ԱՅՍ ԳԻՇԵՐ
ԱնետինՏերևների տակ թող սերը քնի:
Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…
Ատի'ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:
Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա:
Աստղերը` մոշի փայլփլուն հատիկ:
Խղճմտանքներիդ հաշիվը խառնած-
Ատի’ր, խնդրում եմ, աչքերս ատիր:
Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն:
Սատանան հառնի երկնքի պատին:
Աղոթագրքի մրու՜րը լափեմ…
Ատի’ր, խնդրում եմ, մեղքերս ատիր:
Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ
Ստույգ դժոխքն ու դրախտը պատիր:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…
Ատի’ր, խնդրում եմ, աղոթքս ատիր:
ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ
(Տխուր հեքիաթ)
Մի մարդ,
բոլորովին մենակ մի մարդ
տախտակ էր տաշում:
Մի քանի կտոր տաշեց-
իր հասակի չափով:
Հետո գրպանից ժանգոտ մեխեր հանեց,
մի քար վերցրեց
ու սկսեց մեխել:
Ու երբ հասկացավ,
որ դագաղն իր հասակի չափով է, -
նա հանեց վերարկուն,
արձակեց փողկապը
ու շունչը պահած`
զգուշորեն սողաց դագաղի մեջ:
Հետո նա հիշեց,
որ էլի մի քանի կտոր տախտակ կա,
ու էլի մի քանի մեխ ունի գրպանում:
Եվ որովհետև հիշեց,
զգուշորեն դուրս սողաց դագաղից,
փողկապը կապեց
ու հագավ վերարկուն:
Ու այդ մենակ,
բոլորովին մենակ մարդը
վերջին կտոր տախտակները տաշեց,
գրպանից ժանգոտ մեխեր հանեց,
մի քար վերցրեց
ու սկսեց մեխել:
Ու երբ հասկացավ,
որ կափարիչը դագաղի չափով է, -
նա հանեց վերարկուն,
արձակեց փողկապը
ու շունչը պահած
զգուշորեն սողաց դագաղի մեջ:
Մենակ,
բոլորովին մենակ այդ մարդը
վեց օր պառկեց նույն դրությամբ
և յոթերորդ օրը հիշեց,
որ էլի մի քանի մեխ ունի գրպանում:
Եվ որովհետև հիշեց,
զգուշորեն դուրս սողաց դագաղից,
փողկապը կապեց
ու հագավ վերարկուն:
Հետո գրպանից հանեց վերջին մեխերը,
մի քանի քար վերցրեց
ու սկսեց մեխել:
Ու երբ հասկացավ,
որ փակել է դագաղը, -
երբ գլխի ընկավ,
որ դագաղը դատարկ է, -
նա սկսեց բարձրաձայն հեկեկալ,
որովհետև էլ ոչ մի կտոր տախտակ չկար,
ու մեխ չկար գրպանում,
որովհետև
հողագնդի վերջին մարդն էր ինքը...
*
Ներեցեք ինձ,
Ազնիվ, խստաբարո սրբեր,
Ռոսլին ու Գրեկո ու Ռաֆայել,
Հանդգնում եմ
Ահա
Արտասուքով սրբել
Երանգների փոշին ու հոգուս մեջ պահել:
Մատներս արտասվում են կորցրածի համար:
Սարսափելի ծանր է այս լքումը:
Լեոնարդոն թեև իմ հոգին է համակ,
Նարեկացին սակայն ինձ ձգում է...
Ընդունեք ինձ,
Դանթե ու Լորկա ու Չարենց,
Ու մկրտեք ինձ էլ հեղուկով սուրբ...
Իմ հոգևոր կյանքում ինչ վրձինը չարեց`
Իմ գրիչը կանի -
Հմուտ ու նուրբ:
*
Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող բաց բները տեսնել:
Անիմաստ է նստել ժամանակի կառքին -
տերևների դեղին հոգևարքին հասնել:
Կատուների հոգում շնավախ կա խորունկ,
Մինչ շները վաղո՜ւց մոռացել են նրանց...
Առաջվա պես էլի տխրություն է ծորում
Տերևից էլ դեղին հոգիների վրա:
Անիմաստ է նաև ընկերակցել լացիդ
Ու խոսքերով խղճուկ մխիթարել:
Ցավ չէ, շուրթերդ ինձ կարոտ մնացին,
Քո կարոտը ինձ հետ ես հեռո՜ւ եմ տարել...
Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող բաց բները տեսնել:
Անիմաստ է նստել ժամանակի կառքին -
տերևների դեղին հոգևարքին հասնել:
ՍԻՐԵՐԳ
Գիշերն անթիվ ստվեր ունի
Ու մարմին մի պաղ...
Լուսնի դժգույն ուրվականը
Մոլորվեց մի պահ:
Սերս ինձնից թաքցրել են,
Տարել են հեռու:
Ես գիշերով դաշտ եմ գնում -
Սերս փնտրելու:
Աշնանային խոտերի մեջ
Թախիծ կա դեղին:
Ինձ ասացին անտեղի է
Արցունքդ լեղի...
Գիշերն անթիվ ստվեր ունի
Ու մարմին մի պաղ...
Լուսնի դժգույն ուրվականը
Դահիճ է կարմիր:
ԵՐԵԿՈ (ԻՆՔՆԻՆ ՏԵՍԻԼ)
Հորիզոնը խոնավ մութ է բուրում:
Հեռվում աղմկում են նայադները հղի:
Սև ամպերի ճերմակ փրփուրներում
Օրորվում է
Լուսնի առագաստը դեղին:
Տարածությունն շտապում է
Սահմանն անսահմանի:
Արուներ է փնտրում էգերի չուն:
Լուսնի առագաստը հողմն ուզում է տանի:
Լապտերներ է կտցում ինչ-որ թռչուն:
Լապտերների միտքը մթագնում է ցավից:
Խավարի մեջ
Խարխափում է բիբը Քրիստոսի:
Անմեկնելի քայլով -
Իրերի անձավից -
Ծերուկ Կանտն է ելնում`
Որպես ԻՆՔՆԻՆ ՏԵՍԻԼ:
Հղի նայադները աղմկում են անվերջ,
Հողմն ուզում է լուսնի առագաստը տանի...
Տարածության քայլքը հորիզոնին գամվեց -
Չհասնելով սահմանն անսահմանի:
No comments:
Post a Comment