հասմիկ սիմոնյան

Լեյլա

o, Լեյլաաչքը խուփ՝
բրեզենտով ծածկված նավակ,
դեմքի տխուր ջրափոսում:
և արդյոք հե՞շտ է կարդալ այդ աչքով:

օ, Լեյլա, աչքը քո փակ,
նման է մեռած երգի՝
հատ գնացած բառերով, թելը՝ դուրս,
քեզ համար երգե՞լ են հեռվում
մեղրաջրով բացած օրորներ:

Ձեռքերիդ, ձեռքերիդ թե հպվեմ
ճյուղերի բարակն եմ հիշում,
սառած քնքշանքը ձյուների,
օ, Լեյլա, դու գիտե՞ս տաքանալ
ձեռքերով՝ նիհար ցախավել,
որ մայրդ գողացավ քեզ համար
ձեր բակում պաղած ձյան մարդուց:

Քո սիրտը՝ քորոցով կպցրած վարդ,
հիշո՞ւմ ես շուրթերը աղջկա,
ով գրկել շուրթերդ, լացում էր,
օ, Լեյլա,
Լեյլա...
Լեյլա,
իսկակա՞ն էր քո լացը արդյոք,
երբ բառ-բառ կրում էիր արցունքներդ
փակ ու բաց աչքերիդ ջրհորից:

...Ես կրկնում եմ քո անունը,
Լեյլա,
անտեսանելի թիկնոց հագնելու պես...
Դու գրկել ես մորդ, ինչպես նա՝ քեզ,
երբ դու անպաշտպան էիր ու փոքրիկ,
հիմա դու ես գրկել մորդ, ինչպես երեխային կգրկեն,
բայց նորից դու ես անպաշտպան,
և նորից դու ես փոքրիկ,
և ձեռքիդ մեջ տրոփում է սիրտդ՝ կարմիր փշոտ վարդ՝
ամբողջովին ծակծկված ու տկլոր:

Ուզում եմ մնաս հեռվում՝ երբևէ լույս չտեսած գրքի պես:
Ես քեզ չեմ ասում շնորհակալություն,
թեև իմ տունը, անկողինը, այն այգին
ինձ տեսնելուց նաև քեզ են դնում ներկա:

Ես վախենում եմ, Լեյլա, որ երբեք չեմ մոռանա քեզ,
և սարսափում այն օրից, երբ ուրիշն ինձ կգրկի,
ու ես դժվարությամբ կմտաբերեմ անունդ,
հեղինակներ, որ կարդացել եմ քեզ համար,
և գրքեր, որ խորհուրդ եմ տվել քեզ,
անուններ, որ լսել եմ քեզանից,
բառեր, որ սովորեցրել ես ինձ:

Լեյլա, կարելի է հագնվել ու գնալ
առանց հրաժեշտ տալու տնեցիներին,
բանալին՝ դռան շորի տակ, ծաղիկները՝ չջրած,
բայց վարձերը կմուծես, խնդրում եմ:

Ամեն ինչ ուրեմն չի սկսվում միայն
և շարունակվում, ինչպես կառուցումը
բաբելոնյան աշտարակի:

Լեյլա, դու կարող ես ինձ թողնել:
Լեյլա, ես ազատ կին եմ: Կհասկանամ:

հասմիկ սիմոնյան





No comments:

Post a Comment