Մոխիր

photo by Anders Petersen
ես սև եմ, ինչպես մոխիրը քո, 
թույլ տուր դուրս գալ քո դագաղի միջից
թույլ տուր կապույտը սիրել
իմ շուրջը երկինքն է անսահման
դու մեռյալ ջրերի հմուտ նավավարն ես, ես սիրում եմ քո մահը,
որ հազարավոր վրձիններով գծում է մարմնիս քո սերը, քո կիրքը, արյունը քո
թող գնամ

ես պետք է գնամ
ես ձյուների միջով սլացա ուրիշի հետ
ես սիրեցի նրան

թող գնամ 
նրա մոտ
ես հավատարիմ եմ եղել շան պես
և բոլոր անձրևների ժամանակ լվացել եմ իմ սիրտը 
գայթակղություններից բոլոր
ու մաքրամաքուր եմ տրվել քո հին բազմոցին քրքրված վարագույրներին
պատերին, որոնց տակ բարի հոգիներ են նստած

իմ ոդիսևս
ես քո ծեր շան պես կարոտած սատկում եմ հիմա
ձեռքերիդ մեջ, ներկոտ ձեռքերիդ մեջ
դու սեր եսոր հորդում է իմ միջից շքեղ քամու նման

թող գրողի ծոցը գնան բոլոր գրպանները
բոլոր աղիքները
իմ ամենասիրուն նյարդաթել իմ սեր իմ մահ
իմ ամուսին իմ սիրեկան իմ ընկեր
ես մերկ եմ
նիհար անձրևի կաթիլի պես
նստեցրու թարթիչիդ
կուլ տուր ինձ
թող հոսեմ քո մեջ

թույլ տուր չլինել
թույլ տուր հեռանալ
ինչպես վանդակըոր թև է առնում ու թռչում հեռու բոլոր թռչուններից

դատարկ բաժակի մեջ նստած
դու մեռնում ես մենակ
և ապակի պատերի տակ մատնահետքերը չեն իմ
թեև երկինքը մեկն էև դու էլ աստծո զավակն ես ոնց որ ես
ես չեմ հասկանում քո լեզուն
դու խմիչք ես
քո վրա կրակ է հիմա
և լիմոնի մի շերտիկ և աղի բարակ շրջան

քեզ համբուրում եմ դառը հեղուկի պես
և ատամներիս փնտրում հետքը քո

ճանապարհը կարճ է կամ երկար
բանաստեղծից մինչև մուրացիկ
այս տարվա գարունը ուշ եկավ
ձմռանը չմեռանք ոչ ես ոչ դու
եթե հեղափոխություն լինի եթե պատերազմ լինի
եթե քեզ քունքից կրակեն, եթե կախեն քեզ, եթե վառեն քեզ
քո մոխիրը ես կլինեմ
քո սերը ես կլինեմ
վանդակ կդառնամ
կթռչեմ հեռու ու էլ ցած չեմ նայի




Տեսնել հասմիկ սիմոնյանից այլ հղումներ՝

11 comments:

  1. Anonymous18.4.12

    Հաս,շատ գեղեցիկ է,մտքերդ հոսում են,տանում քո աշխարհը՝իրականության ու քո հորինածի մեջտեղում՝մի տեղ, հուզվելու,կարոտելու,սիրելու...ապրես...

    ReplyDelete
  2. մերսի փափուկ խոսքերի համար:

    ReplyDelete
  3. Իսկ ինձ մի երկու տող է դուր գալիս, մտածեցի` դնեմ, թող մի երկու թերի բան ասեն, գուցե օգնեն: բայց չէ, կամ ասում ենք լավը, կամ` ոչինչ: ես ինձ մեռել եմ զգում: դրա համար էլ մեռած ու ապուշ բաներ են գրում:

    ReplyDelete
  4. ani alter20.4.12

    Հս, ես էլ չեմ սիրում, որ կամ լավն են ասում կամ բան չեն ասում, չնայած էդ էլ ա ոչ միանշանակ, որովհետև որ սկսում ես խոսել, մի տեսակ ոնց որ ուրշի անձնական տարածք ես մտնում ու սկսում կարծիքել, երբ չգիտես հարցնող քեզ կա, թե չէ )))))) բայց ընդհանուր համամիտ եմ ու ասելուց էլ ամբողջական ա պետք ասել. Հս նշածս պատկերները լավն էին, մնացածը չտեսա ))


    դու մեռյալ ջրերի հմուտ նավավարն ես, ես սիրում եմ քո մահը,

    ... և բոլոր անձրևների ժամանակ լվացել եմ իմ սիրտը
    գայթակղություններից բոլոր
    ու մաքրամաքուր եմ տրվել քո հին բազմոցին քրքրված վարագույրներին
    պատերին

    ...թույլ տուր հեռանալ
    ինչպես վանդակը, որ թև է առնում ու թռչում հեռու բոլոր թռչուններից

    ...դատարկ բաժակի մեջ նստած
    դու մեռնում ես մենակ
    և ապակի պատերի տակ մատնահետքերը չեն իմ

    ...այս տարվա գարունը ուշ եկավ
    ձմռանը չմեռանք ոչ ես ոչ դու

    ReplyDelete
  5. Ան, եթե բլոգում կամ գրքում հրապարակվում է, ուրեմն էդ գործը ուղարկված է սոցհարցումի ու ամեն տեսակի կարծիք հետաքրքրում է))

    ReplyDelete
  6. ani alter20.4.12

    ուհու, համամիտ եմ Հս, բայց մտածում եմ , որ մյուս կողմն էլ կա,,,երևի ,,,եսիմ )))

    ReplyDelete
  7. իրականում ճիշտ ես, կա, բայց ես հոգնել եմ իրար սիրելուց, իրար դեմ գովելուց, իրար հետևից չանգռելուց, ասեք, խոսենք միասին, մեծ վտանգ կա` կարող ա ավելի լավը դառնանք դրանից հետո:

    ReplyDelete
  8. եթե հեղափոխություն լինի կամ՝ պատերազմ
    եթե քեզ քունքից կրակեն կամ կախեն, թե՝ վառեն,
    քո մոխիրը կլինեմ ես,
    քո սերը,
    վանդակ կդառնամ
    կթռչեմ հեռու ու էլ ցած չեմ նայի
    ............
    ես այսպէս կարդացի վերջաբանը

    ReplyDelete
  9. չէ, ռեֆրենը սենց լրիվ կորում ա, էսպես ինձ ընդհանրապես դուր չեկավ

    ReplyDelete
  10. այդպես է, ամեն մեկս մեր խոսքն ենք սիրում, այն մեր աչքը ավելի հեշտ ու ճիշտ է կարդում
    ...
    այստեղ զրուցելը կարծես թե ի տես ամենքի է, իսկ ես կուզեի զրուցել

    ReplyDelete
  11. դե ես պարզապես բանաստեղծության մեջ ռիթմի կողմնակիցն եմ, Ձեր տարբերակում այն չկար: Եթե ֆբ-ում կաք, կարող ենք խոսել էնտեղ, կարող եմ մեյլս տալ` h.simonian87@gmail.com, ինչպես հարմար կգտնեք:

    ReplyDelete