Տիգրան Չերազ. Արտահերթ ալիք



Տիգրան Չերազ
1960-1983թթ. Հայաստան
Արտահերթ ալիք. 
որոնումը ինչպես գրպանահատի փնտրող ձեռք (բանաստեղծություններ)
<<Զանգակ-97>> հրատարակչություն
Երևան, 2003թ.
ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է

Փափկասուն առավոտ` անլվա աչքերով,
խանութը բաց արև` գործից ուշացող շողերով,
խառնակիչ քամի, չփլախ ծառերի խռով գանգատ,
Խանկռած փողոցներ, կամարներից ծորացող հումոր,
խախուտ երդիկներ, երկնաքերների խրատող
արհամարհանք,
<<Ամենափրկիչ>> եկեղեցի` մանկությանս
զուլում  հետքերը ուսերին ծեծված,
փեշակի գինն իմացող ժողովուրդ,
կռիվների բազմակետ - անենթակա շարադրանք,
մատիս թել կապեմ, որ չմոռանամ`

տնարար աղջիկներ և կամակոր ադաթների
խունացած շարան...

Մի նախադասությամբ` սա իմ քաղաքն է,
ես ծերանում եմ այստեղ:
Եվ տես, ես էլ եմ սիրահարվել,
Ի՞նչ կա այստեղ զարմանալու, չհավատալու...
Ես և իմ սիրած մարդը տները  մաքրել
և հիմա նստած գարնանն ենք սպասում:

Գարուն, նազ չանես`
պառվի ուլերն էլ անցան,
վեր կաց ու արի,
արի մոտեցիր աչքերին մեր,
քջջիր հիշողությունները բոլոր,
ապտակիր մարմիններիս սոված...

Արի, երեքս միասին ծաղկեպսակ ենք դնելու
Եղեռնի արտասվող հուշարձանին:
Եվ եղեռն հնարողի հերն էլ անիծախ,
եթե շատ բորբոքվենք,
կգնանք հերոս մայրերի ճակատները համբուրելու...
Վեր կաց ու արի, հենց որ գաս`
գաղտնիքներ եմ պատմելու
(հիշո՞ւմ ես, ասել եմ)
վիզը ծուռ հողի մասին...
Հետո կպատմեմ, թե ինչպես,
մանկությանս ձեռքից բռնած,
ավազից Մասիսներ էի շինում
մեր բակում, մեր ավազով,
մեր Մասիսները`
սպիտակ, սպիտա~կ գագաթներով,
ցեմենտ` ձյան փոխարեն...

Արի, որ միասին
արհամարհանքով նայենք վշտի աչքերին,
թող վիշտը ամոթից գետինը մտնի -

Երբ գաս` ծխախոտ կվառենք
և շարունակությունը կմտածենք միասին...

Կանեփի առավոտ

Փախչում են ձեռքերս - կանեփի առավոտ,
ինչպես գրպանահատի փոխառած ոտք.
ջրհեղեղը չունի հանգստի աթոռ,
փախչում են աչքերս - շան թախիծ:
Գլխատառս` պոետ, կոշիկներս` վայրենի -
առավոտյան այտերիս նորից արցունքներ գտա,
իսկ դու ասում էիր` էլ չի կրկնվի.
փախչում են ոտքերս քաղաքից դուրս,
ինչպես պարանոց ծիածանի:

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՊՐՈԼՈԳՈՎ

1.
Երեկո -  ստինքների պես հուզիչ,
լուսինը` ձանձրույթից կռացած նահապետ,
փողոցներում ավտովթարից անշունչ պառկած ձմեռ,
շենքերի տանիքներին դոխբազ ծխնելույզների
և կոտրատվող գոլորշիներ` աղոտ դիմագծերով,
մի քիչ էլ, որ հայացքդ զբոսնի
ծառերի մազալու փաթիլներով շպարված...

2. 
Քո տաքուկ, փխրուն սենյակում`
պատից կախ դիմանկար աղջկա.
ծխախոտ վառիր,
մի քիչ հետո բառը կծնվի,
բառը կհուզի քեզ,
և թափված գրքերիդ արանքում
կփնտրես նամակներդ միամիտ,
և որպեսզի ձեռքդ տաքանա`
ծխախոտով կլոր-կլոր կայրես
խենթություններդ բոլոր
և տիեզերաբնակներին զարմացնելու,
նաև արտասվելու,
կաս-կարմիր կտրելու չափ
հռհռալու համար
կթողնես միայն...
այս էջը.
<<Թախտին նստած ազաբ աղջիկներ,
նաև փորձված, ամենագետ մայրիներ,
որոնք խրատի աքսիոմներ են հորինում
<<Խելացի ընտրություն>> թեմայով
և քաղքենիության դասեր են հանձնարարում
տարած-ետ բերած աղջիկներին:
Իսկ սե՞րը...
սերը թաց աչքերն է տրորում,
սերը չկա -
սերը մոլորվել է անվադողերի արանքում,
սերը հող է դարձել,
գրպանահատ պոետը
քարերի վրա է գլորում զառերը - 
թաց հողը մի քիչ հանգստանա,
Je vous aime
Adieau:



Տե'ս Տիգրան Չերազից այլ հրապարակումներ 

No comments:

Post a Comment