*
Սալի Մանն. սև աչք
շոգի մեջ ստվերները հետ-հետ էին քայլում
ես աչքերս փակ գնում եմ նրանց ետևից ու
հասնում մանկությունից ներս
գյուղ
շիկացած տանիքներ
քարե ցածր աստիճան
շուն
շների արտասահմանյան անուններ
ոնց որ ջոնիի անունը
ջոնի

կանաչ խոտերի մեջ տատդ աքլոր էր մորթում
մատաղացու աքլոր
արյունով խաչ էր արել ճակատիդ
ու դու ժպտում էիր
հետո տատդ հարցրեց որ աքլորն ես ուզում
ընտրեցիր ամենասիրուն աքլորն ու մատով ցույց տվեցիր
հետո քո ընտրած ամենասիրուն աքլորի գլուխը
խոտերի ու արյան մեջ տեսար
զգացիր մահը ու փախար հեռու

չոր խոտի դեզի մոտ քեզ գտան
շոգի մեջ դու խոսում էիր ստվերիդ հետ
էրեխեն լավ վախեցել ա ասացին
ու մի բաժակ ջրով հարցը լուծվեց

իսկ շոգը իջնում էր տատիդ ձեռքի կացնի պես
անաղմուկ նուրբ անհպելի
գիլյոտինի պես ակնթարթորեն
խլացնելով
միջնադարյան թամաշան տանջանքների

միջնադարյան իմ կովկասցի ժողովուրդ
քո քրիստոնեական մատաղն ու
մահմեդական կուրբան-բայրամը
մզկիթում մորթված անասուններ
ջրի հաստ շիթերով մաքրվող մզկիթ
ու փողոցներով հոսող արնախառը ջուր

փոքր էիր շատ
չալմայով ծածկված մորդ հետ
փողոցով արագ-արագ անցնում էիք
երբ արնաջուրը սողաց ոտքերիդ տակով
վախեցար ու ճչացիր
պատերազմ էր շուրջբոլորը
ռմբակոծություններ
դու պատկերացրեցիր քեզ ու մորդ մորթված
ու ճչում էիր

հետո մորդ ստվերը խոսեց քեզ հետ
նրա ստվերը մոտ էր հողին
խոսում էր կյանքից ու սիրում էր կյանքը

ալլահ ակբար կրկնեց մայրդ
նրա ստվերը երկար էր ու ձգվում էր դեպի մահը
ալլահ ակբար շարժվեցին շուրթերդ
ու դու զգացիր որ աստված շատ մեծ է

հետո մի օր հայրդ չվերադարձավ
աստված մեծ էր
դու քայլ-քայլ փոքրանում էիր
ու զգում էիր որ մոտենում է շոգը
գիլյոտինի պես
արագ
հատու
նուրբ ու անաղմուկ
և անհպելի
ամէն

No comments:

Post a Comment