Տիգրան Չերազ

(1960-1983թթ.) 
Տիգրան Չերազ

Տիգրան Չերազը (Բալոյան) ծնվել է 1960թ. Գյումրի քաղաքում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվում է Վ. Բրյուսովի անվան Օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի բաժինը: 1982թ. մեկնում է խորհրդային բանակ, ուր և ողբերգորեն զոհվում է 1983թ. փետրվարի 17-ին: Ձեռագիր ժողովածուն, որը մեկնելուց առաջ կազմել էր Չերազը, քույրը` Գոհար Բալոյանը, հրատարակության է ներկայացնում և 2003թ. լույս է տեսնում «Արտահերթ ալիք. որոնումը ինչպես գրպանահատի փնտրող ձեռք»բանաստեղծությունների ժողովածուն:


ՊՈԵՄ ՊԱՏԻ ՏԱԿ
Իմպրովիզացիա

Ես հասկանում եմ
պատին հենված հարբածի թախիծը -
Մի քիչ հետո պատը կվերջանա...

ՍՅՈՒԶԻՆ ԳԱՐՈՒՆ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ


Ձմռան թափանցիկ մաշկի տակ
խլրտալով հասունացավ
հրաժեշտի «Զարմանք» երգչախումբը,


Ձմեռ դիրիժորը թափահարեց ցուրտ ձեռքը,
և մրսկան արևի գոլ համբույրներից
ձյունե վարագույրները նվալով հալվեցին,
երես առած ցուրտը
կապեց ճամպրուկները կնճռոտ
և ճանապարհ ընկավ`
ետևից քարշ տալով կոպիտ վիրավորանքներ:

Գարունը եկավ
շախով-շուխով,
մանր-մունր հոգսերով,
ամբիոն բարձրացավ ծառուղին
և քնից արթնացած նստարաններին
սկսեց հուշեր պատմել
անցնող ձմռանը ծանոթացած
մրսած սերերի մասին,
Amedeo Modigliani
մարմինները թափ տվեցին փողոցի փոշոտ լարերը
և «Պոլոզ Մուկուչ» գարեջրատան պատուհանից
հանկարծակի երևաց քաղաքի նորաթուխ,
ամոթխած մերկությունը,
թատրոնները գարուն հագան,
և ջարդվող դռների նման բացվեց,
վերելակով մինչև աչքերը բարձրացավ
քաղաքի տնկոզ տրամադրությունը...
գարունն էլ եկավ`
շալը ուսերին,
և գրպաններում վիճակախաղի տոմսեր...
Գարեջրատան հաճախորդներից դու իմացար,
որ այսօր առավոտյան
կարմրաթուշ խնձորի համար
ծեծելով սպանել են նրան,
ով ամենքից շատ էր սպասում այս գարնանը
(նա առաջին անգամ պիտի հագներ
գարնան համար պահած կոշիկները
Եվ անհոգ կինո պիտի գնար):
Այս գարունը նա այլևս չի տեսնի...

Եվ դու տխուր պարպեցիր գարեջրիդ գավաթը`
հազիվ զսպելով 
կոկորդ քերծող ջրհեղեղը.
արցունքների ցուցահանդես պետք չէր:
Հետո դուրս նայեցիր գարեջրատան պատուհանից
և ինքդ քեզ համար հայտնաբերեցիր,
որ աղջիկները այս գարնանը
փշաքաղվելու չափ գեղեցկացել են,
որ դու արդեն քսան տարեկան ես`
ողորմածիկ Դուրյանի հասակին,
որ ժամանակը լուցկու նման այրվում է,
որ դու նույն գրպանահատն ես մնացել,
որ ամեն ինչ ձանձրալի է ու տափակ,
Amedeo Modigliani
որ Սյուզին գարուն շատ էր սիրում,
որ դրսում գարուն է,
և դու պիտի... պետք է մոռանաս
բոլոր կորուստներդ, անտեսես միայնությունդ
ու սիրես,
սիրես,
սիրես մարդկանց...

ԱՌԱՎՈՏ

Վաղը-մյուս օր ցրտերը կընկնեն:

Ցախատան մեջ
Մի քիչ հուշեր ունեմ հավաքած,
եթե շարունակեմ կոկորդս թրջել`
կարտասվեմ,
իսկ ինձ չի կարելի արտասվել,
ես արդեն ծերացած ամպ եմ...
Մատուցող,
աղջիկներին ասա խելոք մնան`
տխրելու ժամանակ այլևս չունեմ:

ԱԽՊՈՐ ՊԵՍ

Ծածանվիր շուրթերիս դողից
մինչև թափառաշրջիկ գուլպաները ծովափին-
Ճլված յոթ քարերից ամենավերջինը
իմ վրեժն է, հո՛ղ.
Թափ տուր տեսիլքները մարմնիդ վրայից
մինչև բարի լույսը վանքերի...

ԵՎ ԴՈՒ ՄԻ ՕՐ ԿԶՈՒԳՎԵՍ ԺՊԻՏՆԵՐՈՎ ՈՒ ԱՌՕՐՅԱ ՄԵՂՔԵՐԻՑ ԵՎ ՀՈԳՍԵՐԻՑ ՄԱՔՐՎԱԾ ԿԳՆԱՍ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ՔՈ ՍԵՐԸ

Կյանքիդ խերը չտեսնես առու
Amedeo Modigliani
շնորհքս պատմել ես արահետին բացբերան
մայթերին հուշերս են թափված հիմա
սերը հաց չդարձավ

Կրակ չուտես դու քամի
քոռուփուչ արեցիր ձմեռս  ծուռ
նամակների մեջ բառը մաշկը փոխեց
արտասվեց սերս հարցականների տակ
սերը օդ չդարձավ

Գնա գործիդ անթասիբ թախիծ
կոշիկներս փայլեցրած կնվիրեմ աղավնիներին
ճակատագիրս փրկագնով կգնեմ գրբացից
ամպերն ինձ երկինք են կանչելու շուտով
սերը ջուր չդարձավ

Մոխիր կուտեմ ու յուղ կքսեմ շուրթերիս
տառապանքից հետո սերը լույս կդառնա
կխլեմ սերը գրքերի միջից
ու սիրելով կհաղթանակեմ
որ մահս զարմանա

ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՊ

Ես կսմթում եմ այտերդ, Հայրենիք,
որ քեզ աչքով չտան,
իսկ դու բարձրացիր պարաններդ խզած,
ինչպես աղավնու փետուր,
ինչպես անանուխի հոտ...

Ես բռնում եմ կոճոկդ, Հայրենիք,
որ զորանաս դարձյալ,
իսկ դու փաթաթվիր բրդուճիս մեջ,
ինչպես առողջ պտուղ,
Amedeo Modigliani
ինչպես ճաշացուցակ փողոցների...

Ես ծեծում եմ գեղեցկությունդ ավելով,
որ գաս ու տունը մնաս, Հայրենիք,
իսկ դու փնտրիր քո թացն ու չորը,
ինչպես ձուկը ծովի մեջ,

ինչպես մերկ աղջիկը ծովափին...

ՏՈՂԱՆՑՆԵՐՈՎ
1.


Ծովերից են ինձ գտել,
աչքերս բացել են աղոթած բանալիով,
մանկությունս եղել է թղթով
փաթաթած ավտոն,
հայրիկ, շները ինչո՞ւ
գերեզման չունեն:
Ականջիս օղ են
դարձյալ խոսքերդ, հայրիկ --
հասակս է փոքրանում դռների վրա,
ինչ շուտ մահացավ ծխախոտի կյանքը -
եկ նորից զարմանանք
նռան հատիկով.
«ապակիները չունեն
զգեստներ, որովհետև չեն լսում
իրենց մայրիկին»
Հիմա ձեռքերիս մեջ եմ
սոխառած անում, որ
կշտանա առուն,
արցունքներս եմ
խարկում ափսեների
մեջ, որ բառեր դառնան
կարկտի կոպտությամբ,
գրպանահատի բարությամբ,
և նստում եմ բանաստեղծություններ
գրելու ինձ ու քեզ մոռացած...

ԱՆՀԱՅՏԱՑՈՂ ԱՉՔԵՐ

Լվացվել դաղձի հյութով`
վարագույրներին հաճոյանալու համար:

Շշուկով կռանալ ոտնաձայներիդ`
մազերիդ ճախրանքը տեսնելու համար:

Փախցնել դիմագծերդ ամռան գրպանից -
խաբս տալ տխրույթանը աներես:
Amedeo Modigliani

Արցունքները թաքցնել լուսաբացից.
կորչել, ապրել կանեփ դաշտում:

Գրպանահատի փնտրող ձեռքերով
բառեր դուրս բերել եկեղեցու հիշողությունից -

Պոեմներ կարդալ շների ոռնոցով,
ինչպես խաղամոլ` լցրած գլանակ շուրթերին,
բռնվել շուկայում անունդ տալիս,ծլկել մարդկանց ձեռքերից` արյունլվա,և կտուրներում վերջակետ դնել անտաշ հռհռոցիս...

ԲԱՑՎՈՂ ԱՐԱՀԵՏ

Ջրհեղեղը չունի տանիք,
որովհետև որդ է ելնում դեղձի միջից:

Սերը չունի գիշերանոց,
որովհետև դեռ անփորձ եմ:

Արևն այսօր պիտի ճչա,
որովհետև ես իջնում եմ կտուրներից
զգեստներս լրիվ փոխած,
թևերիս տակ հրեղեն կյանք -
համառ, ինչպես կատաղած շուն,
բարի, ինչպես հորս ժպիտ,
կոպիտ, ինչպես ջրվեժի ջուր:
Պիտի գրկեմ քեզ Հայաստան`
շունչս խառնած հառաչանքիդ,
պիտի շտկեմ հունը հողի, արևածագ`
մեջքիդ խաղը պիտի փոխեմ խելառ խաղի:
Ես իջնում եմ կտուրներից,
դիմավորիր,
ճամպրուկներս ձեռքիցս առ:

ՍԿԻԶԲ

Թող մատներս, ինչպես արցունքի հատիկներ,
շրջեն դեմքիդ վրայով, հպվեն շուրթերիդ փխրուն -
դողալով, սենտիմենտալ, անհեթեթ,
աչքերիդ, որ ստիպում էին քարերին աղոթել...
Փոքրիկս, պահիր արհամարհանքը
շռայլությունից հետո
և միաձուլվիր աչքերիս հառաչանքներին -
այն երեկոն, ինչպես չհասկացված սիրահար,
երեկոն` դաշնամուրից ելնող հախճապակյա գավաթ`
այնպես մեղմիկ, այնպես փխրուն...
Ինչ տխուր է` արցունքներ կուլ տալ ու ծիծաղել,
իսկ մենք անհայտանում ենք մոռացության
լաբիրինթոսներում`
ապրելու բանալին այդպես էլ չգտած:
Ես մի քիչ էլ կխարխափեմ մոմի լույսի տակ,
դիմանկարիդ խունացած հետքերը 
պատի վրա
հիշեցնում են քեզ
Amedeo Modigliani
(և ամեն, ամեն, ամեն ինչ հիշեցնում են քեզ...),
կփորձեմ վերանորոգել երեկոն անհայտացող,
անկայուն գորգերի վրա,
որ կարողանամ գիշերել առանց վեր թռչելու -
կարողանամ տարբերել շուրթերիդ համը:

Ես ամեն երեկո կայարանում
սպասում եմ քեզ,
որ տոմս վերցնենք և միասին
մեկնենք հեռու, շատ հեռու.
անվերադարձ, ինչպես այն երեկոն,
ինչպես մանկությունը մեր սիրո...

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Պայտած դռներից ներս
սերը շիրիմ չունի -
Երբ մաքրել ես մեղքերդ
դռան թաց շորով
և երբ շռայլ ես, ինչպես շան հաչոց:
Քաղաքի հսկա լուսանցքներում
սերը կանգառ չունի -
երբ սիրո ճակատին
վարունգի կճեպներ կան փակցված,
և երբ բարի ես, ինչպես աղավնու աչք:
Ձյունը թող թափվի թարթիչներիդ,
ցուրտը` ոչ տաք է, ոչ պաղ,
երբ ինքնամոռաց ես, ինչպես բռնցքամարտիկ,
երբ հոգումդ աճողը ծառն է բառերի:
Կոշիկների տակ
բախտը շիրիմ չունի -
երբ սիրո ձեռքին աչք կա կապած,
և երբ հերոս ես, ինչպես քամին:

Առուների մեջ
սերը աղոթք չունի -
երբ չունես վրեժ
ու չունես կենսագրություն
վրեժիդ արժանի:

ԵՐԲ ՏԽՈՒՐ ԵՍ, ԵՎ ՈՉ ՈՔ ՉԿԱ ՔԵԶ ՍՊԱՍՈՂ

Եկ, պառկիր շուրթերիս կողքին,
թաշկինակդ փռիր վերքերիս վրա -
Խնդալու համբույրովդ գողացիր,
մեկ անգամ էլ խաբիր,
որ ձմեռը մեկ խելահեղ էր,
գլուխս շոյելով համոզիր,
որ նորից կգաս,
որ կորուստներս մի օր կծուլանան,
հետո թախիծս գլխաշորովս փաթաթիր
ու գնալուցս առաջ աչքերդ կողպիր,
որ հեկեկոցս չտեսնեմ,
այս խուլ  պատերի մեջ
միայնությունս չզգամ, որ
Amedeo Modigliani
գոնե խաբվեմ, խաբվեմ, Սյուզի՛...

ԱՄԵՆԱՎԵՐՋՈՒՄ


Ինձ օրորիր ամպերի մաքրությամբ,
որ արթնանամ, ինչպես տերևի առավոտ,
և փրկվեմ ջրհեղեղից...
Հին կյանք, հին սեր, հին կոշիկ բղավելովհեռանում է գարունը քաղաքի աչքերից -
Ես հո ի ծնե տխուր չ եմ եղել...
Կապրեմ քո մասին գետեր խմելով,
որ չցամաքի հիշողությանս առուն:
Մեխի բացած անցքի չափ հույս տուր`
կսպասեմ քարերին հավասար,
կապրեմ փողոցի տրամադրությամբ -
երբ մահանամ`
իմ ետևից ափսոսներով ջուր ցփնիր,
որ բարի վերադառնամ քեզ մոտ...






Տե'ս Տիգրան Չերազից այլ հրապարակումներ

No comments:

Post a Comment