում լսում են, ես չեմ: Ես անհետանում եմ խոսքի այդ երկու վայրկյանների ընթացքում, այն ամենը, ինչ ինձնից մնում է, մարդն է, ով մրսում է, և այդ մարդը պատկանում է բոլորին:
Լեզվի մեջ ես չեմ կարող լռություն պահպանել: Խոսելով՝ ես ինձ նետում եմ չերևացող, մի խորթ վայր և պատասխանատվություն եմ կրում դրա համար: Ես պետք է դառնամ համընդհանուր:
Անցյալին պատկանելը ինձ նույնքան հաճույք է պատճառում, որքան չպատկանելը:
Ես պետք է հաշվի նստեմ խոնարհության հետ, զգուշության ու սեփական մարմնի միջակության հետ, համընդհանուրի հետ, որի մեջ անզգուշորեն նետում եմ ինձ: Ահա իմ միակ հնարավորությունը, միակ պատգամը:
Ես ասացի, որ սիրում եմ, ահա շփումը: Հիմա ես պետք է ինձ զոհ մատուցեմ, որ իսկապես կարողանամ սիրել գոյությունը երկրագնդի վրա: Իսկ հետո՝ այս երկար սխեմայի վերջում, ես կդադարեմ լինել նա, ով սիրում էր: Դա նշանակում է, որ ես կվաստակեմ անուն, որն ինքս էի ինձ տվել:
Մեկը, ով ոչ շատ, ոչ քիչ… լավը չէ ուրիշներից, բայց ուրիշներն էլ լավը չեն իրենից:
1995թ.
ռուսերենից թարգմ. ՄԵՐՐԻ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Ընտիր էր, իրոք ուրիշ մտածողություն լրիվ, կարելիա շատ կարդալ ու իրա ֆիլմերը ավելի շատ նայել
ReplyDelete