Հուսիկ Արա


(ծնվ. 1967թ.)

Ուղիղ բառեր` աղջկան

Ծխախոտիս ծուխն է
ու կիսատ բաժակ` արնագույն գինու.
ոչինչ, որ ցրիվ ու տողերի մեջ խոտոր եմ գրում,
Լիա-թյո՛ւր աղջիկ...

Խոնավ աշուն է,
ու նոյեմբերյան դեղին, լուսավոր, ուշ տերևաթափ,
տաք անձրևներ են ու թաց քամիներ.

սպասիր, շուտով
փափուկ, մեղսական ձյուները կիջնեն,
խաղաղ կծածկեն սենյակներից դուրս տաք հետքերը մեր,
ու լուսաբացին կշրջենք ազատ, առանց սարսափի:
Հարբած եմ գրում,
որ ուղիղ լինի ձայնս բառի մեջ.
երբ գինուց թմրած ու մարդկայնորեն դառնացած, տխուր`
ծանր կճոճվեմ այս մեծ քաղաքի թաց փողոցներում,
և էլ չի լինի կանգնելու համար ինձ պահող ոչինչ,
քեզ մոտ ես կգամ.
ու միշտ քո՛նն եմ ես իմ կյանքի հարբած բոլոր ժամերին:

Աղի, սարսռուն, տեևաթափված ուշ նոյեմբերին
ծառերն են փակվում կեղևների տակ.
աշունը վերջ է:

Սպասիր, շուտով
քաղաքը ողորկ ու հարթ կլինի,
ու հետքերը մեր գույներ կդառնան փողոցների մեջ,
ու կլինի էջք փափուկ երկնքի.
մինչև լուսաբաց կլսենք հեքիաթ ձյունաթիթեռից:

Ու ես խմում եմ
ուշ տերևաթափի,
տաք անձրևների
ու աշնան համար,
որ քեզ թողեցի քամիների մեջ,
իմ խենթ
տարփածու:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՈՐԴՈՒՍ
Ո՞նց ասեմ, տղաս, ամենադժվար թուղթն է իմ առաջ,
ու գրի քմահաճ, կամակոր շարժը,
որ պարտավոր եմ բառ-բառ առձեռել
իմ փայտե ընկեր-գրասեղանին.
Բանն այն է, հոգիս, որ քեզ եմ դիմում այս թուղթ ու գրով,
քանի որ, գիտեմ, երբեք չեմ զորի
քեզ հետ առերես մտքեր տալ-առնել:

Քո մանկությունը ավելի մեծ ու իմաստավոր էր
և երկար տևեց,
քան ամբողջովին իմ կյանքը վերցրած:

Իմ յոթ օրը ես ապրեցի մեկ օր`
կեսը պատերազմ,
բացի այդ տեսա սիրտ նեղող բաներ` մյուս կեսի մեջ.
և՛ հեղաշրջում, և՛ քաղաքական սպանություններ
(ես դանդաղ մահը ինձ կյանք ընտրեցի).
և մեր մեջ եղած տարբերությունը
ոչ թե երեսուն,
այլ երեք հարյուր տարի է դառնում...

ես վախենում եմ
իմ ու քո միջև վաղը սկսվող երկխոսությունից
(քո ստույգ, սառը դատողությունն է
հանկարծ կանգնելու իմ տաքի առաջ),
վախենում եմ մեր լեզու չգտնող տարբերությունից,
քանի որ երբեք դու քեզ թույլ չես տա
այն արարքները, որ ես եմ գործել
(որքան բան ունեմ քեզնից պահելու,
որքան բան ունես դո՛ւ ինձ ասելու).
Աստծուց ավելի դժվար է քե՛զ հետ:

...Ձեռք չեն սեղմելու
մեր հայր ու որդի ժամանակները.
քո միավորի կողքին իմ զրոն
տեղ չի գտնելու
և մնալու է միշտ դատարկություն:

Որ դու ես տերը վաղվա ընթացքի,
պարզից էլ պարզ է.
քո ձեռքերի մեջ կյանքը կդրվի կլոր գնդի պես,
այն կգլորես պուրպուր տիեզերքով` որպես երկրագունդ.

և քեզ տրվա՛ծ է
այդ մեծ ընթացքը
մաս-մաս դարձնել
քո ժամանակը...

Ո՞նց ասեմ, տղաս.
քո որդին այդ ե՛ս պետք է լինեի:

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

Մանրիկ, 
թավշետառ`
ծխախոտիս տուփին ես գրված,
Երևան քաղաք...
Բայց կա մի հին օր,
երբ ստույգ հասցե - քո ազգանունը փորել են քարին,
որ դժվար հատված անձնագիրն է քո:

...Չճշտված քաղաք,
միշտ պայմանական իրականություն.
քեզ հիմա անդարձ բոլորն են լքում,
և փակ դռների ժամանակն է քո:

Օրվա ջրերում
սահում ես - փրփուր` մեր տաք ձեռքերից,
մնում է ասել, միշտ պայմանական, շատ ես օճառված-
ու սոթ են տալիս ոտքերս, քաղաք,
ողորկ, լպրծուն, օսլայած դեմքիդ:

Օրվա ջրերում` փրփուր, որ նույնն է`
մերը չես, քաղաք:

Քաղաք - լուսաբաց, միշտ կապույտ թռչուն,
քո հին երկնքում տաք շորորում է մի կլոր արև,
և քո ամպերը հասունացնում են կայծակ ու անձրև,
իսկ քամիներդ ողորկ ջրերին փռում են տերև.
դեռ ոչ ոք, քաղաք, ուժ չի գտել քեզ մինչև վերջ գրկել:

Քո երակներում խշշացող տղերքը,
որ անպայմանական`
քեզ սիրում էին ճիշտ ու իսկական,
մի օր վեր կացան
այգուց, 
փողոցից
ու սրճարանից
և զենքեր առած`
քայլեցին ուղիղ պատերազմի դաշտ,
բայց նրանք չկան քո պղինձ ու քար ոչ մի արձանում:

մեկը հեռացավ` իր հայրենիքը այլ տեղ գտնելու,
մյուսը պառկեց օղու մշուշում,
երրորդը մեռավ նախընտրած մահվան իր եղանակով.
խելագարվեցին-
նրանցից` ովքեր
որ ողջ մնացին...

Անաղուհաց ու ուրացող քաղաք,
քաղաք` մեծ լքման:

Կեսքուն, կեսմեռած ու կեսխելագար-
օղակից իբրև դուրս պրծածներն են.
բարձր շենքերիդ ստվերում նստել`
անցած օրերի քո ժամանակն են, անդարձ Երևան,
կարոտով հիշում.
<<Ուրիշ էր կյանքը ու քաղաքը մեր,-
ասում են նրանք,-
հիմա էլ չկան մեր գիշերներում սեր ու երազներ>>:

Վաղուց ու կես դար
ջիղ ու մկանով քեզ Աստծո յոթ օր կառուցողները,
քաղաք, հուշ-քաղաք,
այսօր մոռացված և ավելորդ են
քո երկինքներում:
(Նրանց աղոթքը էլ լսելի չէ և ոչ մի աստծո):

ամեն սեղանի քո կենացն էին տղերքը խմում,
Բայց նրանք հիմա (և վաղուց) քեզ ի՞նչ,
քո ի՞նչն են, քաղաք, -
ջիղ ու մկանով իրենց կառուցած քաղաքում նստել
ու սպասում են միմիայն մահվան.
ինչ տղերք էին,
և չհոգնեցին քեզ սիրելուց:

Մեր զարկերակից արտզատած քաղաք,
քաղաք- դեռ ոչ ոք...

...Մեր միջև աղոտ տարածություն է
վերջին ուրացման.
մենք օտարության դառը կորիզն ենք հատիկ-հատ ծամում:
Մենք այս քաղաքում,
քաղաք,
քայլեցինք երկար,
բայց երբեք չհասանք իրար...

...Վերադարձնում եմ լուսանկարդ`
կյանքս ամփոփող մակագրությամբ.
<<Ամեն երեկո ինձ սեղմում պատին
ու հրազենի սև փողն ես ուղղում ավերված քունքիս.
երկար պահում ես ու չես կրակում,
թե` դեր ես փորձում>>:

...Քաղաք, քաղաք-հո՛ւշ,
շունչդ ապրում է իմ թոքերի մեջ -
ճանկռող սև կատու.
նույն մլավոցն է ունկս պաղ քերում, -
ամեն ցավի լաց լացել ենք վաղուց, -
քո ժամապահն եմ,
ե՛ս եմ,
կրակի՛ր:

...Չ՛քաղաք - միշտ անվերադարձ:

No comments:

Post a Comment