Արթյուր Ռեմբո | Arthur Rimbaud


(1854-1891թթ. Ֆրանսիա)

ԲՌՆԱԲԱՐՎԱԾ ՍԻՐՏԸ

Սիրտս` լցված տխրությամբ, նավախելին է թքում,
Սիրտս խեղդվում է անպետք ծխախոտի ծխից գարշ.
Ու ապուրի շիթերը այս ու այն կողմ են ցանտկում,
Սիրտս` լցված տխրությամբ, նավախելին է թքում.
Ու ամբոխն է գռեհիկ, իշավարի կատակում,
Հռհռում են բոլորը ծիծաղով կոշտ ու անտաշ,
Սիրտս` լցված տխրությամբ, նավախելին է թքում,
Սիրտս խեղդվում է անպետք ծխախոտի ծխից գարշ:

Փաղղոսի պես անամոթ, զինվորի պես անպատկառ
Կատակներն այդ գռեհիկ պոռնկացրին սիրտս կույս.
Ղեկը թվում է աչքիս պոռնկատան մի նկար` 
Փաղղոսի պես անամոթ, զինվորի պես անպատկառ
Օ՜, ալիքներ շլացնող, օ՜, ալիքներ խելագար,
Լվացեք սիրտս, մաքրեք, թող չկորչի նա անհույս.
Փաղղոսի պես անամոթ, զինվորի պես անպատկառ
Կատակներն այդ գռեհիկ պոռնկացրին սիրտս կույս:

Թե որ ծամեն-վերջացնեն նրանք խոտն այդ գարշելի,
Օ՜, ի՞նչ անել, ո՞նց ապրել բռնաբարված այդ սրտով,
Կտարածվեն բաքոսյան զկռտոցներ վայրենի,
Թե որ ծամեն-վերջացնեն նրանք խոտն այդ գարշելի,
Ստամոքսս ցնցվում է, ու սիրտս ետ է գալիս,
Սիրտս` որպես մի պոռնիկ, գռեհկացած ու վրդով.
Թե որ ծամեն-վերջացնեն նրանք խոտն այդ գարշելի,
Օ՜, ի՞նչ անել, ո՞նց ապրել բռնաբարված այդ սրտով:
Մայիս, 1871

ՀԱՐԲԱԾ ՆԱՎԸ

Քանզի չկային իմ նավազները, ես անղեկավար ու ամայացած,
Խաղաղ, անվրդով Գետերի հունով հոսանքին գերի լողում էի ցած,
Նրանց կատաղի ճիչ ու գոռոցով Կարմրամորթները լլկեցին դժնի,
Ու մերկացնելով, սյուներին գունեղ, որպես նշավակ, գամեցին բռնի:

Ու ես անտարբեր, անտարբեր բոլոր հսկա նավերի հանդեպ անխտիր,
Թե ֆլամանդական ցորենի բեռով, թե անգլիական բամբակով ընտիր,
Ողբում էի լուռ, երբ մարում էին աղաղակները իմ նավազների:
Ու լողում էի` ուր որ ցանկանամ` հեռու ափերից ու ավազներից...

Տառապող լույսի զառանցանքի մեջ ու կապտությունով ներկվելով հանկարծ,
Օրվա դանդաղկոտ ռիթմերի բոլոր կարմրությունների ծիրանին հագած,
Թունդ ալկոհոլից ավելի զորեղ, հնչուն ավելի, քան ձեր երգերը,
Այնտեղ հածում են, հածում են անվերջ սիրո շիկագույն դառնությունները...

Ես տեսել եմ, թե ինչպես է իջնում միստիկ սարսափով արևը անքուն`
Լուսավորելով անվերջանալի սառնությունները մանուշակագույն,
Ուր, նման անտիկ դերասաններին, որոնք ողբակոծ մեռնում են դանդաղ,
Ալիքներն էին իրենց սարսուռի վարագույրները իջեցնում հանդարտ...

Ինձ` բևեռներից ու գոտիներից արդեն ձանձրացած ճգնավորիս խեղճ,
Ծովը երբեմն իր հառաչանքով ճոճում էր փափուկ ալիքների մեջ
Եվ ցույց էր տալիս թեթևաբարո դեղնությունների ծաղիկները սև,
Եվ ես ապշահար քարանում էի, ինչպես որ կինը խորանի առջև:

Այդպես, համարյա մի կղզու նման, տատանում էի ափերին ես իմ
Ճերմակ աչքերով չար թռչունների ծերտը կուտակված ու վեճերը սին,
Եվ երբ լողացի, ջարդուխուրդ եղան իմ ամրակները փտած ու փխրուն,
Ջրահեղձներն էլ մեծ հետույքներով իջան քնելու իմ նկուղներում:

Ես` մոլորյալս, խճճվում էի ծովախորշերի վարսերում անկարգ,
Փոթորիկները ինձ նետում էին եթերների մեջ անթռչուն, դատարկ,
Եվ եթե մի օր հարբած ծովերում անցնեմ ջրի տակ արդեն հոգնաբեկ,
Իմ մասին ոչ մի լողացող տախտակ չի հիշի երբեք, չի հիշի երբեք...

՜, թող փշրվի իմ ողնափայտը, ջարդուխուրդ լինի... ես ծով դուրս կգամ...

Եվ ինձ` ծովերից հուսահատվածիս, իմ Եվրոպայի ջուրն է հմայում,
Այն ցրտաշունչ ու սև ջրափոսը, որտեղ խավարի բույրերն են մարում,
Որտեղ մի մանուկ թախծոտ աչքերով իր նավակներն է բաց թողնում թղթե,
Որոնք մայիսյան ժիր թիթեռնիկի նման լողում են անհոգ ու թեթև...

ՍԻՐԱՎԵՊ 

1
Տասնյոթամյա հասակում լուրջ չի’ լինում ոչ մի մարդ.
- Ու մի դյութիչ երեկո՝ մի կողմ թողած աղմկուն
Սրճարանները պայծառ, գարեջուր թե լիմոնադ,

- Դու գնում ես շրջելու լորիների պուրակում։

Լորենինե՜ր բուրաշատ... երեկոն է մեղմ ու ջերմ...
Հովն այնքան հեզ է շոյում, որ նիրհում ես ակամա,
Քամին աղմուկ է բերում,֊ քաղաքն այնքան հեռու չէ,–
Որթատունկն է օրորում, ու կքնես դու հիմա...

2
- Նկատում ես երկնքում մռայլ, տխուր մի մշուշ՝
Փոքրիկ լաթի մի կտոր՝ շրջակարված ոսկեթել,
Ու պատռված՝ սպիտակ աստղի կողմից չարագույժ,
Որ սարսռում է համակ, ասես մահն է իր գտել...

Տասնյոթամյա պատանի... երեկոներ հունիսյան...
Հարբած հյութից շամպայնի՝ դու սավառնում ես երկնում,
Թպրտում Է շուրթերիդ, ինչպես փոքրիկ մի գազան,
Համբույրը տաք ու թովիչ, ու լեզուդ կապ Է ընկնում։

3
Սիրտդ, որպես Ռոբինզոն, խենթանում Է անծանոթ
Վեպերում, երբ լապտերի լույսի միջով գունաթափ
Դանդաղ անցնում Է փոքրիկ, հիանալի մի օրիորդ՝
Հոր կոճկովի օձիքի ահաբեկիչ շուքի տակ։

Եվ քանի որ դուք նրան անչափ նաիվ եք թվում,
Նա հեռանում է արագ կոշիկներով իր պստիկ,
Հետո շրջվում Է կտրուկ, կարծես, ձեզ Է հետևում,
Եվ մահանում Է իսկույն ձեր շուրթերի մեղեդին։

4
Սիրահարված եք արդեն, վարձված մինչև սեպտեմբեր...
Ծիծաղեցնում են նրան ձեր սոնետներր հլու,
Ո՛չ ախորժակ Էլ ունեք, ո՛չ բարեկամ, ո՛չ ընկեր,
- Եվ մի օր էլ պաշտելին հաճում Է ձեզ գրելու։

Եվ այդ օրը դուք նորից պատվիրում եք լիմոնադ
Կամ գարեջուր՝ մտնելով մի սրճարան աղմկուն...
Տասնյոթամյա հասակում լուրջ չի լինում ոչ մի մարդ,
Երբ գնում Է շրջելու լորիների պուրակում։

23 սեպտեմբեր, 1870

Ռեմբոյի ստորագրությունը



Ֆրանսերենից թարգմանեց ԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

No comments:

Post a Comment