երբեք չես մեռնի, ահա թե ինչ կասեմ քեզ, Հովհաննես Գրիգորյան


Նա գիտեր, որ այսօր ՄԵԾ-ՄԵԾ ՓԱԹԻԼՆԵՐՈՎ ՁՅՈՒՆ ԿԳԱ, նա գիտեր, որ որևէ մի ամսի 7-ի ԴՈՒՐՍ Է ԳԱԼՈՒ ՏԱՆԻՑ ՈՒ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ, նա գիտեր, որ բոլորս իրեն ասելու ենք ՄԻ՛ ԳՆԱ, ու գիտեր, որ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԺՊՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ՄԵՐ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ...
Իսկ ես ասում եմ՝ ԴՈՒ ԵՐԲԵՔ ՉԵՍ ՄԵՌՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵ՛Ս ԳՐԻԳՈՐՅԱՆ, մե՛ծ պոետ, դու միշտ էսպես հոգատար ու բարի հետևելու ես մեր ընթացքին, ծիկրակելու ես թաքուն ու հրճվանքով հետևելու ես մեզ՝ հիրավի քո երեխաներին, որովհետև անընդհատ կարդալու ենք քեզ, որովհետև անընդհատ հիշելու և սիրելու ենք քեզ, որովհետև շարունակելու ենք մեր սերերը խոստովանել քո՛ բանաստեղծություններով, որովհետև շարոնակելու ենք սիրել մեր սրտաչափ հայրենիքը քո՛ պես, քո որովհետև ԴՈՒ ՆԱ ԵՍ, ՈՒմ ՁԵՌՔԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԳԼԽԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ՝ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ...
Ու դու գիտես, ՈՐ ԴԺՎԱՐ Է ԽՈՍՔԵՐՈՎ ԱՍԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՍՐՏՈՒՄ Է ՊԱՀՎԱԾ, ու գիտես, որ քեզ հետ խոսելիս ես միշտ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՄ ՎԵՐՋԱԿԵՏ ԴՆԵԼ, որովհետև իմ ու քո, քո ու բոլորիս զրույցը պիտի շարունակվի այնքան, քանի դեռ ԴՈՒ ԿԱՍ, քանի դեռ ՄԵՆՔ ԿԱՆՔ...

Արքմենիկ Նիկողոսյան
ԱՅՍՕՐ ՁՅՈՒՆ ԵԿԱՎ

Ես գիտեմ`
կմեռնեմ ձմռան առաջին օրը:
Մարդիկ կթփթփացնեն ձյունոտված ոտները
դռան շեմի փալասին և զարմանքով կնայեն,
թե ինչպես է ձյունը հալվում սառած այտերիս վրա:
Հանկարծակի ծերացած կինս կորոնի
և չի գտնի վառարանի ունելին`
վաղուց սատկած կատվին սենյակից դուրս քշելու համար,
հետո հուսահատ կնստի, կօրորի գլուխը`
քմահաճ կատվի և իմ անխոհեմ քայլից ընկճված: 
Քույրս, որը ծնվել էր ինձ հետ և մահացել մի քանի ժամ հետո`
թեյ կբաժանի մրսած հյուրերին
և ազատ ձեռքով կուղղի
կրծքիս դարսված ձմեռային ծաղիկներն ու թեքված մոմը, 
որի հալված կաթիլներն ուղիղ ճակատիս էին ծորում
և ուր որ է լցվելու էին աչքերս…Եվ հենց այդ պահին
բոլորը միանգամից կելնեն ոտի և աղմուկ-
աղաղակով ինձ դուրս կհանեն տանից 
ձեռների վրա բարձր, շատ բարձր բռնած,
և այդ ահռելի բարձունքից կտեսնեմ կյանքս ծայրեծայր,
որ մնացել էր ներքևում` ամբողջովին ձյան մեջ կորած,
և այդ հրաշալի տեսարանից քար կտրած`
խոսքեր չեմ գտնի հիացմունքս արտահայտելու համար…

Հովհաննես Գրիգորյան (1945թ. օգոստոսի 7 - 2013թ. փետրվարի 7)

1 comment:

  1. Այո, դու ձմեռը շատ էիր սիրում,
    թե՞ ձմեռն էր քեզ սիրում ավելի շատ։
    Դու գիտեիր, որ ձմռան...
    ո՞ր օրը, ի՞նչ կարևոր է,
    առաջի՞ն, թե՞ 3-րդ ամսվա 7-րդ օրը,
    կարևորն այն է, որ մեր սիրտն էլ տարար հետդ,
    Հովհաննես Գրիգորյան,մեր սիրելի, մեր լա՜վ...

    ReplyDelete