- Երբ ես արթնանում եմ առավոտյան, - մի անգամ գրել է հալչող ժամացույցների և վառվող ընձուղտների ստեղծողը, - ինձ մի անհուն ուրախություն է համակում, որ ես Սալվադոր Դալին եմ: Նրա ամենասիրած գործերից մեկը տաղանդ դառնալն էր, և ահա միջոցը. <<Օ՜, Սալվադոր, քեզ հայտնի է իսկությունը տաղանդի. եթե վարվես ինչպես տաղանդը, կդառնաս տաղանդ>>:
6 տարեկանում նա ցանկանում էր դառնալ խոհարարուհի, այլ ոչ թե խոհարար, 7 տարեկանում` Նապոլեոն, մի խոսքով` փառասեր ու փողապաշտ մի խենթ սյուրեալիստ, որն ասում էր. <<Միակ տարբերությունն իմ և խելագարի միջև այն է, որ ես իսկապես խելագար չեմ>>:
Դալին, որ համարվում էր ժամանակակից արվեստի մեծագույն դեմքերից մեկը Պիկասոյի և Դյուշանի հետ մեկտեղ, իրեն համարում էր փրկիչ, որին տրված էր փրկելու գեղանկարչությունը <<մահացու վտանգից>>...
Նրա նկարներում գերակշռում են կատալոնյան բնապատկերները կամ երաժշտական այլ գործիքներ, որոնք ուղղակի երազներ չեն, այլ հիշողություններ` կապված անցյալի հետ, երբ Դալիի ընտանիքը հաճախ էր ճաշում երաժիշտների ընտանիքի հետ: Նկարներում հանդիպում են նաև մորեխներ ու արյուն, որոնցից Դալին մեծ վախ ուներ, իսկ երկար ու բարակ ոտքերով փղերը խորհրանշում են սահմանը երկրից դեպի երկինք...
Դալիի համար ճակատագրական է լինում հանդիպումը մի խումբ սյուրեալիստների հետ հայրենի Կադակեսում, որոնց մեջ էր նաև Դալիի ապագա կինը` Գալան: Գալան նրա երևակայության կինն էր, այն հյութող կինը` գրավիչ բարեմասնություններով, որ նա երբևէ պատկերել էր իր նկարներից մեկում <<Աղջիկը Ամպուրդանից>>: Գալան, որ ռուս հարուստ գեներալի դուստր էր, ուներ նույն նրբագեղ իրանը, բարեմասնությունները, ինչպիսին Դալիի կերպարներն էին: Դալիի սերը Գալայի հանդեպ, մինչ խոստովանելը, արտահայտվում էր ցինիկ քրքիջի միջոցով, որը ոչ մի սահմանների մեջ չէր մտնում, ծիծաղ, որը ոչ թե սկեպտիկի ծիծաղ էր, այլ ֆանատիկի: Ի պատասխան սիրո տարօրինակ խոստովանության` Գալան շշնջում է. <<Փոքրիկս, մենք երբեք չենք բաժանվի>>...
Հատկանշական է նաև Դալիի և Գարսիա Լորկայի կապը, որը ավելին էր, քան սովորական ընկերությունը, և նրանց կապում էր գեղագիտական բացահայտումնեչ կատարելու մոլուցքը: Մի անգամ Դալին խոստովանեց. <<Երբ Լորկան փորձեց տիրանալ ինձ, ես սարսափեցի>>...
Սալվադորը վատ հարաբերությունների մեջ էր սեփական հոր հետ, և իր <<Մի հանճարի օրագրում>> կրկնում է Զիգմունդ Ֆրեյդի խոսքերը. <<Հերոս է նա, ով պայքարում է իր հոր իշխանության դեմ և հաղթում այդ մարտում>>: Նրանց հարաբերությունները վերջնականապես վատացան, երբ Դալիի հայրը, մտնելով տուն, տեսավ, թե ինչպես է իր որդին թքում սեփական մոր նկարի վրա ու գոռում` մեղադրելով ճակատագրական կորստի համար...
Մայրը վաղուց էր մահացել, որի առիթով հետագահում Դալին գրում է. <<Ես պետք է հասնեմ փառքի` վրեժ լուծելով այն վիրավորանքի համար, որ մահն է ինձ պատճառել` սիրելի մորս խլելով>>...
Դալիի գործունեությունը շատ բազմազան է: Վերջինիս խենթ մտքերից է դերասանուհի Մեյ Ուեսթի շրթունքների ձևով ստեղծված սկանդալային վարդագույն բազմոցը: Դալին խոստովանում է, որ հետագայում շատ ավելի ուշ է զգացել իր կատարած հայտնագործությունների արժեքը:
Մի անգամ, գտնվելով սյուրեալիստներին բնորոշ սուր երևակայական աֆեկտի տակ, փորել է հացը, մեջը դրել Բուդդայի արձանը և ծածկել սատկած լվերով: Իր լավ ընկեր Ժան Միշելից նվեր ստանալով մոդեռն ոճի աթոռ` կաշվե նստատեղը փոխարինում է շոկոլադով, ոտքին ամրացնում է դռան ոսկե բռնակ, մյուս ոտքը դնում է գարեջրով լի բաժակի մեջ` անվանելով այն աստղային աթոռ և տալով հետևյալ հարցը. <<Ի՞նչ կարող է սա նշանակել>>...
Նույնատիպ փորձարկումների արդյունքն է <<Աֆրոդիլիսկի սմոքինգը>>` պատված անանուխի լիկյորով լի բաժակներով: Այդ սմոքինգի առավելությունն այն է, որ բաժակների դասավորվածությունը թույլ է տալիս կատարել թվաբանական հաշվարկումներ և խաղալ պարանոյիկ-վերլուծական խաղեր: նմանատիպ թվաբանական խաղ հանդիպում է սուրբ Սեբաստիանի լեգենդում` իր մարմնին ստացած տառապանքի աղեղների դիրքի և քանակի միջոցով:
Դալին աշխատել է Կոկո Շանելի հետ: Սալվադորը կարծում էր, որ <<հագուստը` որպես կոնստանտ, ծնվել է ամենածանր ցնցումներից մեկի արդյունքում, ծնվելու ցնցումից>>...
Նա նորաձևությունը բնորոշում է որպես մի տրագեդիկ, կոնստանտային պատմություն և պնդում էր, որ հարթակին քայլող մոդելներին հետևելը համազոր է հետևելուն մահվան հրեշտակներին` փողերով տարփողող պատերազմի գալիքը...
Սյուրեալիստների ստեղծագործության հիմքում ընկած էր Ֆրեյդի տեսությունը, և Դալին ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ անգամ հանդիպելով նրա հետ` անվանեց Ֆրեդին <<այն միակը, որ բաժանում է անմահ Հին Հունաստանը մեր ժամանակներից>>:
Դալի կյանքը լի էր սկանդալներով և տարաձայնություններով և այդժամ պայքարելով իր ընտանիքի հետ` նա պատրաստ էր նաև պայքարել սյուրեալիզմի ուղղության կնքահայր Անդրե Բրետոնի հետ, քանզի Դալիի նկարները, որ ծնունդ տվեցին պարանոիդ-կրիտիկական միստիցիզմ կոչվող ոճին, առաջ էին քաշում սյուրեալիստների զայրույթը:
Դալիին նույնիսկ դուրս են հանում սյուրեալիստների շարքերից` մեղադրելով քաղաքական կրքերի հանդեպ թուլություն ունենալու մեջ: Վերջինս ասում էր. <<Քաղաքականությունը ինձ երբեք չի հետաքրքրել. այն իր էությամբ խղճուկ երևույթ է: Ինձ երբեք չեն գրավել շատ հարուստ մարդիկ, այլ գրավել են աղքատները և ինձ միշտ հետաքրքրել է լսել կատալոնյան ձկնորսների զրույցները, իսկ բուրժուազիայի հետ ես զրուցելու թեմաներ չունեմ. ես նրանց ուղղակի չեմ նկատում և վախենում եմ, ինչպես ժանտախտից>>:
Դալիին սյուրեալիստները մեղադրում էին նացիստական գաղափարները կիսելու մեջ` Ադոլֆ Հիտլերի թեմատիկայով նկարների պատճառով: Դալին միշտ պատրաստ էր ընդդիմանակ նրանց: Նա գալիս էր հանդիպման ջերմաչափը բերանին, տաք հագնված և հայտարարում, որ հարբուխ ունի: Մինչ Անդրե Բրետոնը մեղադրական ճառեր էր ասում, Դալին ժամանակ առ ժամանակ նայում էր ջերմաչափին` պատրաստվելով կոնտրհարձակման: Նկարիչը սկսում էր հանել հագուսը` մերկապարը ուղեկցելով ճառերով, որ նախօրոք էր պատրաստել` համոզելով, որ Հիտլերի հանդեպ համակրանքը խելացնորական է և ամբողջովին ապաքաղաքական. <<Ինձ համար նացիստական հայացքների կիսելը վճռականորեն անհնար է, քանզի եթե Հիտլերը երբևէ գրավի Եվրոպան, ապա առաջնահերթ վերջ կտա այնպիսի հիստերիկ անձանց, ինչպիսին ես եմ, որը նա արդեն ապացուցել է Գերմանիայում, որտեղ մեզ հայտարարել են դեգեներատներ: Հիտլերն ինձ ապշեցնում է իր անսահման աղետայնությամբ>>:
Այդ ժամանակ սյուրեալիզմի վրա մեծ ազդեցություն էին ունենում մետաֆիզիկան և գիտական բացահայտումները: Այդ թեմայով է ստեղծված <<Պիկասոյի դիմանկարը>>, որտեղ Դալին գովում է Պիկասոյի տաղանդը: Ավելի ուշ հանդիպելով Պիկասոյին` նա կասի.<<Ես որոշեցի նախ ծանոթանալ Ձեզ հետ և հետո միայն գնալ Լուվր>>:
Դալիի նկարներում միշտ առկա է եղել նրա կինը` Գալան, որ ամենաչտեսնված, բացառիկ էակն էր աշխարհում վերջինիս համար, մի գերաստղ, որի հետ չէին համեմատվի Մարիա Կալլասը և Գրետա Գարբոն: <<Հանրապետությունում` կոչվող Սալվադոր Դալի, երկուսն են ղեկավարում` Ես և Գալան>>:
<<Ես ծաղրածու չեմ, - պատասխանում է Դալին հորդորներին, - և ես խենթ չեմ: Իմ պայծառատեսությունը հասել է այնպիսի սրության, որ մեր ամբողջ դարի ընթացքում ավելի հերոսական և ավելի ապշեցնող երևակայությամբ անհատ չի հայտնվել, քան ես, և եթե չհաշվենք Նիցշեին, ապա իմ տաղանդին համազորը չի եղել և անցած դարերում: Իմ գեղանկարչությունը այդ ամենի ապացույցն է>>:
Եվ ինչպես կասեր Դալին` Սյուրեալիզմը Ես եմ...
տեքստը` Մարի Մարտիրոսյանի
Salvador Dali & Walt Disney. Destino
Շատ հետաքրքիր նյութ էր,շնորհակալություն.......
ReplyDeleteես էլ եմ շատ շնորհակալ Մարիին` տեքստը սիրով տրամադրելու համար:
ReplyDelete