Էռնեստ Հեմինգուեյ | Ernest Hemingway

(1899 - 1961թթ. ԱՄՆ)
Հեմինգուեյը կնոջ՝ Մարթա Գելհըրնի հետ, 1941թ., ԱՄՆ, Այդահո: Լուսանկարիչ՝ Ռոբերտ Կապա 


ՖՐԵՆՍԻՍ ՄԱՔՈՄԲԵՐԻ ԿԱՐՃԱՏԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
վիպակ

      Արդեն նախաճաշի ժամն էր, և նրանք բոլորը, նստած ճաշելու երկծածկ կանաչ վրանի տակ, ձևացնում էին, թե ոչինչ չի պատահել։
- Կիտրոնի հյո՞ւթ կխմեք, թե՞ մրգահյութով ըմպելիք, - հարցրեց Մաքոմբերը։
-Ինձ կոկտեյլ,- պատասխանեց Ռոբերթ Վիլսոնը։
- Ես էլ կոկտեյլ կխմեմ, սիրտս ինչ-որ բան է ուզում, - ասաց Մաքոմբերի կինը։
Սպասավորն արդեն սկսել էր պատրաստությունը. կտավե սառցապարկերից շշեր էր հանում, որոնք վրանները ստվերող ծառերի զովից անմիջապես սկսում էին քրտնել։
-Որքա՞ն պիտի տամ նրանց,- հարցրեց Մաքոմբերը։
-Մեկ ֆունտը լիովին բավական է ,-պատասխանեց Վիլսոնը,- կարիք չկա դրանց երես տալ։
-Մեծը կբաժանի՞։
- Այո, հանգիստ եղեք։

    Ֆրանսիս Մաքոմբերին կես ժամ առաջ էին իրենց ուսերի ու ձեռքերի վրա ճամբարի սահմաններից հաղթականորեն ներս բերել խոհարարը, կաշեգործն ու բեռնակիրը։ Այս արարողությանը զինակիցները մասնակից չէին եղել։ Երբ վրանի մուտքի մոտ բնիկները նրան իջեցրին, նա սեղմեց բոլորի ձեռքերը, ընդունեց շնորհավորանքները, ներս մտավ ու նստեց անկողնուն՝ սպասելով կնոջը։ Կինը, երբ եկավ, ոչինչ չասաց, ու նա դուրս եկավ վրանից, որ ճամփորդական տաշտակում լվանա դեմքն ու ձեռքերը և նստի ճաշելու զովաշունչ ու ստվերոտ վրանի ծղոտե, հարմարավետ աթոռին։

- Դուք խփեցիք ձեր բաժին առյուծը,- ասաց Ռոբերթ Վիլսոնը,- անիծվածն այնքան էլ լա՛վն էր։
Միսս Մաքոմբերը կտրուկ նայեց Վիլսոնին։ Նա չափազանց սիրունատես ու լավ պահպանված կին էր։ Տարիներ առաջ, իր հասարակական դիրքի ու գեղեցկության շնորհիվ, հինգ հազար դոլար էր վաստակել՝ գովազդելով դիմահարդարման մի միջոց, որը երբեք չէր գործածել։ Ֆրենսիս Մաքոմբերի հետ ամուսնացել էր տասնմեկ տարի առաջ։
-Լավ առյուծ էր, այնպես չէ՞,- ասաց Մաքոմբերը։
Հիմա արդեն կինը նայեց նրան։ Երկու տղամարդկանց էլ այնպես էր նայում, կարծես առաջին անգամ էր տեսնում։ Վիլսոնին՝ սպիտակամորթ որսորդին, իրոք որ առաջին անգամ էր տեսնում։ Նա միջահասակ էր, ավազագույն մազեր ուներ, կարճ խուզած մորուք, արևից կարմրած դեմք։ Չափազանց սառն ու կապույտ աչքերի տակ հազիվ նշմարելի սպիտակ կնճիռներ կային, որ ծիծաղելիս աշխուժորեն սփռվում էին աչքերի շուրջ։ Նա հայացքը Վիլսոնի դեմքից սահեցրեց ուսերի կորությամբ, որոնք լայն բաճկոնի տակից լավ ընդգծվում էին։ Բաճկոնի ձախ գրպանի օղակներից չորս մեծ փամփուշտներ էին կախված։ Հետո նայեց մեծ, սևացած ձեռքերին, հնամաշ տաբատին, կեղտոտ կոշիկներին ու նորից հայացքն ուղղեց կարմիր դեմքին։ Նկատեց դեմքի կարմիրն ավարտող սպիտակ երիզը՝ մնացած լայնեզր գլխարկից, որն արդեն վրանի հենասյան մեխերից մեկից էր կախված։
-Դե լավ, խմենք առյուծի համար, - ասաց Ռոբերթ Վիլսոնը։
Նա նորից ժպտում էր միսս Մաքոմբերին, որն առանց ժպիտի, հետաքրքրությամբ նայում էր ամուսնուն։
Ֆրենսիս Մաքոմբերը շատ բարձրահասակ էր՝ բավականին լավ կառուցվածքով, եթե չհաշվենք ոսկորների երկարությունը։ Թիավարողի պես կարճ կտրած, մուգ մազեր ուներ, չափազանց նեղ շրթունքներ և գեղեցկատես տղամարդ էր համարվում։ Հագին, Վիլսոնի նման, որսորդական սաֆարի էր, միայն այն տարբերությամբ, որ նոր էր։ Երեսունհինգ տարեկան էր, ձիգ կազմվածքով, լավ թենիս ու բասկետբոլ էր խաղում, մի քանի անգամ ձկնորսական մրցույթներում մրցանակներ էր շահել, իսկ քիչ առաջ այդքան մարդու ներկայությամբ իրեն վախկոտի պես էր պահել։
-Խմենք առյուծի համար,- ասաց նա,- երևի երբեք չկարողանամ շնորհակալություն հայտնել ձեր արածի դիմաց։ Կինը՝ Մարգրեթը, հայացքը հեռացրեց նրանից և ուղղեց Վիլսոնին։
- Երկեք չխոսենք առյուծի մասին,- ասաց նա։
Վիլսոնն առանց ժպտալու նայեց նրան. հիմա արդեն կինն էր ժպտում իրեն։
- Արտասովոր օր էր, - ասաց Մարգրեթը։
- Ինձ թվում է, որ կեսօրին, նույնիսկ ծածկի տակ, պետք է գլխարկ դնել, դուք եք ասել, չե՞ք հիշում։
- Կարելի է և դնել, - ասաց Վիլսոնը։
- Գիտե՞ք, Ձեր դեմքը շատ է կարմիր, միսթր Վիլսոն,- ասաց նա ու նորից ժպտաց։
- Խմելուց է, - պատասխանեց Վիլսոնը։
-Ես այդպես չեմ կարծում, Ֆրենսիսն էլ է շատ խմում, բայց նրա դեմքը երբեք չի կարմրում։
-Այսօր կարմիր է, - փորձեց կատակել Վիլսոնը։
-Ոչ,- ասաց Մարգեթը, - այդ իմն է այսօր կարմրել, իսկ միսթր Վիլսոնի դեմքը միշտ է կարմիր։
-Միգուցե իմն է, - ասաց Վիլսոնը,- բայց կարծում եմ բավական է քննարկենք իմ գեղեցկության հարցը։
-Իսկ ես նոր էի միայն սկսել։
- Ավելի լավ է վերջացնենք,- ասաց Վիլսոնը։
- Ծանր խոսակցություն է սկսվելու,- ասաց Մարգրեթը։
-Հիմարություններ դուրս մի տուր, Մարգո, - ասաց ամուսինը։
-Ի՞նչ ծանր խոսակցություն, երբ հրաշալի առյուծ ենք խփել, - ասաց Վիլսոնը։
Մարգոն նայեց երկուսին, և նրանք երկուսն էլ զգացին, որ նա ուր որ է լաց կլինի։
Վիլսոնն արդեն զգացել էր և վախենում էր։
Մաքոմբերը վաղուց արդեն չէր վախենում այդպիսի բաներից։
- Երանի այդպես չլիներ, ա՛խ, երանի այդպես չլիներ, - ասաց նա ու քայլերն ուղղեց դեպի վրանը։ Լացի ձայն չէր գալիս, բայց նրանք տեսնում էին, թե ինչպես էին վարդագույն թափանցիկ բաճկոնի տակ ցնցվում նրա ուսերը։
- Կանացի իրարանցում,- ասաց Վիլսոնը։ - Դատարկ բաներ են, նյարդերն են լարվել։
- Ոչ, - ասաց Մաքոմբերը, - ինձ թվում է, որ ամբողջ կյանքում պիտի սղոցվեմ դրա համար։
- Հիմարություն, ավելի լավ է խմենք այս հսկային սպանողի կենացը, - ասաց Վիլսոնը, - մոռացեք ամեն ինչ։ Մի հիշեք այլևս։
-Կջանամ, - ասաց Մաքոմբերը։ - Այնուամենայնիվ, երբեք չեմ մոռանա, թե ինչ արեցիք ինձ համար։ 
-Դե լավ,- ասաց Վիլսոնը, - անիմաստ բաներ են։ 

Նրանք նստեցին ստվերում, այդտեղ՝ լայնասաղարթ ակացիաների տակ՝ քարքարոտ ստորոտում, ճամբարն էր, առջևում՝ խոտի կանաչ մի լեզվակ, որ ձգվում էր դեպի անտառամերձ լեռնային գետակը։ Մինչ սպասավորները ընթրիքի սեղանն էին պատրաստում, նրանք խմում էին արդեն տաքացած կիտրոնի հյութը՝ ձևացնելով, թե ոչինչ չի պատահել։ 
Վիլսոնը չէր կարծում, որ բոլոր սպասավորները գիտեն եղածի մասին, և երբ տեսավ, թե ինչպիսի հետաքրքրությամբ է ափսեներ շարող սպասավորը նայում տիրոջը, սվահիլերենով կշտամբեց նրան։ Սպասավորն անտարբերությամբ շրջեց դեմքը։
-Ի՞նչ ասացիք նրան,- հարցրեց Մաքոմբերը։
- Ոչի՜նչ, ասացի, որ ավելի աշխույժ լինի, այլապես կհրամայեմ տասնհինգ հարված հասցնել։
- Այդ ինչպե՞ս, մտրակո՞վ։
-Իհարկե, չի կարելի, - ասաց Վիլսոնը, - Ճիշտը տուգանելն է։
- Միթե՞ մինչև հիմա ծեծում եք նրանց։
- Օ, այո՜։ Անշուշտ, կարող են մեծ աղմուկ բարձրացնել, եթե մտքներին դնեն։ Բայց չեն անի։ Նախընտրում են ծեծ ուտել, քան տուգանք մուծել։
- Ինչ տարօրինակ է, - ասաց Մաքոմբերը։
- Իրականում այնքան էլ տարօրինակ չէ, - ասաց Վիլսոնը։ 
- Դուք ո՞րը կնախընտրեիք՝ ճիպոտով մի լավ ծե՞ծ ուտել, թե աշխատավարձը կորցնել։
Հետո անհարմար զգաց հարցի համար և, մինչ Մաքոմբերը կպատասխաներ, շարունակեց։ - Այսպես թե այնպես մենք ամեն օր ծեծ ուտում ենք, համամիտ չե՞ք։
Այս միտքն ավելի լավը չէր։ «Աստված իմ, - մտածեց Վիլսոնը, - ինձանից դիվանագետ դուրս չի գա»։ 
- Այո, ծեծ ուտում ենք,- ասաց Մաքոմբերը՝ շարունակելով չնայել նրան։ - Շատ եմ ափսոսում առյուծի հետ կապված պատմության համար։ Ինձ թվում է, որ հեռու չի գնա, այնպես չէ՞։ Ուզում եմ ասել՝ ոչ ոք չի իմանա այդ մասին։
- Ուզում եք իմանալ՝ այդ մասին կպատմե՞մ Մատայգա ակումբում, թե՝ ոչ։
Վիլսոնի հայացքն այս անգամ սառեց։ Այդ մեկը նա չէր սպասում։ «Ուրեմն սա ոչ միայն ամենավերջին վախկոտն է, - մտածեց Վիլսոնը, - այլև՝ սրիկա»։ Մինչ այդ նույնիսկ սիրում էր նրան։ Բայց ո՞վ գլուխ կհանի այս ամերիկացիներից։ 
- Ոչ, - ասաց Վիլսոնը, - ես պրոֆեսիոնալ որսորդ եմ, իսկ մենք երբեք չենք պատմում մեր հաճախորդների մասին։ Դուք կարող եք լիովին վստահ լինել։ Ընդհանրապես ընդունված չէ այդ մասին մեզ խնդրել։ 
Հետո նա մտածեց, որ ընդհարվելն ավելի լավ կլիներ։ Ինքը մենակ կճաշեր ու գիրք կկարդար ճաշի ընթացքում։ Նրանք էլ մենակ կճաշեին։ Ամբողջ որսի ընթացքում նա կբավարարեր նրանց պահանջները, ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ հավուր պատշաճի։ Եվ այդպես ավելի լավ կլիներ, քան այս զգացմունքների մեջ խճճվելը։ Պետք էր վիրավորել Մաքոմբերին ու ընդհարվել հետը ։ Այսպես նա կկարողանար ճաշի ժամանակ գիրք կարդալ ու շարունակել նրանց վիսկին խմել։ Միշտ այս խոսքերն էին ասում, երբ որսի գործերը լավ չէին գնում։ Հանդիպում ես մի ուրիշ սպիտակ որսորդի ու հարցնում. ինչպե՞ս են գործերդ, ու նա պատասխանում է՝ ա՛, ես դեռ նրանց վիսկին եմ խմում, և դու հասկանում ես՝ սատանան տանի։
- Ներեցեք, - ասաց Մաքոմբերն ու Վիլսոնին ուղղեց ամերիկացու իր դեմքը, որ մինչև ծերություն տղայական պիտի մնար։ Եվ Վիլսոնը նկատեց նրա կարճ խուզած մազերը, մի քիչ ծարավ աչքերը, ուղիղ քիթը, նեղ շրթունքներն ու գեղեցիկ կզակը։
- Ցավում եմ, որ այդ մասին չէի մտածել։ Այնքա՛ն բան կա, որ չգիտեմ։
«Հիմա ի՞նչ անեմ, - մտածեց Վիլսոնը»։ Որոշել էր անմիջապես, առանց երկարացնելու ընդհարվել, իսկ այս ողորմելին վիրավորանքից հետո էլ եկել, մեղա է գալիս։ Նա մի փորձ էլ արեց։
- Հանգիստ եղեք, չեմ ասի,- ասաց Վիլսոնը, - ինձ իմ փողն է հետաքրքրում։ Իսկ գիտե՞ք, որ Աֆրիկայում ոչ մի կին երբեք չի կորցնում իր առյուծը, և ոչ մի սպիտակ որսորդ չի փախչում երբեք։
-Ես նապաստակի պես փախա, - ասաց Մաքոմբերը։
Դե արի, սատանան նույնիսկ գլուխ չի հանի մի մարդուց, որն այսպիսի բաներ է դուրս տալիս մտածեց Վիլսոնը։
Վիլսոնն իր անտարբեր, գնդացրորդի կապույտ աչքերը հառեց Մաքոմբերին, իսկ նա պատասխանեց ժպիտով։
Գեղեցիկ ժպիտ ուներ, եթե աչքերը չմատնեին թախիծը։
- Միգուցե բախտս գոմեշների որսի ժամանակ բերի,- ասաց նա,- հաջորդը նրանց հերթն է, այնպես չէ՞։
-Թեկուզ՝ առավոտյան, - պատասխանեց Վիլսոնը։ Թերևս ինքը ճիշտ չէր։ Անշուշտ այսպես էլ պետք էր շարունակել։ Գլուխ չես հանի այս ամերիկացիներից։ Նա նորից Մաքոմբերի կողմն էր։ Միայն թե մոռանար առավոտվա դեպքը։ Բայց ինչպե՜ս կարող էր մոռանալ։ Ավելի տհաճ առավոտ չէր էլ կարելի պատկերացնել։
- Ահա՜, Մեմսաիբն է գալիս, - ասաց նա։
Նա դուրս եկավ իր վրանից թարմացած, զվարթ և բավական գեղեցկացած։ Դեմքի շրջագիծը կատարյալ էր, այնքան կատարյալ, որ կարելի էր կարծել, թե հիմար է։ Բայց նա հիմար չէր։ 
- Ինչպե՞ս է կարմրադեմ միսթր Վիլսոնը։ Դու քեզ ավելի լա՞վ ես զգում, իմ թանկագին Ֆրենսիս։
- Ավելին,- ասաց Մաքոմբերը։ 
- Ես ամեն ինչ մոռացել եմ, - ասաց նա՝ նստելով սեղանի մոտ։
- Ինչ կարևոր է, թե Ֆրենսիսը լավ է սպանում առյուծներ կամ՝ ոչ։ Դա նրա գործը չէ։ Դա միսթր Վիլսոնի գործն է։ Միսթր Վիլսոնն, իրոք, շատ տպավորիչ է սպանում ամեն ինչ։ Դուք ամեն ինչ սպանում եք, այնպես չէ՞։
- Օ՛, այո, - ասաց Վիլսոնը, - բացարձակապես ամեն ինչ։
Նրանք աշխարհում ամենադաժանն են, մտածեց Վիլսոնը, ամենաանգութը, ամենագիշատիչն ու ամենահմայիչը, և նրանց ամուսինները կամ կակղում են կամ դաժան ու նյարդային դառնում։ Իսկ միգուցե այդպիսի ամուսիններ են ընտրում, որ հետո կառավարե՞ն նրանց։ Բայց չէ՞ որ այդքանը չեն կարող հասկանալ այն տարիքում, երբ ամուսնանում են, մտածեց Վիլսոնը։
- Առավոտյան գոմեշներ ենք որսալու,- ասաց նրան։
- Ես էլ եմ գալիս, - ասաց միս Մաքոմբերը։
- Ոչ դուք չեք գա։
-Ոչ, գալու եմ, այնպես չէ՞, Ֆրենսիս։
- Ինչու՞ չես ուզում ճամբարում մնալ։
- Ոչ մի դեպքում, - պատասխանեց նա,- ոչ մի գնով բաց չեմ թողնի այսօրվա դեպքի պես ևս մի դեպք։
Երբ նա գնաց, գնաց, որ լաց լինի, Վիլսոնը մտածեց, որ լավ կին է։ Թվում էր, թե նա հասկանում, պարզ տեսնում է կատարվածը և վշտացած է թե իր, թե ամուսնու համար։ Բայց, չանցած քսան րոպե, վերադառնում է իսկական ամերիկյան էգի անգթությամբ։ Նզովյալ կանայք, իրոք որ նզովյալ։ 
- Վաղը քեզ համար ուրիշ ներկայացում կպատրաստենք,- ասաց Ֆրենսիս Մաքոմբերը։
- Դուք չե՜ք գալու, - ասաց Վիլսոնը։
- Սխալվում եք, - պատասխանեց կինը։ Ես ուզում եմ նորից Ձեզ տեսնել։ Այս առավոտ Դուք հրաշալի էիք։ Եթե, իհարկե, գլուխ թռցնելը հրաշալի է։
- Ահա և նախաճաշը,- ասաց Վիլսոնը։ - Կարծես թե շատ եք ուրախ, այնպես չէ՞։
- Իսկ ինչու՞ ոչ։ Ես այստեղ չեմ եկել տխրելու։
- Դե, մինչև հիմա տխուր չի եղել,- ասաց Վիլսոնը։
Նա նայում էր գետի գլաքարերին, բարձր, ծառածածկ ափին ու հիշում էր առավոտը։
- Իհարկե՝ ոչ, - պատասխանեց կինը,- զվարճալի է եղել։ Չեք պատկերացնում, թե ես ինչպես եմ սպասում վաղվան։
-Ահա, Ձեզ եղջերուի միս են մատուցում,- ասաց Վիլսոնը։
- Դրանք կովի նման մեծ կենդանիներ են, չէ՞, որ ճագարի պես ցատկում են։
-Կարծում եմ ճիշտ նկարագրեցիք, - ասաց Վիլսոնը։
- Շատ համեղ միս է, - ասաց Մաքոմբերը։
- Դու՞ ես խփել, Ֆրենսիս, - հարցրեց կինը։
-Այո։
-Վտանգավոր չե՞ն։
- Ոչ, միայն թե գլխիդ չթափվեն, - պատասխանեց Վիլսոնը։
-Ես այնքան ուրախ եմ։
-Չե՞ս կարող քիչ շատախոսել, Մարգո, - ասաց Մաքոմբերը՝ մի կտոր միս կտրելով, վրան կարտոֆիլի պյուրե, գազար ու սոուս ավելացնելով։
-Կփորձեմ, չէ՞ որ այնքան նրբորեն ես խնդրում։
- Երեկոյան շամպայն կխմենք առյուծի համար,- ասաց Վիլսոնը։ -Կեսօրին շատ է շոգ։
-Ա՛, առյուծը, - ասաց Մարգոն, -իսկ ես արդեն մոռացել էի։
Ահա, մտածեց Ռոբերթ Վիլսոնը, հիմա էլ ծաղրում է, իսկական ներկայացում։ Իսկ ինչպես պահի իրեն կինը, երբ հայտնաբերել է, որ ամուսինը ամենավերջին վախկոտն է։ Սարսափելի անողոք է, բայց նրանք բոլորն են անողոք։ Նրանք կառավարում են և, անշուշտ, կառավարելու համար երբեմն պետք է անողոք լինել։ Իսկ ընդհանրապես կուշտ եմ սրանց սատանայական խաղերից։
-Խնդրեմ, միս վերցրու, - նա քաղաքավարությամբ դիմեց կնոջը։

Ետկեսօրին Վիլսոնն ու Մաքոմբերը՝ երկու զինակիրների և տեղացի վարորդի ուղեկցությամբ դուրս եկան ճամբարից։ Միսս Մաքոմբերը մնաց ճամբարում՝ ասելով, որ առավոտ վաղ է արթնանալու։
Երբ շարժվեցին, Վիլսոնը նրան տեսավ մեծ ծառի տակ կանգնած. բաց վարդագույն զգեստով նա ավելի շատ քնքուշ էր, քան գեղեցիկ։ Շագանակագույն մազերը ետ էին սանրված ու կզակի վրա հանգույց էին կազմում։ Դեմքն այնքան թարմ է, մտածեց Վիլսոնը, կարծես Անգլիայում լինի։
Կինը ձեռքով էր անում նրանց, իսկ մեքենան, ճեղքելով ձորակի բարձր խոտերն ու մի քանի պտույտ անելով, մոտենում էր մամխի փոքրիկ բլուրներին։
Մամխի մացառներում ջրային եղջերուների մի հոտ երևաց։ Իջնելով մեքենայից՝ երկար, փռված կոտոշներով մի ծեր եղջերու դարանակալեցին, և Մաքոմբերը երկու հարյուր յարդ տարածությունից մի պատվաբեր կրակոցով տապալեց նրան։ Խրտնած եղջերուները, մեկը մյուսի ետևից ցատկելով ու թռչելով, իրար հրմշտելով ու կոխկրտելով, փախան այնպիսի աներևակայելի ու ծորուն թռիչքներով, որ երբեմն երազներում են միայն լինում։
-Լավ հարված էր, - ասաց Վիլսոնը։ - Նրանց խփելն այնքան էլ հեշտ չէ։
-Արժանի՞ որս էր, - հարցրեց Մաքոմբերը։
-Հրաշալի, - պատասխանեց Վիլսոնը, - այ, եթե միշտ այդպես խփեք, ամեն ինչ լավ կլինի։ -Ի՞նչ եք կարծում, վաղը գոմեշների կհանդիպե՞նք։
-Լավ հնարավորություններ կան, նրանք լուսաբացին արածելու են դուրս գալիս ու, եթե մեր բախտը բերի, կարող ենք բաց տեղանքում բռնացնել։
-Այնպես եմ ուզում հաշիվներս մաքրել այդ առյուծի հետ,- ասաց Մաքոմբերը, - Այնքան էլ հաճելի բան չէ, երբ կինդ քեզ այդպիսի վիճակում է տեսնում։
Եղածն առանց այդ էլ տհաճ է, մտածեց Վիլսոնը, ինչ կարևոր է ՝ տեսել է կինդ, թե ոչ, նույնիսկ այդ մասին խոսելն է տհաճ։
Բայց նա ասաց. 
- Ձեր փոխարեն այդ մասին այլևս չէի մտածի։ Ո՞վ չէր շփոթվի իր կյանքում առաջին առյուծից։ Այդ ամենն արդեն անցել է։
Սակայն այդ գիշեր, ճաշից ու խարույկի մոտ սոդայով վիսկի խմելուց հետո, երբ Ֆրենսիս Մաքոմբերը պառկել էր մոծակներից պաշտպանող ծածկի տակ և ունկնդրում էր գիշերային ձայները, ամեն ինչ չէր, որ անցել էր։ Ոչ անցել էր այդ ամենը, ոչ էլ սկսվում էր։ Ամեն ինչ նրան երևում էր ճիշտ այնպես, ինչպես եղել էր՝ դեռ որոշ մասեր էլ անջնջելիորեն ընդգծված, և այդ ամենից նա սաստիկ ամաչում էր։ Բայց ամոթից ավելի նա իր մեջ սառն ու դատարկ վախ էր զգում։ Վախը, ինչպես սառն ու քաշող ճահճափոս, իր մեջ էր՝ այնտեղ, ուր մի ժամանակ վստահությունն էր։ Այդ ամենը նրան տագնապեցնում էր։ Վախը դեռևս իր մեջ էր։ Ամեն ինչ սկսվեց նախորդ գիշեր, երբ արթնացավ գետի մոտակայքում մռնչացող առյուծի ձայնից։ Ձայնը հեռվից էր գալիս ու վերջանում մռթմռթացող հազով, որ կարծես թե այդտեղ՝ վրանի մոտ լիներ։ Եվ երբ գիշերվա մեջ Ֆրենսիս Մաքոմբերն արթնացավ այդ ձայնից, վախեցավ։ Լսվում էր քնած կնոջ համաչափ շնչառոթյունը։ Չկար մեկը, որին հայտներ իր վախը կամ էլ կիսեր, իսկ նա պառկած էր մենակ ու չգիտեր սոմալիական այն ասացվածքը, թե քաջ տղամարդը կյանքում երեք անգամ է վախենում առյուծից. երբ առաջին անգամ տեսնում է հետքը, երբ լսում է մռնչյունը, և, երբ առաջին անգամ հանդիպում է նրան։
Հետո, երբ լուսաբացից առաջ լապտերի լույսի տակ նախաճաշում էին վրանում, առյուծը նորից մռնչաց, ու Ֆրենսիսին թվաց, թե առյուծն այնտեղ է՝ Ճամբարի մոտակայքում։
- Ծեր առյուծի ձայն է,- ասաց Ռոբերթ Վիլսոնը՝ գլուխը բարձրացնելով սուրճի սեղանից։ - Լսեք, թե ինչպես է հազում։
- Այստեղ՝ մոտակայքու՞մ է։
- Գետի հունի ուղղությամբ մեկ մղոնի վրա կլինի։
- Կտեսնե՞նք նրան։
- Պետք է փնտրել։
-Այդքան հեռվից ինչպես էլ հասնում է ձայնը, կարծես թե հենց ճամբարում լինի։
-Ավելի հեռվից էլ է լսվում, - ասաց Ռոբերթ Վիլսոնը, - զարմանալի է, բայց հասնում է ։ Հուսանք, որ հեշտ կխփենք։ Տղաները տեսել են, ասում են՝ հսկա է։
-Եթե հանդիպեց, ո՞ր մասին նշան բռնեմ,- հարցրեց Մաքոմբերը։
-Թիակներին, - պատասխանեց Վիլսոնը,- պարանոցին, եթե կարող եք, ոսկորներին խփեք։ Պետք է միանգամից տապալել։
-Հուսանք, որ լավ կխփեմ,- ասաց Մաքոմբերը։
-Դուք հրաշալի եք կրակում,- պատասխանեց Վիլսոնը։ - Պետք չէ շտապել։ Աշխատեք չվրիպել։ Վճռականն առաջին կրակոցն է։
-Ինչպիսի՞ հեռավորությունից։
-Չեմ կարող ասել։ Առյուծից է կախված։ Պետք չէ կրակել, քանի դեռ լավ նշան չեք բռնել։
-Հարյուր յարդը բավակա՞ն է,- հարցրեց Մաքոմբերը։
Վիլսոնը կտրուկ նայեց նրան։
-Կարծես թե մի քիչ մոտ է, բայց ավելի հեռվից կարիք չկա փորձել։ Հարյուր յարդը լավ հեռավորություն է։ Կարող ես ցանկացած տեղին նշան բռնել։ Ահա, Մեմսաիբն է գալիս։
-Բարի լույս,- ասաց նա։ - Դե ինչ, գնալու՞ ենք առյուծի հետևից։
-Հենց որ նախաճաշը վերջացնենք,- պատասխանեց Վիլսոնը։ - Իսկ ինչպե՞ս եք Ձեզ զգում։
-Հրաշալի,- ասաց նա։ - Ես այնքան հուզված եմ։
-Գնամ տեսնեմ ամեն ինչ կարգին է՞։
Վիլսոնը գնաց։
Երբ նա հեռացել էր, առյուծը նորից մռնչաց։ 
-Ողորմելի ճղճղան, - ասաց Վիլսոնը։ - Շուտով վերջդ կտանք։
-Ի՞նչ է պատահել, Ֆրենսիս, - հարցրեց կինը։
-Ոչինչ, - պատասխանեց Մաքոմբերը։
-Քեզ ի՞նչն է այդպես մտահոգում։
-Ոչի՜նչ։
-Ասա՜ ինձ։
Կինը նրան էր նայում։
-Դու քեզ լավ չե՞ս զգում։
-Այդ անիծված մռնչյունն է,- ասաց նա,- ամբողջ գիշեր ոռնացել է, գիտե՞ս։
-Ինչու՞ ինձ չես արթնացրել։ Այնպես կուզեի լսել։
-Այդ անիծվածին սպանելու եմ, - անվստահ ասաց Մաքոմբերը։
-Բայց չէ՞ որ դու դրա համար էլ եկել ես այստեղ։
-Այո, բայց ես նյարդացած եմ։ Այս մռնչյունն ազդում է նյարդերիս վրա։
- Այդ դեպքում սպանիր նրան և, ինչպես Վիլսոնն է ասում՝ լուծիր հարցերդ։
- Իհարկե, սիրելիս, - ասաց Ֆրենսիս Մաքոմբելը։ - Ասելն այնքան հեշտ է։
- Դու, ինչ է՝ վախենո՞ւմ ես։
-Իհարկե՝ ոչ, բայց ամբողջ գիշեր նրա մռնչոցը լսելուց նյարդայնացած եմ։
-Դու նրան հրաշալիորեն կխփես,- ասաց նա։ - Ես գիտեմ, որ դու կխփես։ Ես այնպես եմ ուզում տեսնել դա։
- Նախաճաշդ վերջացրու, որ շարժվենք։
- Դեռ լույսը չի բացվել։ Շատ տհաճ ժամ է։
Հենց այդ պահին առյուծը նորից մռնչաց խորը, կրծքային վայունով, որն աստիճանաբար բարձրանալով՝ կարծես թե ճեղքեց օդն ու վերջացավ ծանր, խորը կրծքային հառաչով։
- Ձայնը միշտ այս կողմերից է գալիս,- ասաց կինը։
- Աստված իմ, - ասաց Մաքոմբերը։ - Ատում եմ այդ անիծված ձայնը , չափազանց ազդու է։
- Ազդու, ուղղակի սարսափելի է։
Ժպտալով նրանց մոտեցավ Ռոբերթ Վիլսոնը՝ ուսին իր կարճ ու անճոռնի, չափազանց ծանր փողով, 0.505 տրամաչափի Ջիբս հրացանը։
-Շարժվեցինք,- ասաց նա։ Ձեր Սփրինգֆիլդն ու մեծ հրացանը զինակրի մոտ են, մեքենայում։ Իսկ փամփուշտներ վերցրե՞լ եք։
Հեմինգուեյն ու կինը` Մարթան, գնում են որսի. 1941թ., Ամն, Այդահո: լուսանկարիչ՝ Ռոբերտ Կապա
-Այո՜։
- Ես պատրաստ եմ, - ասաց միսս Մաքոմբերը։
- Նստեք առջևում։ Մեսաիբը կնստի ետևում՝ իմ կողքին,- ասաց Վիլսոնը։
Տեղավորվեցին մեքենայում և վաղորդյան արծաթ լույսի տակ, ծառերի միջով շարժվեցին գետի հոսանքն ի վեր։
Մաքոմբերը բացեց իր հրացանի փակաղակը և տեսնելով մետաղածածկ գնդակները՝ նորից փակեց սողնակը՝ հրացանը թողնելով պատրաստ վիճակում։ Ձեռքերը դողում էին։ Զգաց, որ գրպաններում էլի փամփուշտներ կան ու ձեռքով շոշափեց բաճկոնին ամրացված փամփուշտները։ Ետ շրջվեց։ Անդուռ, տուփի նման մեքենայի ետնամասում, կնոջ կողքին Վիլսոնն էր, ու նրանք երկուսն էլ տագնապած ծիծաղում էին։ Վիլսոնն առաջ եկավ ու շշնջաց։
-Տեսեք, թռչուններն իջնում են։ Ուրեմն ծեր առյուծը հեռացել է որսից։
Մաքոմբերը տեսնում էր, թե ինչպես էին գետի հեռավոր ափին, ծառերի վերևում պտույտներ գործում անգղերն ու մեկ-մեկ վայր իջնում։
- Կարծում եմ պառկելուց առաջ նա դեռ այստեղ կգա ջուր խմելու, - շշնջաց Վիլսոնը։
Մեքենան դանդաղ, վեր ու վար անելով հսկա ծառերի արանքով՝ շարժվում էր գետի բարձր ափով, որն այդ տեղում անսպասելիորեն փոխում էր ընթացքը՝ մտնելով քարքարոտ հունի մեջ։ Մաքոմբերը դիմացի ափն էր հետևում, երբ զգաց, որ Վիլսոնը ձեռքը տարավ հրացանին։ Մեքենան կանգնեց։
- Ահա նա, - շշնջաց Վիլսոնը։ - Առջևում, դեպի ձախ։ Իջեք մեքենայից ու խփեք։ Փառահեղ առյուծ է։

Մաքոմբերը տեսավ առյուծին։ Նա կանգնած էր կողքի վրա՝ հսկայական գլուխը նրանց կողմը շրջած։ Վաղորդյան զեփյուռը ծածանում էր առյուծի սև բաշը, և առավոտվա մոխրագույն լույսի մեջ, գետի բարձր ափին ուրվագծվող առյուծը՝ հզոր կրծքով, ողորկ ու փայլուն մարմնով, հսկա էր թվում։
- Ինչքա՞ն է հեռու, - հարցրեց Մաքոմբերը՝ բարձրացնելով հրացանը։
- Մոտավորապես յոթանասունհինգ յարդ։ Դուրս եկեք ու խփեք։ 
- Իսկ ինչու՞ այստեղից չկրակել։
- Մեքենայից առյուծ չեն խփում,- հնչեցին Վիլսոնի խոսքերը։ - Դուրս եկեք։ Նա չի պատրաստվում ամբողջ օրն այդտեղ մնալ։
Մաքոմբերը ոտքը դուրս հանեց կողքից, դրեց աստիճանին, հետո գետնին։ Առյուծը դեռևս կանգնած, հպարտ ու սառը հայացքով զննում էր այն առարկան, որն իրեն որպես հսկայական ռնգեղջյուր էր ուրվագծվում։ Մարդու հոտ նրան չէր հասնում, և աջ ու ձախ շարժելով հսկայական գլուխը՝ նայում էր անծանոթ առարկային։ Հետո, երբ նայում էր, բայց ոչ թե վախենում, այլ վարանում էր մոտենալ ափին և այդ առարկայի ներկայությամբ ջուր խմել, տեսավ, որ նրանից մարդկային կերպարանք առանձնացավ։ Թեքեց ծանր գլուխն ու օրորվելով շարժվում էր դեպի ծառերի ծածկը, երբ ճարճարտյունի ձայն լսեց ու զգաց 220 գրեյնանոց, 30-60 տրամաչափի կարծր փամփուշտի հարվածը, որը մխրճվեց կողքն ու անսպասելի այրող սրտխառնոց առաջացնելով՝ հասավ ստամոքսին։ Վիրավոր ու ծանրաքայլ, օրորվելով ծառերի միջով՝ փախավ պատսպարվելու բարձր խոտերի մեջ, երբ նորից կրակոց լսվեց, որ ճեղքելով օդը՝ սուրաց նրա գլխավերևում։ Դարձյալ կրակոց, ու նա զգաց, թե ինչպես հարվածից տաքացան ստորին կողոսկրերը, ցավը տարածվեց ու բերանում տաք ու փրփրախառն արյուն հայտնվեց։ Նետվեց դեպի բարձր խոտերը, ուր կարող էր թաքնվել ու ստիպել, որ այդ ճայթող առարկան այնքան մոտենա, որ ինքը կարողանա ցատկել ու հոշոտել այն կրող մարդուն … 
Մաքոմբերը չէր մտածել, թե ինչ կարող էր զգալ առյուծը, երբ ինքը դուրս էր եկել մեքենայից։ Միայն զգում էր, որ ձեռքերը դողում էին և որքան հեռանում էր մեքենայից, այնքան դժվարությամբ էին առաջ գնում ոտքերը։ Զիստերը ձգվել էին, բայց մկաններում թրթռոց էր զգում։ Բարձրացրեց հրացանը, նշան բռնեց առյուծի գլխի ու թիակների հատման տեղում և սեղմեց ձգանը։ Ոչինչ չկատարվեց, թեև այնպես էր սեղմել, որ քիչ էր մնում մատը կոտրեր։ Հանկարծ հիշեց, որ հրացանը ապահովիչի վրա էր դրված և, երբ իջեցնում էր, որ ետ տանի սողնակը, մի անցանկալի սառը քայլ էլ կատարեց, իսկ առյուծը հստակ տեսնելով մեքենայից առանձնացած նրա ստվերը՝ շրջվեց ու փախավ։ Մաքոմբերը կրակեց և լսելով վտա՛նգ ձայնը՝ հասկացավ, որ գնդակը տեղ է հասել, բայց առյուծը շարունակում էր փախչել։ 
Մաքոմբերը նորից կրակեց, ու բոլորը տեսան, թե ինչպես փախչող առյուծի առջև փոշու ամպ բարձրացավ։ Հիշելով, որ պետք է ավելի ներքև նշան բռնել՝ նա նորից կրակեց, ու բոլորը լսեցին խոցած փամփուշտի ձայնը, ու, մինչ փակաղակը նորից կքաշեր, առյուծն արդեն թաքնվել էր բարձր խոտերում։
Մաքոմբերը մնացել էր տեղում, սիրտը խառնում էր, իսկ ձեռքերը, որ դեռ ամուր բռնել էին հրացանը, դողում էին։ Ռոբերտ Վիլսոնը և կինը կողքին էին։ Այնտեղ էին նաև երկու բնիկ զինակիրները, որոնք վակամբա բարբառով շատախոսում էին։
- Ես խփեցի, - ասաց Մաքոմբերը։ - Ես նրան երկու անգամ խփեցի։
- Որովայնին խփեցիք և առջևում ինչ-որ մի տեղ, - խանդավառությամբ ասաց Վիլսոնը։
Զինակիրները չափազանց մռայլ էին։ Նրանք այլևս չէին խոսում։
-Միգուցե սպանել եք նրան, - շարունակեց Վիլսոնը։ - Մի փոքր կսպասենք, հետո կգնանք փնտրելու։
-Ինչու՞։ 
-Թող մի քիչ թուլանա, հետո կհետապնդենք։
-Անիծվածը հրաշալի առյուծ էր, - ասաց Վիլսոնը, - միայն թե լավ տեղ չի մտել ։
- Իսկ ինչու՞ է վատ։
-Չես տեսնի մինչև գլխին չկանգնես։
-Ա՛, - ասաց Մաքոմբերը։ 
-Գնացինք, - ասաց Վիլսոնը, - Մեմսաիբը թող այստեղ՝ մեքենայի մեջ մնա։ Գնանք, գնանք արյան հետքերը փնտրենք։
- Մնա այստեղ, Մարգո, - ասաց Մաքոմբերը կնոջը։ Բերանը չորացել էր, ու նա դժվարությամբ էր խոսում։
-Ինչու՞,- հարցրեց կինը։
- Վիլսոնն էլ է այդպես ասում։
- Մենք փնտրելու ենք գնում։ Մնացեք այստեղ, այստեղից ավելի լավ կարող եք տեսնել։
- Լավ։
Վիլսոնը սվահիլերեն ինչ-որ բան ասաց վարորդին։ Նա գլխով արեց ու պատասխանեց։
- Այո, բվանա։ (Տեր)
Հետո զառիվայր ափով իջան գետը, գլաքարերի վրա ցատկոտելով ու դուրս ցցված արմատներից բռնելով՝ բարձրացան մյուս ափը և հասան այն վայրը, որտեղից առյուծը փախել էր Մաքոմբերի առաջին կրակոցից հետո։
Զինակիրները կարճ խոտի վրա արյան մուգ հետքեր ցույց տվեցին, որոնք ձգվում էին դեպի գետափի ծառերը։
-Ին՞չ ենք անելու, - հարցրեց Մաքոմբերը։
-Ընտրության մեծ հնարավորություն չունենք, - ասաց Վիլսոնը։
Մեքենան այստեղ բերել չենք կարող։ Ափը շատ է թեք։ Թող մնա, քիչ էլ ծանրանա, հետո կգնանք որոնելու։
- Եթե խոտերն այրե՞նք, - հարցրեց Մաքոմբերը։
- Շատ են թաց։
- Իսկ եթե որսահալածներ ուղարկենք։
Վիլսոնը գնահատող հայացքով նայեց նրան։
- Իհարկե, կարող ենք ուղարկել, - ասաց նա։ - Բայց դա ուղղակի սպանություն է։ Չէ որ մենք գիտենք, որ առյուծը վիրավոր է։ Եթե վիրավոր չլիներ, կարելի էր հետապնդել, աղմուկից կփախչեր, բայց վիրավոր առյուծը հարձակվում է։ Չես տեսնի նրան, մինչև գլխին չկանգնես։ Այնպիսի ծածկի տակ կմտնի, որ մտքովդ էլ չի անցնի, թե այնտեղ նույնիսկ նապաստակ կգտնես։ Այդպիսի պայմաններում տղաներին ուղարկելն ազնիվ չէ։ 
-Իսկ զինակիրնե՞րը։
- Նրանք մեզ հետ կգան։ Դա նրանց շաուրին է (պարտականություն)։ Չէ՞ որ պայմանագիր ենք կնքել։ Թեև այնքան էլ ուրախ չեն երևում։
-Ես չեմ ուզում այնտեղ գնալ,- դուրս թռավ Մաքոմբերի բերանից,նախքան կմտածեր ասել, թե ոչ։
- Ոչ էլ ես, - չափազանց աշխուժորեն ասաց Վիլսոնը։
-Բայց ինչ կարող ես անել։
Հետո, կարծես թե մի բան հիշելով, հայացքը գցեց Մաքոմբերին և անսպասելիորեն տեսավ, թե նա ինչպես է դողում և ինչպիսի խղճալի արտահայտություն կա դեմքին։
-Իհարկե, դուք կարող եք նաև չգալ,- ասաց նա։ - Ինձ հենց դրա համար էլ վարձել եք։ Եվ դրա համար էլ այդքան թանկ արժեմ։
- Այսինքն, ուզում եք մենակ գնալ։ Իսկ եթե նրան այդպես թողնենք ։
Հանկարծ Ռոբերթ Վիլսոնին, որի ամբողջ միտքը առյուծի ուղղությամբ էր կենտրոնացած, ու չէր էլ մտածել Մաքոմբերի մասին, այլ միայն զգացել, որ նա շատ անհանգիստ է, այնպես թվաց, թե հյուրանոցում սխալ դուռ է բացել ու ականատես եղել ինչ-որ անամոթության։ 
- Ի՞նչ եք ուզում ասել։
- Ինչո՞ւ հենց այդպես չթողնենք նրան։ 
-Այսինքն ձևացնենք, թե չենք խփել։
- Ոչ, ուղղակի թողնենք ու վերջ։
- Այդպես չի կարելի։
-Իսկ ինչու՞։
-Նախ, որ նա անպայման կտանջվի։ Եվ հետո՝ կարող է մարդկանց վրա հարձակվել։
-Հա՛… 
-Բայց դուք կարող եք նաև չգալ։
- Շատ կուզեի,- ասաց Մաքոմբերը։ - Ես ուղղակի սարսափում եմ, հասկանում եք։ 
-Առջևից ես կքայլեմ, - ասաց Վիլսոնը։ - Կանգոնին հետքերը կփնտրի։ Դուք կգաք իմ ետևից, մի փոքր կողքից։
Հնարավոր է, որ մռնչյուն լսենք։ Եթե տեսանք՝ երկուսով էլ կկրակենք։ Անհանգստանալու բան չկա։ Դուք ետևում եք լինելու։ Ինչպես ուզում եք՝ կարող եք և չգալ։ Միգուցե այդպես ավելի ճիշտ կլինի։ Կգնանք Մեմսաիբի մոտ, առյուծի հարցերը ես ինքս կլուծեմ։
-Չէ, ես ուզում եմ գնալ։ 
-Լավ, - ասաց Վիլսոնը։ - Բայց եթե չեք ուզում, մի եկեք։ Սա արդեն իմ շաուրին է, դուք դա գիտեք։
- Ես ուզում եմ գալ, - ասաց Մաքոմբերը։
Նրանք նստեցին ծառի տակ՝ ծխելու։ 
-Չե՞ք ուզում Մեմսաիբի հետ խոսել, մենք կսպասենք,- հարցրեց Վիլսոնը։
- Ոչ։
- Այդ դեպքում գնամ ասեմ, որ մի քիչ համբերի։
- Լավ, - ասաց Մաքոմբերը։
Նա նստել էր ամբողջովին քրտնած, չորացած բերանով, և իր մեջ համարձակություն չէր գտնում Վիլսոնին ասելու, որ առյուծի հարցերը մենակ լուծի։
Որտեղից իմանար, որ Վիլսոնն ինքն էր զարմացած, որ շուտ չի նկատել իր վիճակն ու ետ չի ուղարկել կնոջ մոտ։
Քիչ հետո վերադարձավ Վիլսոնը։
- Ձեր մեծ հրացանն եմ բերել, - ասաց նա, - վերցրեք։ Ինձ թվում է, որ բավական սպասեցինք, շարժվենք։
Մաքոմբերը վերցրեց հրացանն ու Վիլսոնն ասաց. 
- Կքայլեք իմ ետևից, մոտ հինգ յարդ դեպի աջ և կանենք միայն այն, ինչ ես կասեմ։
Հետո սվահիլերեն դիմեց երկու զինակիրներին, որոնք չափազանց մռայլ տեսք ունեին։
-Գնացինք, - ասաց նա։
Վիլսոնը դիմեց ծեր զինակրին, որի գոտուց ջրաման էր կախված։ Սա առանձնացրեց ջրամանը, բացեց բերանն ու մեկնեց Մաքոմբերին, որ վերցնելով այն՝ նկատեց, թե որքան ծանր է և ինչ մազմզոտ ու քնձռոտ թաղիքից է պատրաստված։ Նա ջուր էր խմում՝ նայելով առջևի բարձր խոտերին ու լայնասաղարթ ծառերին։ Զեփյուռը նրանց կողմն էր փչում, ու քամուց խոտը մեղմօրոր ծփում էր։ Մաքոմբերը նայեց զինակրին ու զգաց, որ նա էլ է վախից տանջվում։
Երեսունհինգ յարդ հեռու՝ խոտերի մեջ, թուլացած մեկնվել էր հսկա առյուծը։ Ականջները ետ էին ընկած և նրա միակ շարժումը երկար, վերջում սևափունջ պոչի թեթև ցնցումն էր։ Հասնելով հարմար ծածկի՝ նա պառկել էր, պատրաստվելով կատաղի մարտի։ Ծանրացած ստամոքսի վերքից սիրտը խառնում էր, իսկ վիրավոր թոքերը հետզհետե տկարանում էին, ու շնչելիս բերանում ամեն անգամ բարակ, փրփրախառն արյան շիթ էր հայտնվում։ Թիակները տաք քրտինքով էին պատվել, հրաշեկ մորթու վրա, գնդակներից բացված փոքր վերքերի շուջը ճանճեր էին հավաքվել։ Ատելությունից կծկված մեծ, դեղին աչքերը, որ ամեն անգամ շնչելիս ցավից կկոցվում էին, նայում էին ուղիղ, իսկ ճանկերը մխրճված էին փափուկ հողի մեջ։ Ամեն ինչ՝ ցավը, զզվանքը, ատելությունը և մնացած ողջ ուժը կուտակվում էին մի բացարձակ ամբողջության մեջ՝ վերջին թռիչքի համար։ Մարդկային ձայներ էին լսվում, ու նա սպասում էր, իր մեջ հավաքելով այդ ամենը, որպեսզի հարձակվի, երբ մոտենան խոտերին։
Երբ ձայները հասան նրան, դադարեց պոչը ցնցել և, երբ մոտեցել էին խոտերին, խռպոտ մռնչյունով հարձակվեց։
Կանգոնին՝ ծեր զինակիրը, առջևում արյան հետքեր էր որոնում, Վիլսոնը՝ զենքը պատրաստ, հետևում էր խոտերի շարժմանը, երկրորդ զինակիրը՝ ականջը ձայնի, նայում էր առջև, իսկ Մաքոմբերը՝ հրացանը առջևում պահած, քայլում էր Վիլսոնի ետևից։ Նրանք նոր էին մոտեցել խոտերին, երբ Մաքոմբերը արյունից խռպոտած մռնչյուն լսեց ու տեսավ, թե ինչպես շաչյունով ծփացին խոտերը։ Իսկ հաջորդ վայրկյանին նա վազում էր խելահեղորեն, ահաբեկված, վազում էր դեպի գետը։ Նա լսեց Վիլսոնի մեծ հրացանի ձայնը՝ քա՛-րա՛-վու՛նգ, լսեց երկրորդ կրակոցը՝ քա՛-րա՛-վու՛նգ և, շրջվելով՝ տեսավ սարսափելիորեն այլանդակված առյուծին, որ փորձում էր բարձր խոտերի միջով հասնել Վիլսոնին, իսկ կարմրադեմ մարդն իր անճոռնի հրացանի սողնակը ետ էր տարել ու նշան էր բռնում , երբ նորից լսվեց պայթող քա-րա-վունգը։ Առաջ սողացող առյուծի ծանր, հրաշեկ մարմինը քարացավ, ու նրա այլանդակված գլուխը ետ ընկավ։
Մաքոմբերը, որ լիցքավորված հրացանը ձեռքին մենակ կանգնել էր բացատում, զգում էր, թե ինչպիսի արհամարանքով են իրեն նայում երկու սևամորթներն ու մեկ սպիտակամորթը, հասկացավ, որ առյուծը սպանված է։ Նա քայլերն ուղղեց դեպի Վիլսոնը, որն իր երկար հասակով անսքող մեղադրանք էր Մաքոմբերի հասցեին։ Մոտեցավ նրան ու հարցրեց.
-Նկարելու՞ ենք։
-Ոչ։
Մինչև մեքենային հասնելը այլևս ոչ ոք ոչինչ չասաց։ 
Հետո Վիլսոնն ասաց. 
-Անիծվածը փառահեղ նռյուծ էր։ Մինչև տղաները մորթին կհանեն, մենք կարող ենք նստել այստեղ՝ ստվերում։
Կինը չնայեց Մաքոմբերին, ոչ էլ ինքը կնոջը, չնայած ետևում՝ նրա կողքին էր, Վիլսոնն առջևում էր։ Առանց կնոջը նայելու, նա ձեռքը մեկնեց, որ բռնի կնոջ ձեռքը, բայց նա ետ տարավ։ 
Նայելով մյուս ափին, ուր զինակիրը մորթահան էր անում առյուծին, Մաքոմբերը հասկացավ, որ կինն ամեն ինչ տեսել է։ Հետո կինը առաջ եկավ ու ձեռքը դրեց Վիլսոնի ուսին։
Նա շրջվեց, ու կինը, հենվելով առջևի նստատեղին, համբուրեց Վիլսոնի շուրթերը։
- Օ՛, - ասաց Վիլսոնը՝ ավելի կարմրելով, քան իր բնական կարմրությունն էր։
- Միսթր Ռոբերթ Վիլսոն, - ասաց նա։ - Հրաշալի, կարմրադեմ միսթր Ռոբերթ Վիլսոն։
Նորից ետ ընկրկեց՝ հայացքն ուղղելով դիմացի ափը, ուր տեղացիները մորթազերծ էին անում սպիտակ մկաններով, ջղուտ նախաբազկով և սպիտակ, փքված որովայնով առյուծին։ Շուտով զինակիրները հանեցին մորթին՝ թաց ու ծանր, և փաթաթելով՝ նետեցին մեքենայի ետնամասը, իրենք էլ նստեցին, ու մեքենան շարժվեց։ Մինչև ճամբար հասնելը ոչ ոք ոչինչ չասաց։
Այս էր առյուծի պատմությունը։

Մաքոմբերը որտեղից իմանար, թե ինչ էր զգացել առյուծը ցատկից առաջ կամ ցատկի ընթացքում, երբ 0.505 տրամաչափով փողից երկու տոննա հզորությամբ հարվածը ջնջխել էր բերանը կամ երկրորդ ցնցող հռնդյունից հետո, երբ փշրվել էին ետին սրբանոսկրերը, կամ՝ ինչն էր ստիպում առյուծին նետվել դեպի այն հռնդացող ու պայթող առարկան, որն իրեն կործանել էր։ 
Այդ ամենի մասին Վիլսոնն ինչ-որ բան գիտեր, այն էլ «անիծված, հրաշալի առյուծ»՚ խոսքերով էր արտահայտում, և Մաքոմբերը ոչ էլ հասկանում էր, թե ինչ է մտածում Վիլսոնը։
Նա գիտեր, թե ինչ է մտածում կինը, զգում էր, որ երես է թեքելու իրենից։ Նրանք շատ էին ընդհարվել, բայց երբեք երկար չէր տևել։ Նա շատ հարուստ էր ու դեռ էլի պիտի հարստանար, և Մաքոմբերը գիտեր, որ նույնիսկ հիմա կինը չի լքի իրեն։ Սա այն բաներից է, որ ինքը գիտեր։ Այո, այդ մեկը գիտեր։ Շատ առաջներում գիտեր մոտոցիկլետների, հետո մեքենաների մասին, բադի, կարմրախայտի, սաղմոնի և մեծ, ծովային ձկների որսի մասին, բազմաթիվ գրքերից գիտեր սեքսի մասին, թենիս, բասկետբոլ, ձեռքի գնդակ էր խաղում, գիտեր շների, մի քիչ ձիերի մասին, գիտեր փողի գինը և ընդհանրապես այն ամենը, ինչ հուզում էր իր աշխարհի մարդկանց։ Գիտեր և այն, որ կինը երբեք չի լքի իրեն։ Մի ժամանակ կինը գեղեցկուհի էր, նա հիմա Աֆրիկայում էլ էր գեղեցիկ, բայց այդ գեղեցկությունն այլևս բավարար չէր ամուսնուն լքելու ու կյանքը նորից դասավորելու համար։ Այդ մասին գիտեին թե՛ կինը, թե՛ ամուսինը։ Նա գիտեր, որ կինը բաց է թողել իրեն լքելու հնարավորությունը։ Եթե ամուսնու բախտը կանանց հարցում բերեր, թերևս նրան անհանգստացներ մեկ այլ, ավելի գեղեցիկ կնոջ հայտնվելը, բայց նա չափազանց լավ էր ճանաչում ամուսնուն և անհանգստանալու ոչինչ չուներ։ Բացի այդ նա շատ համբերատար էր, որը թերևս նրա ամենալավ գիծն էր, եթե ոչ ամենավտանգավորը։ Այնուամենայնիվ, նրանք համեմետաբար երջանիկ զույգ էին համարվում. այն զույգերից, որոնք միշտ որոշում են բաժանվել, բայց չեն բաժանվում։ Եվ ինչպես բարձրաշխարհիկ հասարակության լրատուն էր նշում՝ որոշելով իրենց նախանձելի ու երկարող սիրավեպը համեմել արկածներով, սիմբա առյուծներ, գոմեշներ, տամբա փղեր որսալով և բնության թանգարանի համար նմուշներ հավաքելով, մեկնել էին Սաֆարի, որը, նախքան Մարտին Ջոնսոնի բազմաթիվ երկնագույն պաստառները, հայտնի էր Սև Աֆրիկա անունով։ Միևնույն լրատուն անցյալում երեք անգամ հաղորդել էր, որ ամուսնական այդ զույգը անդունդի եզրին է կանգնած, և այդպես էլ կար, բայց ամեն անգամ հաշտվել էին։ Նրանց միությունն ամուր հիմքեր ուներ։ Մարգոն շատ էր գեղեցիկ, որպեսզի Մաքոմբերը բաժանվեր նրանից, իսկ Մարգոն չէր կարող բաժանվել Մաքոմբերի հարստությունից։

Գիշերվա երեքն էր, և Ֆրենսիս Մաքոմբերը, որ քիչ առաջ էր քնել, երբ դադարել էր առյուծի մասին մտածելուց, արթնացավ ու նորից քնեց, հանկարծ նորից արթնացավ՝ վախեցած երազում տեսած այլանդակված գլխով առյուծից ու սեփական սրտի զարկերից և անսպասելիորեն նկատեց, որ կինն անկողնում չի։ Այս միտքն ուղեղում՝ նա երկու ժամ պառկած մնաց։
Կինը հայտնվեց բավական ուշ, բարձրացրեց մոծակներից պաշտպանող ծածկն ու զգուշորեն սողոսկեց անկողին։
- Որտե՞ղ էիր,- մթության մեջ հարցրեց Մաքոմբերը։
- Ողջույն,- ասաց նա։ - Դու քնած չե՞ս։ 
- Որտե՞ղ էիր։
- Դուրս էի եկել մաքուր օդ շնչելու։
- Քեզ սատանայի պես ես պահում։
- Ի՞նչ ես ուզում ասել, սիրելիս։
- Որտե՞ղ էիր։
- Մաքուր օդ էի շնչում։ 
- Հիմա այդպես ե՞ն ասում, փչացա՜ծ։
- Վախկո՜տ։
- Ասենք թե, հետո ի՞նչ։
- Ոչինչ, քանի որ ինձ չի վերաբերում։ Բայց ավելի լավ է չշարունակենք, սիրելիս, քունս շատ է տանում։
- Քեզ թվում է, թե ամեն ինչ կներեմ։
- Կներես, սիրելիս։
- Սխալվում ես։
- Խնդրում եմ, սիրելիս, արի չշարունակենք, քունս շատ է տանում։
- Չէ՞ որ այլևս չէր կրկնվելու։ Չէ՞ որ դու խոստացել էիր։
- Հիմա ամեն ինչ փոխվել է,- մեղմածոր ասաց նա։ 
-Բայց չէ՞ որ դու էիր ասում՝ եթե ճամփորդենք, այլևս չի կրկնվի։ Դու խոստացել էիր։ 
- Այո, սիրելիս, ես էլ էի այդպես կարծում։ Բայց երեկ ճամփորդությունը փչացավ։ Այդ մասին կարիք չկա խոսելու, այնպես չէ՞։ 
- Դու երբեք առիթը չես կորցնում, երբ առավելությունը քո կողմն է։
- Խնդրում եմ, արի չշարունակենք։ Քունս շատ է տանում, սիրելիս։
- Ես պիտի շարունակեմ։
- Այդ դեպքում ինձ չխանգարես, ես քնել եմ ուզում։
Կեսօրին, երբ նրանք երեքով նախաճաշում էին, Մաքոմբերը զգաց, որ իրեն ատելի բոլոր մարդկանցից ավելի Ռոբերթ Վիլսոնին է ատում։ 
-Ինչպե՞ս եք քնել - կոկորդային ձայնով հարցրեց Վիլսոնը՝ լցնելով ծխամորճը։
-Իսկ դու՞ք։
- Շատ լավ, - պատասխանեց սպիտակամորթ որսորդը։ 
Սրիկա, անպատկառ սրիկա, մտածեց Մաքոմբերը։
Ուրեմն ամուսինն արթնացել է, երբ վրան է մտել, մտածեց Վիլսոնը՝ սառը, անտարբեր աչքերով նայելով երկուսին։ Թող աչքը կնոջ վրա պահեր, ի՞նչ է, կարծում է, թե ես սուրբ եմ։ Թող աչքը կնոջ վրա պահեր։ Մեղքն իրենն է։
-Ի՞նչ եք կարծում, գոմեշների կհանդիպե՞նք, -հարցրեց Մարգրեթը՝ հրելով ծիրանով լի ափսեն։
- Հնարավոր է, - ասաց Վիլսոնն ու ժպտաց նրան։
- Չե՞ք ուզում ճամբարում մնալ։
- Ոչ մի դեպքում, - ասաց նա։
-Հորդորեք, որ ճամբարում մնա, - դիմեց Վիլսոնը Մաքոմբերին։
-Դուք ասեք, - սառնասրտորեն պատասխանեց Մաքոմբերը։ 
- Առանց ավելորդ խոսքերի և առանց հիմարության, Ֆրենսիս, - շրջվելով դեպի Մաքոմբերը, բավական ուրախ ասաց Մարգրեթը։
-Դուք պատրա՞ստ եք , - հարցրեց Մաքոմբերը։
- Այո , - պատասխանեց Վիլսոնը։ - Դուք ուզում ե՞ք, որ Մեմսաիբը գա։
- Մի՞թե միևնույն չէ, ուզում եմ թե՝ ոչ։ 
Սատանան տանի, մտածեց Ռոբերթ Վիլսոնը։ Իրոք որ՝ սատանան տանի։ Այդպես էլ պիտի լիներ։ Երևի այդպես էլ եղել է։
-Միևնույն է, - պատասխանեց նա։ 
- Իսկ միգուցե դու՜ք էլ մնաք ճամբարում, գոմեշների ետևից ես ինքս կգնամ, - հարցրեց Մաքոմբերը։
- Այդպես չի կարելի, - ասաց Վիլսոնը, - ես ձեր փոխարեն անլուրջ մտքեր չէի արտահայտի։
- Անլուրջ մտքեր չեն։ Այս ամենը նողկալի է։ Նողկալի՝ վատ բառ է։ 
- Ֆրենսիս, խնդրում եմ, փորձիր մտածելով խոսել, - ասաց կինը։
- Ես չափից ավելի մտածված եմ խոսում, - ասաց Մաքոմբերը։ - Երբևէ այսքան զզվելի բան կերած կա՞ք։
- Ի՞նչ է, ձեզ դուր չի՞ գալիս։
- Ոչ պակաս, քան մնացած ամեն ինչ։ 
- Հավաքե՜ք ձեզ, բարեկա՜մ, - շատ հանգիստ ասաց Վիլսոնը։ - Սպասավորը մի քիչ անգլերեն գիտի։
- Սատանան տանի նրան։
Վիլսոնը ոտքի ելավ, փչելով ծխամորճը՝ մի կողմ քաշվեց ու սվահիլերեն դիմեց զինակրին, որ կանգնած իրեն էր սպասում։ 
Մաքոմբերն ու կինը նստած էին սեղանի շուրջը։
Մաքոմբերը հայացքը սևեռել էր իր սուրճի բաժակին։ 
- Եթե տեսարաններ սարքես, ես քեզ կլքեմ, - հանգիստ ասաց կինը։
- Չե՜ս լքի։
- Փորձի՜ր և կտեսնե՜ս։
- Դու՜ ինձ չես լքի։
- Այո՜, - պատասխանեց կինը։ - Ես քեզ չեմ լքի, որովհետև դու քեզ լավ կպահես։
- Ե՞ս ինձ լավ պահեմ։ Ահա՛ թե ինչ՝ ինձ լավ պահեմ։
- Իսկ միգուցե դու՞ քեզ լավ պահեիր։ 
- Ես շատ եմ փորցել, շա՛տ։
- Ատում եմ այդ կարմրադեմ խոզին, - ասաց Մաքոմբերը։
- Գարշելի է։
- Իրականում նա շատ լավն է։ 
- Օ՛, ձայնդ կտրիր, - բղավեց Մաքոմբելը։ Այդ պահին հայտնվեց մեքենան, կանգնեց ճաշի վրանի առջև ու վարորդն ու երկու զինակիրներն իջան։
Վիլսոնը մոտեցավ, նայեց սեղանի շուրջը նստած ամուսիններին։
- Որսի գնալու՞ ենք։
- Այո՜, - կանգնելով պատասխանեց Մաքոմբերը, -Այո։
- Մի տաք բան վերցնեիք, մեքենայում ցուրտ կլինի, - ասաց Վիլսոնը։
- Ես կաշվե բաճկոնս կվերցնեմ, - ասաց Մարգոն։
- Սպասավորը վերցրել է, - ասաց Վիլսոնը։
Նա նստեց առջևում՝ վարորդի կողքին, իսկ Ֆրենսիս Մաքոմբերն ու կինը լուռ տեղավորվեցին ետնամասում։
Հանկարծ այս ողորմելի ապուշը չվերցնի ու կրակի վզակոթիս, մտածեց Վիլսոնը։ Ա՛խ, այս կանայք, միայն չարիք են բերում Սաֆարի։

Լուսաբացի մոխրակապույտ լույսի մեջ մեքենան շարժվեց խճաքար ծանծաղուտում կտրեց գետը և, մագլցելով ու հաղթահարելով զառիվայրը՝ հայտնվեց հեռավոր բացատներն ու նոսր անտառը տանող ճանապարհի վրա, որը Վիլսոնը նախօրոք մաքրել էր տվել։
Հրաշալի լուսաբաց է, մտածեց Վիլսոնը։
Ծանր ցող էր նստել և, երբ մեքենան անցնում էր խոտի ու ցածր թփերի վրայով, Վիլսոնը զգում էր ճզմվող խոտի բույրը, որն աղավնարոտի հոտն ուներ։ Նա շատ էր սիրում վաղորդյան ցողի բույրը, տրորված մացառները և ծառերի սևին տվող բները, որ հայտնվում էին առավոտվա մշուշի մեջ, երբ մեքենան կուսական, նոսր անտառի միջով ճանապարհ էր բացում։
Ետևում նստած այն երկուսին նա արդեն մոռացել էր և գոմեշների մասին էր մտածում։ Գոմեշները, որոնց ետևից էին նրանք գնում, օրվա ընթացքում մացառոտ ճահճուտում էին լինում։ Նրանց դժվար էր խփել, բայց գիշերները նրանք դուրս էին գալիս բացատ՝ արածելու, և, եթե մեքենայով փակեին դեպի ճահիճը տանող ճանապարհը, Մաքոմբերը բացատում նրանց խփելու լավ հնարավորություն կունենար։ Նա չէր ուզում, որ որսը խիտ տեղում սկսվեր։ Նա ընդհանրապես ոչ գոմեշ, ոչ էլ ուրիշ բան չէր ուզում այլևս որսալ Մաքոմբերի հետ, բայց պրոֆեսիոնալ որսորդ էր և կյանքում ում ասես չէր հանդիպել։ Եթե այսօր գոմեշ խփեն, կմնան ռնգեղջյուրները, և այս խեղճ մարդը կավարտի իր դժվար խաղը և, երևի՝ ամեն բան։ Ինքն այլևս գործ չի ունենա այդ կնոջ հետ, իսկ Մաքոմբերը մի կերպ կուլ կտա։ Ինչպես երևում է՝ առաջին անգամը չէ։ Ողորմելի թշվառական։ Երևի գլուխ հանելու ձևը գիտի։ Ինչևէ, այդ ողորմելին ինքն է մեղավոր։ Ինքը՝ Ռոբերթ Վիլսոնը, ամեն տեսակ անակնկալներ նկատի ունենալով՝ հետը միշտ ճանապարհորդական երկտեղանոց մահճակալ էր վերցնում։ Նրա հաճախորդները որոշակի տեսակի մարդիկ էին, տարբեր ազգության զվարճասեր ու սպորտասեր վերնախավ, որոնց կանանց թվում էր, թե սպիտակամորթ որսորդը իրենց չի կարող լիովին վարձահատույց լինել, քանի դեռ նրա հետ չեն կիսել այդ մահճակալը։ Վիլսոնը ատում էր նրանց բոլորին, բայց երբեմն մոտիկից ճանաչելով, նույնիսկ սիրում էր ոմանց։ Ինչևէ նրանց շնորհիվ էր իր ապրուստը վաստակում, և, քանի դեռ իրեն վարձատրում էին, ժամանակավորապես նրանց բարքերն համընկնում էին։ Ամեն ինչում չափանիշները նույնն էին, բացի որսից։ Որսորդության մեջ Վիլսոնն ուներ իր չափանիշները, և նրանց մնում էր կամ ենթարկվել իրեն, կամ նոր որսորդ վարձել։ Նա գիտեր նաև, որ բոլորը հենց դրա համար էլ հարգում էին իրեն։ Հետաքրքիր մարդ էր այս Մաքոմբերը։ Տարօրինա՜կ։ Բա կի՛նը։ Իսկ կի՛նը։ Այո՜, կի՜նը։ Հը՞, կինը։ Լավ, անցած լինի։ Վիլսոնը նայեց նրա կողմը։ Մաքոմբերը նստած էր՝ մթնած ու դաժան։ Մարգոն ժպտում էր։ Նա այսօր ավելի երիտասարդ էր երևում, ավելի անմեղ ու թարմ, և նման չէր պրոֆեսիոնալ գեղեցկուհու։ Աստված գիտի, թե մտքում ինչեր կան, մտածեց Վիլսոնը։ Անցած գիշեր նա շատ չխոսեց, բայց, այնուամենայնիվ, հաճելի էր նրան նայել։ Մեքենան մագլցելով թեթև բարձունքը՝ անցավ ծառերի արանքով, մտավ կանաչ, պարտեզի նմանվող բացատը և դանդաղորեն առաջ շարժվեց բացատը երիզող ծառերի ստվերների ուղղությամբ։ Վիլսոնը, որ ուշադիր զննում էր մարգագետինը, կանգնեցրեց մեքենան ու հեռադիտակն ուղղեց հեռուն։ Նորից ձեռքով արեց վարորդին, և մեքենան խուսափելով վայրի խոզերի թակարդներից ու շրջանցելով ցեխոտ մրջնաբները՝ դանդաղ առաջ շարժվեց։ Հետո անսպասելիորեն շրջվեց ու ասաց.
- Մեր բախտը բերեց, ահա նրանք։
Մեքենան պոկվեց տեղից։ Վիլսոնը սվահիլերեն արագ - արագ ինչ-որ բան ասաց վարորդին։ Նայելով նրա մատնանշած ուղղությամբ՝ Մաքոմբերը երեք հսկա՝ գիրությունից ու երկարությունից գլանաձև, սև գոմեշներ տեսավ, որ քառաքայլ, հսկա, սև տանկերի նման փախչում էին մարգագետնով։ Նրանք փախչում էին պարանոցներն ու մարմինները պիրկ, գլուխներն անշարժ վեր պահած և Մաքոմբերը տեսնում էր նրանց լայն ու երկար սև կոտոշները։
- Երեքն էլ ծեր որձեր են, - ասաց Վիլսոնը։ - Պետք է կտրել նրանց ճանապարհը, քանի դեռ ճահիճ չեն մտել։ 
Մեքենան ժամում 45 մղոն արագությամբ ընթանում էր բացատով, իսկ գոմեշները գնալով ավելի ու ավելի էին մեծանում։ Մաքոմբերն արդեն կարող էր տեսնել գոմեշներից մեկին՝ մոխրագույն, քոսոտած մորթով։ Նա մի փոքր ետ էր ընկել համաչափ վազքով առաջ խոյացող այն երկուսից, և Մաքոմբերին երևում էին նաև թիակներին միաձույլ պարանոցը, սևությունից փայլող կոտոշները։ Հետո մեքենան ցնցվեց, կարծես թե ճանապարհի վրա ընկավ, և նրանք այնքան մոտեցան, որ կարող էր տեսնել այդ վիթխարի փախչող որձին, փոշին՝ սակավամազ մորթու վրա, կոտոշների լայն հիմքերը և չռված ռունգերով մռութը։
Նա բարձրացնում էր հրացանը, երբ Վիլսոնը բղավեց. 
- Մեքենայից չեն կրակում, հիմա՜ր։
Նա ոչ թե վախենում էր Վիլսոնից, այլ ատում էր նրան։
Վարորդը կտրուկ արգելակեց, բայց մեքենան դեռ շարունակելով սահել՝ պատռեց հողը երկու կողմերից և հետո միայն կանգ առավ։ Մի կողմից Վիլսոնը ցատկեց, մյուս կողմից ինքը, և դիպչելով ոտքերի տակից փախչող հողին՝ սայթաքեց։ Իսկ հետո կրակում էր փախչող գոմեշի վրա ու լսում նրան խոցող փամփուշտների ձայնը։ Հրացանը դատարկվեց, բայց գոմեշը շարունակում էր հաստատաքայլ փախչել։ Հրացանը նորից լցրեց ու հիշելով, որ պետք է նշան բռնել գլխի և թիակների հատման տեղում, տեսավ գետնին տապալված գոմեշին՝ ծնկները ծալված, գլուխը ետ ընկած։ Այն երկուսը փախչում էին, նա նշան բռնեց առաջնորդին ու կպավ։ Նորից խփեց, բայց վրիպեց ու, լսելով Վիլսոնի հրացանի քա՛- րա՛ - վո՛ւնգ պայթյունը՝ տեսավ, թե ինչպես առաջնորդ գոմեշը մռութով մխրճվեց հողի մեջ։
- Մյուսին խփեք, - ասաց Վիլսոնը, - այ, հիմա կրակու՛մ եք։ 
Բայց մյուս գոմեշը հաստատուն ու համաչափ քայլերով փախչում էր, ու Մաքոմբերը վրիպեց՝ ցեխի ցայտք թռցնելով։ Վիլսոնն էլ վրիպեց ու ամպաձև փոշի բարձրացրեց։
-Գնացինք. շատ հեռացավ, - բղավեց Վիլսոնը՝ քաշելով Մաքոմբերի ձեռքից։
Նրանք նորից մեքենայում էին և, կախված երկու կողքերից՝ ճոճվելով ու վերուվար անելով անհարթ գետնի վրա, շտապում էին հասնել հաստատաքայլ առաջ խոյացող ծանրամարմին գոմեշին։
Նրանք ետևում էին, Մաքոմբերը՝ փամփուշտները գետնին գցելով, խառնելով և նորից շտկելով՝ հրացանն էր լցնում, և արդեն մոտեցել էին գոմեշին, երբ Վիլսոնը գոռաց՝ կանգնի՜ր։
Մեքենան այնքան անսպասելիորեն արգելակեց, որ Մաքոմբերը դուրս թռավ մեքենայից, կանգնեց ոտքի վրա, նշան բռնեց առջևից վազող սև, հաստամարմին գոմեշին, սեղմեց փակաղակը, նշան բռնեց ու կրակեց։ Հետո՝ նորից ու նորից։ Բոլոր փամփուշտները կպնում էին, բայց գոմեշը շարունակում էր փախչել։ 
Հետո խլացնող պայթյունով Վիլսոնը կրակեց ու նա տեսավ երերացող գոմեշին։ Մաքոմբերը ուշադիր նշան բռնելով՝ նորից կրակեց, ու ոտքերը ծալելով՝ գոմեշը գետին տապալվեց։
- Ամեն ինչ կարգին է,- ասաց Վիլսոնը։ - Լավ խփեցինք, այս էլ երրորդն էր։
Մաքոմբերը հարբած մարդու երանություն էր ապրում։ 
-Քանի՞ անգամ կրակեցիք,- հարցրեց նա։
- Ընդամենը՝ երեք,- պատասխանեց Վիլսոնը։ Առաջինին՝ ամենամեծին, Դուք խփեցիք, իսկ այն երկուսի գործում ես օգնեցի ձեզ, վախենում էի, որ կկորցնենք։ Այնպես որ, Դուք եք խփել։ Ես ուղղակի մի թեթև օգնել եմ։ Դուք հրաշալի կրակում եք։
- Մոտենանք մեքենային,- ասաց Մաքոմբերը։- Ես խմել եմ ուզում։
- Առաջինի հարցերը լուծենք հետո,- ասաց Վիլսոնը։
-Գոմեշը ծնկի էր եկել ու ցնցում էր գլուխը. նրա բութ, խոզային աչքերում ցավ կար և, երբ մոտենում էին նրան՝ ցասումով բառաչեց։
-- Տեսեք հա՜, հանկարծ ոտքի չկանգնի, - ասաց Վիլսոնը։ Մի փոքր կողքի կանգնեք ու կրակեք պարանոցին, ճիշտ ականջի ետևը։
Մաքոմբերը ուշադիր նշան բռնեց հսկա, կատաղորեն ցնցվող պարանոցի կենտրոնում ու կրակեց։ Կրակոցի հետ գլուխն առաջ ընկավ։
- Այ, այդպես, - ասաց Վիլսոնը, - ողնաշարին խփեք։
- Ինչ գարշելի տեսք ունեն, չէ՞։
- Լա՜վ, գնանք խմենք, - ասաց Մաքոմբերը։
Նա իր կյանքում երբեք այսքան լավ չէր զգացել իրեն։
Մաքոմբերի կինը՝ չափազանց գունատ դեմքով, նստած էր մեքենայի մեջ։
- Դու հրաշալի էիր, սիրելիս,- ասաց նա Մաքոմբերին։- Ինչպիսի՛ հետապնդում էր։
- Շա՞տ էր դժվար , -հարցրեց Վիլսոնը։ 
- Վախենալու էր։ Իմ կյանքում երբեք այսքան չեմ վախեցել։
- Եկեք միասին խմենք,- ասաց Մաքոմբերը։ 
-Անպայման, այս մեկը Մեմսաիբին տվեք։
Նա տափաշշից խմեց անխառն վիսկին ու կուլ տալուց մի թեթև ցնցվեց։ Հետո տափաշիշը մեկնեց Մաքոմբերին, նաև Վիլսոնին։
-Մահու չափ հուզիչ էր,- ասաց Մեմսաիբը։- Գլուխս սարսափելի ցավում է։ Բայց ես չգիտեի, որ նրանց կարելի է մեքենայից խփել։
- Ոչ ոք մեքենայից չի խփել,- սառը պատասխանեց Վիլսոնը։
- Նկատի ունեմ մեքենայով հետապնդելը։
- Ընդհանրապես չի կարելի,- ասաց Վիլսոնը, - բայց ինձ բավական դուր եկավ։ Հետո էլ թակարդներով լեցուն մարգագետնով քշելն ավելի վտանգավոր է, քան ոտքով որսը։
- Գոմեշը, եթե ուզենար, կարող էր ցանկացած կրակոցից հետո հարձակվել մեզ վրա, միայն թե հնարավորություն տայինք։ Ինչևէ կարիք չկա այս մասին խոսել։ Այնուամենայնիվ, եթե Դուք հետապնդումը նկատի ունեք, ընդունված չի։
- Ինձ թվում է, - ասաց Մարգոն, - որ ազնիվ չի մեքենայով ընկնել այդ մեծ, անօգնական էակների ետևից։
- Իրո՞ք,- հարցրեց Վիլսոնը։
-Իսկ եթե այս մասին իմանան Նայրոբիում։
-Նախ ես արտոնագիրս կկորցնեմ, հետո էլի անախորժություններ,- պատասխանեց Վիլսոնը՝ մի ումպ անելով տափաշշից,- կկորցնեմ աշխատանքս։
-Միթե՞։
-Անշուշտ։ 
-Ահա,- ասաց Մաքոմբերը ՝ առաջին անգամ ժպտալով։ - Հիմա էլ Ձեզ է կպել։
-Դու այնքան գեղեցիկ ես արտահայտվում, Ֆրենսիս, - ասաց Մարգոն։
Վիլսոնը նայեց նրանց երկուսին։ Երբ այսպիսի ապուշն այսպիսի փչացածի հետ է ամուսնանում, տեսնես ինչ երեխեներ են ծնվում նրանցից, մտածում էր Վիլսոնը։ Բայց նա ասաց.
-Զինակիրներից մեկին կորցրել ենք, նկատել ե՞ք։ 
-Ոչ, աստված իմ,- ասաց Մաքոմբերը։
-Ահա, գալիս է- ասաց Վիլսոնը։ - Ամեն ինչ կարգին է։ Երևի առաջին գոմեշին խփելուց հետո վայր է ընկել մեքենայից։
Կաղալով նրանց էր մոտենում միջին տարիքի զինակիրը՝ գործած գլխարկով, դարչնագույն բաճկոնով, կարճ շալվարով և ռետինե սանդալներով։ Դեմքը մռայլ էր ու դժգոհ։ Մոտենալով՝ նա սվահիլերեն ինչ- որ բան ասաց Վիլսոնին, և բոլորը նկատեցին, թե ինչպես փոխվեց սպիտակամորթ որսորդի դեմքի արտահայտությունը։
-Ի՞նչ ասաց,- հարցրեց Մարգոն։
-Առաջին գոմեշը ոտքի է կանգնել ու փախել դեպի թավուտը, - անտարբեր ձայնով ասաց Վիլսոնը։
- Օ՛, - շփոթված բացականչեց Մաքոմբերը։
-Ճիշտ առյուծի պատմությունն է կրկնվելու,- ոգևորված ասաց Մարգոն։
-Ոչ մի առյուծի պատմություն էլ չի լինելու, սատանան տանի,- պատասխանեց Վիլսոնը։ - Չխմե՞նք, Մաքոմբեր։
-Այո, շնորհակալ եմ,- պատասխանեց Մաքոմբերը։
Նրան թվում էր, թե նույն զգացումն է ունենալու, ինչ առյուծի ժամանակ, բայց՝ ոչ։ Իրոք որ, կյանքում առաջին անգամ նա բացարձակապես վախ չէր զգում։ Վախի փոխարեն հիացմունքի որոշակի զգացում ուներ։
- Լավ, գնանք երկրորդ գոմեշին նայենք,- ասաց Վիլսոնը։ - Վարորդին կասեմ, որ մեքենան ստվերում կանգնեցնի։
-Ի՞նչ եք պատրաստվում անել, - հարցրեց Մաքոմբերին Մարգոն։
-Գոմեշին ենք նայելու, - ասաց Վիլսոնը։
- Ես էլ եմ գալիս։
- Գնացինք։
Նրանք երեքով մոտենում էին հսկայամարմին, սև գոմեշին, որ գլուխն առաջ գցած փռված էր մարգագետնում՝ խոտերի մեջ տարածելով հսկայական կոտոշները։
-Ի՛նչ գլուխ ունի, - ասաց Վիլսոնը։ - Լայնությունը հիսուն դյույմ կլինի։
Մաքոմբերը հիացած գոմեշին էր նայում։
-Գարշելի է, - ասաց Մարգոն։ - Չգնա՞նք դեպի ստվերը։
- Գնանք, - ասաց Վիլսոնը։ 
- Նայեք, -ասաց նա՝ մատնացույց անելով հեռուն։ - Տեսնու՞մ եք մացառների այն հատվածը։
-Այո։
-Այ, այնտեղ է առաջին գոմեշը։ - Զինակիրն ասում է, որ երբ ինքն ընկել է մեքենայից, գոմեշը գետնին է եղել։ Ինքը հետևել է, թե մենք ինչպես ենք հետապնդում փախչող գոմեշին։ Ու, երբ շրջվել է, տեսել է, որ գոմեշը ոտքի է կանգնել ու իրեն է նայում, լեղապատառ փախել է, իսկ գոմեշը թաքնվել է մացառներում։
- Չե՞նք կարող հիմա նրա ետևից գնալ, - անհամբերությամբ հարցրեց Մաքոմբերը։
Վիլսոնը հանգստացնող հայացքով նրան նայեց։ Այ քեզ հետաքրքիր մարդ, մտածեց նա. երեկ վախից հիվանդացել էր, իսկ այսօր ջանը կրակ է ընկել։
-Ոչ, թող մի քիչ անցնի։
-Խնդրում եմ՝ գնանք դեպի հովը,- ասաց Մարգոն։
Նա գունատ էր, կարծես հիվանդ լիներ։ Նրանք մոտեցան մեքենային, որ կանգնած էր միակ լայնասաղարթ ծառի հովանու տակ, ու նստեցին։
- Հնարավոր է, որ այնտեղ սատկած լինի, - ասաց Վիլսոնը։ - Քիչ հետո կերևա։ 
Մաքոմբերին մի այնպիսի անզուսպ ու չպատճառաբանված հրճվանք էր համակել, որպիսին նա երբեք չէր զգացել։
-Հրաշալի էր, այնպես չէ՞, Մարգո։
-Ատելի՜ էր։
-Ինչու՞։
-Ատելի էր, - դառնորեն ասեց նա։ -Գարշելի։
-Գիտեք, ինձ թվում է, որ կյանքում այլևս ոչնչից չեմ վախենա, - ասաց Մաքոմբերը Վիլսոնին։ - Երբ առաջին անգամ գոմեշին տեսանք և ընկանք ետևից, ինձ հետ ինչ-որ բան կատարվեց, կարծես չքացան բոլոր արգելքները։ Անօրինակ հուզմունք էր։
- Ձեզ պետք էր, - ասաց Վիլսոնը։ -Սատանան տանի, ինչ ասես, որ չի պատահի։
Մաքոմբերի դեմքը փայլում էր։
-Ինձ հետ, իրոք որ, ինչ-որ բան է կատարվել, -ասաց նա։ -Ես ինձ բոլորովին ուրիշ եմ զգում։
Կինը ոչինչ չէր ասում, մեքենայի ետևի անկյունում նստած՝ հետաքրքրությամբ նայում էր Մաքոմբերին, որ առաջ էր եկել ու խոսում էր իրենց կողմը շրջված Վիլսոնի հետ։
-Գիտեք, ես շատ կուզեի նորից առյուծ որսալ, - ասաց Մաքոմբերը։- Հիմա, իրոք որ, չեմ վախենում։ Համ էլ ի՛նչ պիտի լինի որ։
-Ճիշտ որ,- ասաց Վիլսոնը։ - Շատ-շատ մեռնենք, ինչպես Շեքսպիրն է ասում։ Տեսնեք կհիշե՞մ։ Ինչ հրաշալի տողեր են։ Մի ժամանակ հաճախ էի հիշում։ Ապա, տեսնենք. «Աստված է վկա, ինձ համար հոգ չէ։ Մարդը մեռնում է՝ այն էլ մեկ անգամ։ Քանզի մահապարտ ենք մենք աստծո առաջ, արդյո՞ք նույնը չէ, երբ պիտի մեռնենք»։ Հրաշալի տողեր են, այնպես չէ՞։ Նա չափազանց հուզվեց՝ արտասանելով իր կյանքում մեծ կարևորություն ունեցող այս խոսքերը։ Բայց առաջին անգամ չէր, որ մարդիկ իր աչքի առջև հասունանում էին և անկախ այն բանից նրանք քսան տարեկան էին թե՝ ոչ, նա հուզվում էր։ 

Դեպքերը շատ տարօրինակ դասավորվեցին։ Մաքոմբերը գործի էր անցել անսպասելի, նախքան կհասցներ հուզվել, բայց այնուամենայնիվ, ինչպես էլ որ կատարված լիներ, եղածը եղած էր։ Եվ արի ու հիմա տես այն ողորմելուն, մտածում էր Վիլսոնը։ Այո, նրանցից շատերը դեռ հասուն տարիքում էլ շարունակում են տղա մնալ, երբեմն ողջ կյանքում, մտածում էր Վիլսոնը։ Նույնիսկ հիսուն տարեկանում տղայական կառուցվածք են ունենում։ Ամերիկացի մեծ տղա-տղամարդիկ։ Տարօրինակ ժողովուրդ են։ Բայց այս Մաքոմբերը հիմա արդեն դուր է գալիս իրեն։ Տարօրինակ մարդ է։ Հավանաբար այլևս չի հանդուրժի, որ կինը դավաճանի իրեն։ Լավ կլինի։ Շատ լավ կլինի։ Ողորմելին երևի ամբողջ կյանքում վախեցել է։ Տեսնես ինչից է սկսվել։ Բայց հիմա արդեն անցել է։ Նա ժամանակ չունեցավ գոմեշից վախենալու, համ էլ նյարդայնացած էր։ Մեքենան էլ մյուս կողմից։ Մի տեսակ մեքենայով ավելի հեշտ էր։ Իսկ հիմա կրակ է ընկել ջանը։ Պատերազմի ժամանակ է այդպես լինում, երբ փոփոխությունն այլընտրանք չունի, երբ միամտության կորուստն անխուսափելի է։ Վախն անհետ կորչում է, փոխարենը նոր բան է հայտնվում։ Այն գլխավորը, որ տղամարդն ունի, այն ինչը նրան տղամարդ է դարձնում։ Եվ այս մասին կանայք էլ գիտեն։ Վախկոտ ողորմելիները խաղից դուրս են։
Նստատեղի մի անկյունը քաշված Մարգրեթ Մաքոմբերը նայում էր նրանց երկուսին։ Վիլսոնը նույնն էր։ Նա այնպիսին էր, ինչպիսին մեկ օր առաջ, երբ ինքն առաջին անգամ զգաց, թե որն է Վիլսոնի ուժը։ Իսկ Ֆրենսիս Մաքոմբերի մեջ նա հիմա արդեն փոփոխություն տեսնում էր։ 
-Դուք մի տեսակ երջանկության զգացում չե՞ք ունենում, երբ ինչ-որ բանի եք սպասում,- հարցրեց Մաքոմբերը՝ շարունակելով տնտղել իր նոր զգացումները։
-Այդ մասին սովորաբար լռում են, - ասաց Վիլսոնը՝ նայելով նրա դեմքին։ - Ավելին, ընդունված է ասել՝ վախենում եմ։ Հիշեք, որ վախենալու առիթներ դեռ ունենալու եք։
-Իսկ երջանկության զգացում ունենո՞մ եք, երբ ինչ-որ բան պիտի անեք։
-Այո՜,- ասաց Վիլսոնը ։
- Ընդամենը այդքանը։ Կարիք չկա այդ մասին շատ խոսել։ 
-Ավելի լավ է լռենք։ Երբ մի բանի մասին շատ են խոսում դադարում է հաճելի լինելուց։
- Դուք երկուսդ դատարկ բաներ եք դուրս տալիս,- ասաց Մարգոն։ Մեքենայով ընկել են անօգնական կենդանիների ետևից ու դեռ հերոսի պես էլ խոսում են։ 
-Կներեք,- ասաց Վիլսոնը։ - Ես իրոք որ արդեն շատախոսում եմ։
«Դեռ չի մոռացել», - մտածեց Վիլսոնը։
- Եթե չես հասկանում, թե ինչի մասին ենք խոսում, մեջ մի ընկիր,- դիմեց Մաքոմբերը կնոջը։
-Օ, այսքան արագ ինչ քաջն ես դարձել,- արհամարհանքով ասաց կինը, բայց նրա արհամարհանքը համոզիչ չէր։ Նրան ինչ-որ բան անհանգստացնում էր։
Մաքոմբերը լիաթոք ու անկեղծ ծիծաղեց։ 
- Պատկերացրու, որ դարձել եմ,- ասաց նա,- ես իրոք դարձել եմ։
-Արդյո՞ք շատ չես ուշացել,- դառնությամբ հարցրեց Մարգոն։ Որովհետև անցած ամբողջ տարիների ընթացքում նա ջանացել էր, որ ամեն ինչ լավ լինի, և հիմա, երբ դեպքերն այդպես էին դասավորվել, նրանցից ոչ մեկը մեղավոր չէր։
- Ես՝ ոչ,- ասաց Մաքոմբերը։ 
Մարգոն ոչինչ չպատասխանեց, քաշվեց մեքենայի մի անկյունը։
-Ձեզ չի՞ թվում, որ բավական է ինչքան սպասեցինք,- աշխուժորեն հարցրեց Մաքոմբերը Վիլսոնին։
-Կարելի է գնալ,- ասաց Վիլսոնը,- փամփուշտներ մնացե՞լ են։
-Զինակիրն ունի։
Վիլսոնը սվահիլերեն ինչ-որ բան ասաց, և ծեր զինակիրը, որ գոմեշներից մեկի գլուխն էր քերթում, ոտքի ելավ, գրպանից մի տուփ փամփուշտ հանեց և մեկնեց Մաքոմբերին։ Նա փամփուշտների մի մասը լցրեց պահեստատուփի մեջ, մնացածը՝ գրպանը։
-Կարող եք նաև Սփրինգֆիլդից կրակել,- ասաց Վիլսոնը։ - Արդեն վարժվել եք դրան։ Մանլիչերը կթողնենք մեքենայում, Մեմսաիբի մոտ։ Ձեր ծանր հրացանը զինակիրը քարշ կտա։ Ես գրողի տարած թնդանոթս կվերցնեմ։ Իսկ հիմա ինձ լսեք։
Նա այս խոսքերը թողել էր, որ վերջում ասի, չէր ուզում նախապես անհանգստացնել Մաքոմբերին։
-Երբ գոմեշը հարձակվում է, հարձակվում է գլուխը վեր ու առաջ պահած։ Կոտոշների արմատներն այնքան կարծր են ու տարածուն, որ փամփուշտը չի խոցում գանգը։ Պետք է միայն մռութին կրակել։ Կարելի է նաև կրծքին խփել և, եթե կողքից եք խփելու, նաև պարանոցին ու թիակներին։ Եթե փամփուշտը մի անգամ արդեն կպել է, նրան սպանելը չափազանց դժվար է դառնում։ Երևակայությանը զոռ տալու կարիք չկա։ Պետք է ընտրել ամենահեշտ հարվածը։ Նրանք արդեն վերջացրել են քերթելը։ Շարժվեցինք։
Նա ձայն տվեց զինակիրներին, որոնք ձեռքները մաքրելով՝ մոտեցան իրենց։ Նրանցից տարիքով մեծը նստեց ետևում։
-Միայն Կանգոնիին կվերցնենք, - ասաց Վիլսոնը։ - Մյուսը թող մնա, թռչուններին կքշի։
Մեքենան բացատով դանդաղ առաջ էր շարժվում դեպի թփուտների կղզյակը, որ կանաչ ժապավենի նման ձգվում էր բացատը հատող ցամաքած գետի հունով։
Մաքոմբերը զգում էր, թե ինչպես է բաբախում սիրտը, բերանը նորից չորացել էր, բայց դա հուզմունքից էր, ոչ վախից։
-Ահա այս կողմն է փախել, -ասաց Վիլսոնը։ Հետո սվահիլերեն դիմեց զինակրին.- Արյան հետքերը գտիր։
Մեքենան հավասարվեց թփուտներին։ Մաքոմբերը, Վիլսոնը և զինակիրը իջան։ Մաքոմբերը շրջվեց ու նայելով ետ՝ տեսավ կնոջը՝ իրեն նայելիս, հրացանը կողքին։ Ձեռքով արեց, բայց կինը չպատասխանեց։
Թփուտները շատ խիտ էին, իսկ հողը չոր էր։ Միջին տարիքի զինակիրը ամբողջովին կորել էր քրտինքի մեջ, իսկ Վիլսոնը գլխարկն իջեցրել էր աչքերին, և Մաքոմբերը տեսնում էր նրա կարմիր պարանոցը։ Հանկարծ զինակիրը սվահիլերեն ինչ-որ բան ասաց Վիլսոնին ու նետվեց առաջ.
-Այնտեղ սատկել է, լավ խփեցինք, - ասաց Վիլսոնը, շրջվեց և ժպտալով սեղմում էր Մաքոմբերի ձեռքը, երբ լսվեց զինակրի վայրենի գոռոցը ու տեսան, թե նա ինչպես է ծովախեցգետնի պես ետ-ետ փախչում թփուտներից, իսկ ետևից՝ մռութը բարձր, բերանը սեղմած, արնածոր, հսկայական գլուխը վեր պահած խոյանում գոմեշն ու խոզային, արնախում աչքերով նայում նրանց։
Վիլսոնը, որ առջևում էր, ծնրադիր կրակեց և խլացած նրա կրակոցից՝ Մաքոմբերը չլսեց սեփական հրացանի ձայնը, բայց տեսավ, թե ինչպես են հսկայական կոտոշների հիմքից թերթաքարի նման մեծ-մեծ բեկորներ թռչում և ինչպես է ցնցվում գլուխը։ Նա նորից կրակեց չռված մռութին և տեսավ, թե ինչպես նորից ցնցվեցին կոտոշները, և բեկորներ թռան։
Այլևս Վիլսոնին չէր տեսնում։ Ուշադիր նշան բռնելով՝ կրակեց, իսկ գոմեշը գնալով խոշորանում էր, և հրացանը գրեթե հավասարվում էր մոտեցող գլխին՝ առաջ ցցված մռութով, և անկարող էր տեսնել փոքր ու չար աչքերը։ Գլուխն սկսեց ընկնել, և Մաքոմբերը հանկարծ գլխում տաք, կուրացնող պայթյուն զգաց։ Նա այլևս ոչինչ չէր կարող զգալ։
Վիլսոնը մի կողմ էր քաշվել, որ թիակներին խփի։ Մաքոմբերը կանգնել էր տեղում և փորձում էր մռութին կպնել, բայց ամեն անգամ մի փոքր վեր էր կրակում ու կպնում էր ծանր կոտոշներին՝ փշրելով ու թերթաքարի բեկորների պես ցրելով դրանք։ Իսկ միսս Մաքոմբերը մեքենայից 6.5 դյույմանոց Մանլիչերից կրակել էր գոմեշի վրա. նրան թվացել էր, թե ուր որ է գոմեշը կոտոշների վրա կհանի Մաքոմբերին, և կպել էր ամուսնու գլխին՝ քունքից 2 դույմ բարձր։
Ֆրենսիս Մաքոմբերը փռվել էր դեմքով դեպի գետինը՝ երկու յարդ հեռու կողքի վրա ընկած գոմեշից, գլխավերևում ծնկաչոք կինն էր, իսկ կողքին՝ Վիլսոնը։
-Նրան հիմա չեմ շրջի ,- ասաց Վիլսոնը։
Կինը հիստերիկ լացում էր։
-Լավ կլինի մեքենայում նստեք,- ասաց Վիլսոնը։
-Որտե՞ղ է հրացանը։
Նա գլխով նշան արեց. դեմքն այլայլված էր։ Զինակիրը վերցրեց հրացանը։
-Դիր ինչպես որ կար,- ասաց Վիլսոնը։ - Կանչիր Աբդուլահին, թող այս դժբախտ պատահարի վկան դառնա։
Նա չոքեց, գրպանից հանեց թաշկինակն ու գցեց Ֆրենսիս Մաքոմբերի կարճ խուզած գլխին։ Արյունը արագորեն ներծծվում էր չոր ու փափուկ հողի մեջ։
Վիլսոնը ոտքի կանգնեց ու նայեց ընկած, ոտքերը չռած գոմեշին, որի սակավամազ փորի վրայով տիզեր էին բարձրանում։ Անիծվածը լավն է, մեխանիկորեն անցավ մտքով, հիսուն դույմից մի բան էլ ավել կլինի։ Կանչեց վարորդին և ասաց, որ ծածկի մեռածի մարմինն ու մնա մոտը։ Հետո մոտեցավ մեքենային, որի մի անկյունում կծկվել, արտասվում էր կինը։
-Լավ էիք մտածել,- ասաց նա անտարբեր ձայնով։- Նա անպայման կլքեր ձեզ։
-Վերջացրե՜ք,- ասաց միսս Մաքոմբերը։
-Մի անհանգստացեք,- ասաց նա, - անշուշտ, բավական անախորժություններ կլինեն, բայց հիմա մի քանի լուսանկար կանենք, գործին պետք կգան։ Բացի այդ, զինակիրների և վարորդի վկայությունն էլ կա։ Այնպես որ ամեն ինչ կարգին է։
-Վերջացրե՜ք, - ասաց կինը։
-Բավական բան կա անելու, - ասաց նա։ - Դեռ մի բեռնատար պիտի ուղարկեմ լիճ՝ ինքնաթիռ պատվիրելու, որ մեզ երեքիս Նայրոբի հասցնի։ Բայց ինչու՞ չթունավորեցիք նրան։ Չէ՞ որ Անգլիայում այդպես են անում։
- Վերջացրե՜ք, վերջացրե՜ք, վերջացրե՜ք, - բղավեց կինը։ 
Վիլսոնը իր սառը, կապույտ աչքերով նայեց նրան։
-Ես արդեն վերջացրի,- ասաց նա։ - Մի փոքր բարկացած էի։ Սկսել էի սիրել ձեր ամուսնուն։
-Օ՛, խնդրում եմ, վերջացրե՜ք,- ասաց նա, - խնդրու՜մ եմ, խնդրու՜մ եմ, վերջացրե՜ք։
- Այսպես ավելի լավ է,- ասաց Վիլսոնը։ - Խնդրելն ավելի լավ է։ Հիմա ես կլռեմ։

անգլերենից թարգմ. ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Հեմինգուեյը որդիների և կնոջ՝ Մարթա Գելհըրնի հետ, 1941թ., ԱՄՆ, Այդահո: Լուսանկարիչ՝ Ռոբերտ Կապա 


Տեսնել այլ հրապարակումներ Էռնեստ Հեմինգուեյից


No comments:

Post a Comment