(Ծնվ. 1981թ.)
Լեթարգիական արթնություն
(բանաստեղծություններ)
«Անտարես»
հրատարակչություն
2012թ. Երևան
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ՀՈՐՍ ՀԱՄԱՐ
Հա՛յր իմ, որ երկնքում չես,
իջիր երկնքից...
Գիտակցի՛ր ծաղիկն այս,
որ երբեք քեզ չտրվեց` ի
նշան սրտի,
ճանաչի՛ր ափերն այս,
որ ծափերով քեզ կրկին չեն
կանչելու Բեմ,
վերհիշի՛ր աչքերն այս` կնոջ,
որ չկլլեցին թարթիչ առ
թարթիչ` անունիդ արյունը.
շնչի՛ր թանաքն այս` բարձիդ վրա,
որ ծանրացավ ծոծրակիդ,
մի՛ լսիր, այլ նայի՛ր ձայնիս,
քարերը` քեզ վրա նետված,
հավաքի՛ր քարերն այդ,
որոնցով սեփական տունդ
չսարքեցիր,
բացի՛ր պատուհաններն այդ տան,
կարոտի՛ր հայրենի երկինքդ,
որտեղ չկաս,
իջի՛ր,
կանգնի՛ր գրքին այս, թերթի՛ր էջերը,
որտեղ քեզ չի տրվի
«Ու՞ր է, Աբե՛լ,
եղբայր քո» հարցի պատասխանը...
Հեգնի՛ր գրքին խոնարհված ստվերդ սեփական,
որ երբեք քոնը չեղավ,
հեգնի՛ր ստվերդ, հեգնի՛ր,
պատռի՛ր էջն այս, որ չկարդացիր, չէ՞...
Պատռի՛ր այն, պատառոտի'ր
ու վառի՛ր կրակն այն փոքրիկ,
որ երբեք չվառեցի`
տաքացնելու համար սիրտդ
գիշերվա ցրտում...
Բայց նախ պետք է մրսել
մինչ այդ,
ուստի մրսի՛ր «այժմ և
միշտ»-ը աստ, հիմա,
քանզի այն քե՛զ է պատկանում,
ու թող քո կամքը լինի
«հավիտենից»-ն
(Ամեն) Այնժամ... Այնտեղ...
Հա՛յր իմ, որ երկնքում չես,
իջիր երկնքից...
.
Գիտեմ, կարթնանամ մի օր
խորհրդավոր ընթրիքից,
կհագնեմ հորս
ոտնահետքերը`
ճաքճքոտած
որպես փոքր գրպանիկներ`
լցված անչափելի սիրով...
Կկարողանա՞ն, արդյոք, օրերս
կշռել
այնքա՜ն անտանելի թեթևությունը...
ՄԱԳԴԱՂԻՆԵ
Ետ տուր քարերս,
որ նետեցի քեզ վրա.
ննջարանիս պատերի մեջ
անցքեր կան
թափուր...
ՈԴԻՍԱԿԱՆ
Բանաստեղծությունը
կերանք,
մի գավաթ սուրճի հետ
ծխեցինք
լռությունը,
Մահից հեռացանք`
գույները ծամելով,
բայց էլի բառի՞ն ենք նայում...
.
Այս վերջին անգամ Աստծուն
չտեսա:
Գնացել էի ինքնասպան եղած
ընկերոջս
հոգեհանգստին...
.
Ես պոետ եմ և
աղքատ,
ես խնամում եմ
հրեշտակներին...
No comments:
Post a Comment