Ժակ Պրեվեր | Jacques Prévert

Ժակ Պրևեր, Ժակլին Լորեն, Փարիզ, 1937թ.:

(1900-1977թթ. Ֆրանսիա)


ԽԱԲՎԱԾ ՍԻՐԱՀԱՐՆԵՐ

Ես ճրագն էի
Դու լույսը
Իսկ ով ծախեց պատրույգը:

ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԻՄ ՍԵՐ

Ես գնացի թռչունների շուկա
Եվ թռչուններ գնեցի
Քեզ համար,
իմ սեր
Ես գնացի ծաղիկների շուկա
Եվ ծաղիկներ գնեցի
Քեզ համար,
իմ սեր
Ես գնացի դարբինների շուկա
Եվ շղթաներ գնեցի,
Ծանր շղթաներ 
Քեզ համար,
իմ սեր
հետո գնացի ստրուկների շուկա
Եվ քեզ փնտրեցի,
Բայց քեզ չգտա,
Իմ սեր:


ՓԱՐԻԶԸ ԳԻՇԵՐՈՎ

Գիշերվա մեջ իրար ետևից վառված երեք լուցկի.
Առաջինը, որ քո դեմքը տեսնեմ ամբողջովին,
Երկրորդը, որ տեսնեմ քո աչքերը,
Երրորդը, որ քո բերանը տեսնեմ,
Եվ թող մութ լինի համատարած, որ հիշեմ այս բոլորը
Քեզ գրկումս սեղմած:

ԱՐԵՎԻ ԽԱՎԱՐՈՒՄ

Լուի տասնչորսը, որը կոչվում էր նաև Արև Արքա,
իր թագավորության վերջին տարիներին
նստում էր շատ հաճախ ծակ աթոռին:
Մի գիշեր էլ, երբ մութ էր ահավոր,
Արև Արքան անկողնուց ելավ,
գնաց նստեց աթոռին
և անհետացավ:

ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Ամեն կիլոմետրին,
Ամեն տարի,
Ծերերը պնդաճակատ,
երկաթբետոնե ցուցամատով
Երեխաներին ճամփա են նշում անընդհատ:


ԻՆՉՊԵՍ ԹՌՉՈՒՆ ՆԿԱՐԵԼ

Ամենից առաջ մի վանդակ նկարեք
դռնակը բաց
հետո նկարեք
մի ուրախ բան
մի պարզ բան
մի գեղեցիկ բան
մի օգտակար բան
թռչունի համար
հետո կտավը դրեք մի ծառի մոտ
մի պուրակի
մի պարտեզի
կամ մի անտառի մեջ
թաքնվեք ծառի ետևը
անխոս
անշարժ...
Երբեմն թռչունը շուտ է գալիս
բայց կարող է և տարիներ տևել
Որոշում տալուց հետո
չհուսահատվել
սպասել
եթե պետք է տարիներ սպասել
քանի որ թռչունի շտապելը կամ ուշանալը
ոչ մի կապ չունի
նկարի հաջողության հետ
երբ թռչունը գա
եթե գա
լուռ ու մունջ
սպասեք որ վանդակը մտնի
և երբ մտնի
վրձնով զգուշորեն փակեք
հետո
մեկ առ մեկ վանդակաձողերը ջնջեք
ջանալով թռչունի ոչ մի փետուրին չդիպչել
Հետո ծառ նկարեք
թռչունի համար
ընտրեք ամենափարթամ ճյուղերից մեկը
նկարեք նաև
կանաչությունը սաղարթի
զովությունը քամու
արևափոշին
և միջատների աղմուկը ամառվա տապում
հետո սպասեք որ թռչունը սկսի երգել
եթե թռչունը չի երգում
վատ նշան է
դա նշանակում է որ նկարը վատն է
բայց եթե երգում է դա լավ նշան է
նշանակում է կարող եք ստորագրությունը նշել
Ուրեմն զգուշորեն
թռչունից մի փետուր պոկեք
և նկարը անկյունում ձեր անունը գրեք:

Խոան Միրո, Մարկ Շագալ, Ժակ Պրեվեր, 1955թ., լուսանկարիչ՝ Ֆիլիպ Հալսման
ԱՐՅՈՒՆ ԵՎ ՓԵՏՈՒՐ

Հուշերիս թռչուն
իմ արյունը չէր որ հոսեց
այլ քոնը
Հուշերիս թռչուն
ես ափս փակեցի
Հուշերիս թռչուն
դու գեղեցիկ ու թևաբել հավք
դու չես վերադառնա
ափիս մեջ կտցելու
հատիկները մոռացման:

ԱՇՈՒՆ


Ծառուղու վրա մի նժույգ տապալվեց,
Տերևները թափվեցին վրան:
Մեր սերը ցրտից սրսփաց,
Արևը... նույնպես:

ՊԱՏԵՐԱԶՄ


Կտրում եք
տխմարներ
կտրում եք
Ջահել ծառերն անտառի հին կացնով
սպանում եք
Կտրում եք
տխմարներ
կտրում եք
բայց հին ծառերն անտառի փտած արմատով
սարքովի սաղարթով
պահում եք
Եվ ազդարարում
ծառերը Չարի և Բարու
ծառերը Հաղթանակի
ծառերը Ազատության
Եվ անապատ անտառից գարշահոտ է փչում
թռչուններն են չվում,
բայց դուք մնում եք քայլերգ երգելու
Դուք մնում եք այդտեղ
տխմարներ
Քայլերգ երգելու և դոփելու:

ԱՌԱՋԻՆ ՕՐԸ


Սպիտակ պաստառ պահարանում,
Կարմիր պաստառ անկողնում,
Մի երեխա մոր մեջ,
մայրը տառապանքի մեջ,
Հայրտ սպասասրահում,
Սպասասրահը տան մեջ,
Տունը քաղաքում,
Քաղաքը գիշերվա մեջ,
Մահը աղաղակի մեջ`
Երեխան կյանքում:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ


Երեխաները որ սիրում են իրար
համբուրվում են կանգնած
դռների մոտ գիշերվա
Ու անցորդները որ անցնում են մատնացույց են անում նրանց
Բայց երեխաները սիրում են իրար
սիրում են իրենց համար
Ու գիշերում
միայն ստվերն է նրանց դողում
որ կատաղեցնում է կատաղությունը անցորդների
նրանց նախանձը նրանց արհամարհանքը նրանց քրքիջը նրանց կատաղությունը
Բայց երեխաները սիրում են իրար
Սիրում են իրենց համար
Նրանք գիշերից հեռու են
ու ավելի բարձր են քան լույսը
Ուրիշ է նրանց լույսը
Առաջին սիրո լույսն է կուրացուցիչ:


Ֆրանսերենից թարգմանեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ


Ժակ Պրևերն ու կինը՝ Ժակլինը



Տե'ս Ժակ Պրեվերից այլ հրապարակումներ




No comments:

Post a Comment