Լուսանկարում՝ Հեմինգուեյը որդու՝ Գրեգըրիի հետ, 1941թ., ԱՄՆ, Այդահո: |
ԽՈՐՀՈւՐԴ ՈՐԴՈւՍ
Երբեք չհավատաս սպիտակ մարդուն,
Երբեք չսպանես հրեայի,
Երբեք պայմանագիր չստորագրես,
Երբեք նստարան չվարձակալես:
Չզորակոչվես բանակներում,
Չամուսնանաս շատ կանանց հետ,
Ոչ էլ ամսագրերի համար գրիր,
Պզուկներդ էլ չքորես:
Նստելուց առաջ տակդ միշտ թուղթ փռիր,
Պատերազմներին չհավատաս,
Մաքրասեր ու կոկիկ եղիր,
Երբեք չամուսնանաս բոզի հետ,
Զրպարտողին մի վճարիր,
Օրինապահ չլինես,
Հրատարակչին մի հավատա,
Այլապես, տղաս, կմնաս քնած ծղոտին:
Բոլոր ընկերներդ կլքեն քեզ,
Բոլոր ընկերներդ կմեռնեն,
Եվ ուրեմն պարզ ու լիարժեք կյանքով ապրիր
Ու միացիր նրանց վերևում:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈւԹՅՈւՆ
Միակ մարդը, ում երբևէ սիրել էի,
Ասաց՝ մնաս բարով
Ու գնաց հեռու:
Արևոտ մի օր
Փիքըրդիում նա սպանվեց:
ՄԵՌԱԾ ԼԱՎ ՏՂԵՐՔԻՆ
Ծծեցին մեզ նրանք՝
Թագավորն ու երկիրը,
Տեր Աստված,
Մնացածը՝
Հայրենասիրություն,
Ժողովրդավարություն,
Պատիվ,
Բառեր ու բառակապակցություններ են :
Նրանք կամ շինում էին կամ մեզ սպանում:
ՊՈԵԶԻԱ
Այնպես որ հիմա՝
Կորցնելով անցած երեք գիշերները
Եվ ընդունելով ետ նրանց այսօր
Կաթկթող ու մութ անտառների մեջ...
ՎԱԼԵՆՏԻՆ
Թե դու չլինես իմ Վալենտինը,
Ես ինձ կկախեմ քո տոնածառից:
ՄՈՆՊԱՌՆԱՍ
Հայտնի մարդկանցից գոնե մեկի ինքնասպանության փորձը Էս թաղամասում
Հաջող ելք չունեցավ. բոլորն անհաջող փորձեր էին:
Չինացի տղան սպանեց իրեն ու մեռավ:
(Նրան դեռ նամակներ են գրում, ու դրանք շարվում են փոստատուփի մեջ)
Նորվեգացին ինքնասպան եղավ ու մեռավ:
(Ոչ ոք չհասկացավ, թե ուր անհետացավ մյուս նորվեգացին)
Մահացած մի մոդելի գտան՝
Անկողնում մենակ պառկած և ըստ երևույթին՝ վաղուց էր մահացել:
(Դռնապանին դա շատ անհանգստացրեց)
Քաղցր ձիթայուղ, սպիտակուց ձվի, մանանեխ ու ջուր, օճառափոշի
Եվ ստամոքսի լվացում. ահա այս ամենն է փրկում հայտնի մարդկանց:
Ամեն կեսօր հայտնի ինչ-որ մարդ հայտնաբերվում է սրճարանում:
ՏԱՐԻՔՆ ԷՐ ՊԱՀԱՆՋՈւՄ
Տարիքը պահանջում էր, որ մենք երգեինք,
Բայց մեր լեզուն կտրեցին:
Տարիքը պահանջում էր, որ հոսեինք ազատ,
Բայց մեզ խցկեցին խցանների տակ:
Տարիքը պահանջում էր, որ մենք պարեինք,
Բայց մեզ հագցրեցին երկաթե տաբատներ:
Ու ամենավերջում տարիքի ձեռնափում
Կղկղանքի մի տեսակ կար, որն էլ պահանջվում էր:
ՎԵՐՋԻՎԵՐՋՈ
Նա փորձեց դուրս թքել ճշմարտությունը,
Սկզբում բերանը չոր էր,
Հետո բերնի ջրերը գնացին, ու վերջում թքախառը
Ճշմարտությունը ծորում էր կզակին:
անգլերենից թարգմանեց հասմիկ սիմոնյանը
Տեսնել այլ հրապարակումներ Էռնեստ Հեմինգուեյից
No comments:
Post a Comment