Ուիսթեն Հյու Օդեն | Wystan Hugh Auden


(1907-1973թթ. Անգլիա)
 Օդենն անգլո-ամերիկյան բանաստեղծ է, 20-րդ դարի առաջատար դեմքերից մեկը գրական դաշտում:

Ծնվել է Յորքում 1907թ. փետրվարի 21-ին: Հայրը բժիշկ էր, ակադեմիկոս: Օդենը կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանում, որն ավարտում է 1928թ.-ին: Այնուհետև մեկնում է Բեռլին և մեկ տարի անց վերադառնալով Անգլիա` աշխատում է որպես ուսուցիչ: Վաղ շրջանի բանաստեղծությունները նրան բերեցին հեղինակություն` որպես սրամիտ և տեխնիկապես հմուտ գրողի: Նա սկսում է համագործակցել Քրիսթոֆեր Իշերվուդի հետ, ում հետ ծանոթացել էր դպրոցում խաղերի ժամանակ:
1935թ. Օդենն ամուսնանում է Էրիկա Մաննի` գերմանացի գրող Թոմաս Մաննի աղջկա հետ: Այս ամուսնությունը հաշվարկ էր, դա ընդամենը հնարավորություն էր տալու Էրիկային` ստանալու Բրիտանական քաղաքացիություն և խուսափելու նացիստական Գերմանիայից, բացի այս Օդենը հոմոսեքսուալ էր:
Օդենն ու Էրիկան
Օդենի քաղաքական համակրանքները ներշնչեցին, որ 1937թ. նա մեկնի Իսպանիա` ավելի մոտից հետևելու քաղաքացիական պատերազմին: 1939թ. Օդենն ու Իշերվուդը` որպես փախստականներ, մեկնում են Միացյալ Նահանգներ: Այս քայլը բավականին հակասական էր, վիճարկելի, և ոմանց կողմից դիտարկվեց իբրև փախուստ Եվրոպայից պատերազմի նախօրեին: Նյու Յորքում Օդենը հանդիպեց գրող Չեսթեր Քալմանին, ով դարձավ նրա ուղեկիցը մինչև կյանքի վերջ: Օդենը դասավանդում էր մի շարք ամերիկյան համալսարաններում, իսկ 1946թ. ստացավ նաև ամերիկյան քաղաքացիություն:
Օդենը, Թոմաս Էլիոթն ու Էլիոթի կինը՝ Վալերին
 Նա շարունակում էր բանաստեղծությունների հրատարակումը, այդ թվում` «Անհանգստության դարաշրջանը» (1947թ.), որի համար Պուլիցերյան մրցանակ ստացավ: Օդենը համագործակցեց Քալմանի հետ Ստրավինսկու «Թեթևամիտի արկածները» օպերայի լիբրետոյի վրա: 1956-1961թթ. Օքսֆորդի համալսարանում պոեզիայի պրոֆեսոր էր:

1972թ. առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, և Օդենը լքեց Ամերիկան: Նա տեղափոխվեց Օքսֆորդ` ապրելու իր հին քոթեջում, որը պատկանում էր քրիստոնեական եկեղեցու քոլեջին: 1950-ի վերջերին Օդենը տուն գնեց Ավստրիայում, ուր ամեն տարի վեց ամիս անցկացնում էր այդտեղ: Մահացավ Ավստրիայում 1973թ. սեպտեմբերի 29-ին:


Տեսնել Ուիսթեն Հյու Օդենից այլ հրապարակումներ
բանաստեղծություններ

No comments:

Post a Comment