Ուիսթեն Հյու Օդեն | Wystan Hugh Auden

(1907-1973թթ. Անգլիա)

ՏԱՊԱՆԱԳԻՐ ԲՌՆԱԿԱԼԻՆ

Նա ամեն ինչում ձգտեց հասնեմ կատարելության:
Նրա հորինած պոեզիան բնավ անմատչելի չէր:
Մարդու թույլ կողմը նա ճանաչում էր հինգ մատի նման,
Մեծ բանակների ու նավատորմի սիրահարն էր ծեր:
Երբ նա ծիծաղեց,
Բոլոր մեծարգո սենատորները մեռան ծիծաղից:
Իսկ երբ գոռգոռաց, երեխաները մահացան քաղցից:

ՈՎ ՈՎ Է

Գրոշանոց կյանքը կտա ամեն փաստ,
Թե` հայրը ծեծում էր. տնից հեռացավ.
Թե` ինչի էր ձգտում տղան դեռահաս,
Թե` ինչպես նա օրվա հերոսը դարձավ:

Թե` ինչեր տեսավ` պատերազմ ու ռիսկ,
Ինչպես անցավ ծովեր, լեռներ արևկեզ:
Իսկ մի կենսագիր էր գրել է նույնիսկ,
Թե լալիս էր սիրուց անփառներիս պես:

իսկ մեկը վերջերս պնդում էր, թե նա
Սիրում էր մի կնոջ, բայց մերժվեց մինչ մահ.
Սա նստում էր մենակ, աշխատում էր, էլ ի՞նչ,
Հա, սուլել էլ գիտեր և... ուրիշ ոչինչ:

Նամակ էր գրում մեր հերոսին մեկ-մեկ,
Սակայն պատասխանը րպահեց երբեք:

MUSEE DES BEAUX ARTS

Տառապանքի հարցում նրանք երբեք չսխալվեցին.
Հին վարպետները. հասկանում էին նրա դերը մարդու կյանքում:
Մինչ մեկը տառապում էր,
Մյուսն ուտում էր, պատուհանը բացում, կամ պարզապես զբոսնում:
Երբ ծերերը հրաշք-ծնունդին էին սպասում անհամբեր,
Գտնվում էին երեխաներ, որոնք չէին ուզում, որ դա պատահեր
Ու սղում էին սառած լճի վրա, անտառի եզրին:
Նրանք երբեք չմոռացան,
Որ նույնիսկ ամենասարսափելի մարտիրոսությունն իր ընթացքն ունի,
Թեկուզ աննշան մի անկյունում,
Ասենք, որտեղ շներն են ապրում շան կյանքով, կամ մի ձի
Անմեղ մեջքն է ծառին քորում:
Օրինակ, Բրեյգելի <<Իկարուսը>>, ինչպես է ամեն ինչ
Այնպես անվրդով շրջվում աղետից, մշակն այնինչ
Լսել ջրի ճողփյունը ու ճիչը հուսահատ,
Բայց նրա համար սա կարևոր չէ:
Շողում է արևն սպիտակ ոտքերին, որոնք անհետանում են կանաչ
Ալիքների մեջ:
Մեծ ու գեղեցիկ նավը, որ տեսել էր հաստատ
Զվարճալի բան` երկնքից գահավիժող մի տղա,
Իր ճամփան գիտեր ու նավարկեց առաջ: 

ԱՆՀԱՅՏ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ
(Կառուցվում է այս մարմարյա հուշարձանը պետության կողմից)

Վիճակագրական բյուրոն հաղորդում է, որ նրան
Ոչ ոք պաշտոնական բողոք չի հղել:
Նրա վարքի բնութագրերը հաստատում են միաձայն,
Որ հնացած բառի ժամանակակից իմաստով` նա սուրբ է եղել:
Քանզի ամեն գործով Մեծ Համայնքին ծառայեց միայն,
Չհաշված պատերազմի տարիները, իսկ երբ զորացրվեց,
Մտավ գործարան ու անմնացորդ աշխատանքին տրվեց`
Միշտ գոհացնելով ղեկավարությանը: Գործադուլավոր չի եղել, ոչ էլ այլախոհ,
Անդամավճարների հարցում նրա Միությունը միշտ եղել է գոհ
(Ըստ մեր հետազոտության` փաստը համապատասխանում է իրականությանը):
Հիմա ականջ անենք մեր Սոցիալական Հոգեբանությանը.
Նա ընկերների հարգանքն է վայելել շարունակ
Ու երբեք չի մերժել` խմելու մեկ-երկու բաժակ:
Մամուլը համոզված է, որ նա լրագիր է գնել ամեն օր,
Իսկ գովազդի վերաբերյալ մտքեր չի ունեցել հանցավոր:
Ապացուցված է, որ նա լիովին էր ապահովագրվել,
Ըստ հիվանդության քարտի` պառկել է մի անգամ հիվանդանոցում, բայց ողջ-առողջ դուրս է գրվել:
Վարձակալության պլանի առավելություններին ծանոթ է եղել  վաղուց,
Ամեն ինչ ունեցել է, որ պահանջվում է Ժամանակակից Մարդուց`
Նվագարկիչ, ռադիո, ավտոմեքենա, սառնարան:
Իսկ Հասարակական Կարծիքի ուսումնասիրողները գտան,
Որ տարվա տարբեր ժամանակներին կարծիքներ է ունեցել համապատասխան`
Խաղաղ ժամանակ խաղաղասեր է եղել, պատերազմի ժամանակ` պատերազմի դեսպան:
Ամուսնացած է եղել ու հինգ զավակ է ավելացրել բնակչությանը,
Որն ըստ մեր ծննդաբանի` համապատասխանում է իր սերնդի ծնելիությանը:
Ըստ ուսուցիչների` չի միջամտել երեխաների կրթությանը:
Նա ազա՞տ էր: Երջանի՞կ... Հարցն անիմաստ է շատ.
Եթե ինչ-որ սխալ լիներ` կիմանայինք հաստատ:

անգլերենից թարգմանեց ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ


Տեսնել Ուիսթեն Հյու Օդենից այլ հրապարակումներ



No comments:

Post a Comment