մերրիին

robert mapplethorpe
ոտքերը ասֆալտին խփում են թմբուկների նման
եռացրած մեղրի պես ջազն իջնում է շեփորի կոկորդով
հազում ես
շարֆդ բարակ է, տաբատդ մաշված
ծխիր ինձ, խնդրում ես, ծխիր
ինչպես գիշերամիզությունն է ծխում մարմինս
ինչպես ծնողներս են ծխում մանկությունս ու դրանից հետոն
ինչպես սերերս են լքում կոպտությունս ու ծխում լեզուս
ծխիր ինձ, խնդրում եմ ծխիր

ես կմոռանամ ինձնից ծնված տղաներին
և ոչ ոք չի համբուրի ինձ տուն մտնելուն պես և գնալուց առաջ չի ասի
հաջող

մահը մոտ է քիմքիս
ամենադառը շոկոլադի նման
հալված
թանձր
սև

գնացին բոլորը գնացին
փակում եմ աչքերս
բացում
մենք վաղուց չենք խոսում իրար հետ
և օրերի թմրանյութը կապտում է մեր երակներում

աղջիկս, երբ մեռնես
ես քաղաքի պոռնիկը կդառնամ
անտեր շները կքրքրեն սիրտս
և հեծանվորդները իմ նյարդալարերի վրայով կբարձրանան լուսին
կիջնեն ցած

ուզում եմ փակել դուռը, բանալին կուլ տալ
չի ստացվում
ուզում եմ ժպտալ առաջվա պես
նույնը չի
ուզում եմ գալ քեզ մոտ պետքական իրի տեսքով
էլեկտրական կիթառի պես, մոլորակի, գրքի
ծափ տուր
աղջիկս
ծափ տուր
սիրտս ցավում է
դահլիճը դատարկ
ով կունենա քեզ համար երեխաներ աղջիկս
ով կասի նուրբ բառեր կշոյի ուսդ
ում ականջի բլթակը կկծես
կերգես անձրևի տակ
կգրես բառեր
ոտքերդ պինդ կլինեն ազդրերդ ձիգ
կապրես էլեկտրական կիթառի մեջ
կնստես մոլորակդ կգնաս հեռու

գիշերվա հազարին կզարթնեմ սարսափած
կոպերս ծանր կլինեն, կապարե
անկողինս թաց կդողդղա ինձ հետ
երևի կբացեմ աչքերս
կծխեմ
երևի կփակեմ աչքերս
ոչ ոք չի լինի կողքիս, ոչ ոք չի լինի
ցավի սուր հոտը միայն
որ ջազի պես կտարածվի օդում
հանգցրած ծխախոտի նման

կգոռամ անունդ
չես լսի
կգոռամ անունդ
չես լսի
կգոռամ
կամացուկ
որ չզարթնես հանկարծ
կիթառի նյարդերի տակ քնած իմ լարային աղջիկ
խաղաղ ինչպես ռոքը և ջազի պես ծեր

լսում ես, ոտքերը ասֆալտին խփում են թմբուկների նման
եթե անգամ նվագել չիմանայի
ես կվերցնեի շեփորն ու կպատմեի քեզ մի տխուր օրորոցային
կիսավերակ մարդկանց մասին, որոնց քանդելու են վաղը
ու սարքեն նոր պողոտա
լսում ես, ոտքերը ասֆալտին խփում են թմբուկների նման





Տե՛ս Հասմիկ Սիմոնյանից այլ հրապարակումներ 

9 comments:

  1. Հաս, էնքան լավ ես գրել, որ ինձ թվում ա` ես եմ գրել)))))))

    ReplyDelete
  2. լավ ընթերցողը կես գրող ա, Մերի ջան, էնպես որ հեղինակային իրավունք կարաս պահանջես:)

    ReplyDelete
  3. քոմենթդ նոր եմ տեսնում, Մերի ջան, բլոգումս ամեն ինչի նայում եմ ամեն օր, բացի քոմենթներից, գիտեմ էլի անջատած ա:)

    ReplyDelete
  4. Lilit8.8.11

    ‎...կգոռամ անունդ
    չես լսի
    կգոռամ
    կամացուկ
    որ չզարթնես հանկարծ
    կիթառի նյարդերի տակ քնած իմ լարային աղջիկ...

    ReplyDelete
  5. Lilit8.8.11

    մենք վաղուց չենք խոսում իրար հետ
    և օրերի թմրանյութը կապտում է մեր երակներում

    ReplyDelete
  6. Anonymous7.2.12

    աղջիկս, երբ մեռնես
    ես քաղաքի պոռնիկը կդառնամ
    անտեր շները կքրքրեն սիրտս
    և հեծանվորդները իմ նյարդալարերի վրայով կբարձրանան լուսին
    կիջնեն ցած
    պետք է աշխատենք, որ մերրիին բան չլինի...
    սա մի փոքրիկ կատակ, իսկ գործլ լավն էր...

    ReplyDelete
  7. ոչ ոք չի լինի կողքիս, ոչ ոք չի լինի
    ցավի սուր հոտը միայն
    որ ջազի պես կտարածվի օդում
    հանգցրած ծխախոտի նման

    p.s.նոր եմ տեսնում, որ մեկնաբանություն կա գրած,ավելի շուտ կարձագանքեի

    ReplyDelete
  8. ի դեպ, անանուն հանդես չգալու համար comment as: Name/URL սեղմեք ու Ձեր անունը գրեք, եթե բլոգ-բան չունեք

    ReplyDelete
  9. ծխիր ինձ, խնդրում եմ ծխիր...

    ReplyDelete