Հասմիկ Սիմոնյան. թափթփված սենյակներ



Հասմիկ Սիմոնյան
(ծնվ. 1987թ., Հայաստան)

(բանաստեղծություններ)

Իրավունք
Երևան, 2010թ.









*
ինչի՞ ես եղա միշտ պարտված
ճտերից ամենաանճոռնին
և տխուր ու մենակ` քո հայկական արծվաքթի պես`
անհեթեթորեն հայտնված դեմքիդ ամենակենտրոնում

ինչի՞
երբ հայկական հասարակություն-կլասիցիզմի
հերոսը մեծ էր ու վսեմ
իսկ ես կյանքում միշտ էլ պահպանել եմ եռամիասնության օրենքը`
տեղի, ժամանակի…` տուն-կրթօջախ-գրադարան

ինչի՞
ծերունական հոտով օծված
և նաև մանկական գիշերամիզությամբ տառապող
հասարակությունը պաչեց ճակատս

և չնայած
գարի քյոսայանը լավ ջազմեն է
…տաթևիկ հովհաննիսյանի CD-ին գրված է դաթևիկ
…հայ հանճար ժանսեմի
գծանկարի աղջկա զուգագուլպաներն անգամ
թխած են էգոն շիլեից

ինչի՞ ես գլուխս բռնած հայ պոեզիայի մեջ պատ չգտա
ճակատս ջարդելու
ձեռքով հենվելու

օտար անկողիններում հասունացած իմ տղամարդը
նոր-նոր սկսել է հաշվել սրտի զարկերը և
բողոքել ցածր աշխատավարձից

իսկ հաջողությունը շուն չի, որ թոկով կապես դռանդ
պետք եղած ժամանակ հաչեցնես բարդույթներիդ վրա
հասարակությանն էլ ասես`
պաչի ճակատս, ես լավ աղջիկ եմ,
չնայած ուշ եմ տուն գալիս,
մեռելների հետ եմ խոսում,
ճաշի մեջ աղը քիչ եմ գցում
և բանաստեղծությունս էլ հեռու է «հայ պոեզիայի փրկօղակ» կոչումից
ինչի
ես
եղա
այսքան տխուր ու չհասկացված
սխալ
և եղանակն էլ այն չի
ես ծնվել եմ
ու արդեն ուշ է
ու արդեն ուշ է

*
այսքանից հետո չապրելն ինչ իմաստ ունի
երբ
սառնարանը լիքն է
ես սկսում եմ տխրել սովորել ու նաև լրջանալ
ձեր սեռն ինձ այլևս չի հետաքրքրում
իսկ անցյալ շաբաթ գնեցի աղաման, արևային ակնոց ու թեյնիկ
լրջորեն հիացա փռածս լվացքով

երեկ զանգեցին կորած սերերս ու սպառնացին վերադառնալ
հարուստ ու հաջողակ
հասարակությունահաճո

բայց հատկապես ծաղկազարդից հետո
հեթանոսությունը մեջս տռճիկ է տալիս
ու սիրտս լրիվ աղբանոցի ապրանք է դարձել

քույրս մարսելից զանգում է ու կրկնում
որ խոլեստեղոլը շատ վտանգավոր է
որ աղ ու յուղ քիչ օգտագործենք
որ չնայած հայ ենք,
առավոտները վազել, չէ, գոնե մի կանգառ արագ քայլենք

դու ասում ես` մայրդ ասել է` հասմիկը նիհարել է,
մի քիչ շոկոլադ տուր թող ուտի

ես գազանանոցում կանգնում եմ առյուծի վանդակի առաջ
ու ասում` ոնց որ նիհարել ես, այ ախպեր

հենում եմ գլուխս վանդակաճաղին
ինչպես կհենեի քո մազոտ կրծքին
ու հարցնում` ոնց ես, է

…ծաղկազարդից հետո ես չգիտեմ ուր շպրտել սիրտս
արցունքներիս հնաոճությունը
ու կոկորդ պատռելն էլ անիմաստ է.
աշխարհում դեռ բռունցքներ կան` ուժեղ
աշխարհում մարդիկ կան` ինձանից բարձր գոռացող
և ավելի հոգնած դեմքեր կան` բազմոցից սահող-ընկնող հատակին

այսքանից հետո
ես չգիտեմ
հոդվածի պոչը բռնել, թե
բանաստեղծության գլխի տակ փափուկ բարձ դնել
շարունակել քեզ հետ ապրել նույն երկնքի տակ մի թաղամասում,
թե սկսել աշխատանք փնտրել և գնալ թուրքերենի դասերին
իսկական քրիստոնյայի պես

2009թ.

*
իտալիայում ապրում է լիանան
հասարակաց տան դիմաց,
օտտո դիքսն ապրում էր մի նեղլիկ նրբանցքում` պոռնիկների կողքին

իմ փնթի տողեր, իմ նարինե ավետյան,
հիմա դու մամա ես,
անունդ` թերեզիկ և ընկերներ,
շվեյցարիայում դու խնդրեցիր քո գյուղից մի ‎ֆոտո անել,
տվեցիր հասցեն` տաշիրի շրջան, գյուղ սարչապետ:

ես քայլում եմ լորկայի հետ նյու-յորքյան փողոցներով,
1930 թիվն է,
իսկ կուբայում սևամորթները քնել են կամ մեռել:

նա մոտեցել էր չելենտանոյին
և հրաշալի իտալերենով ասել,
որ սիրում է նրան,
<<..և եթե երբևէ ձեզ հարկավոր լինի սիրտ, թոք կամ երիկամ, ես պատրաստ եմ տրամադրել իմը…>>
ոտի տակ տվեցիր քաղաքը
ու գտար ‎‎
ֆրիդայի ականջօղերից` կտրված ձեռքեր

այսօր սեպտեմբեր 23ն է, թիվ 2009
ես` հիվանդ,
գիշեր,
տաքության մեջ կամ ռոքային խումհարի
ասում եմ քեզ` չհիվանդանաս ու չզառանցես,
թղթերդ չպատռես,
եղունգներդ չկրծես,
դեմքդ արյունլվիկ չանես,
գլուխդ չսափրես,
ավելի ուշ` հոկտեմբերյան անքնության մեջ
իմ վախերից զատ
իմ մերկության կենացը խմող մեկը
կասի`
սափրում ես գլուխդ, որ նորից ծնվես, վերածնվես,
ու ես պարտվեցի,
որովհետև մենք միշտ էլ նա ենք, ով հեռանում է,
քնած, թե մեռած
հիշողությունից ճնշված այս հայրենիքում, թե մի ուրիշ
գնդակահարված մարմիններով, թե կուսական մաքրությամբ
և գրողը քեզ տանի, գոնե դու չպարտվես…
չպարտվես…
չպարտվես…
խնդրում եմ


2009թ. սեպտեմբեր

թրեյսիի վագր

ահա մի քանի տող ծխախոտի մասին
մի քանի էջ բարձրաձայն նամակ Դ.Մ.-ի գրածներից
դեղձի կոնյակի
իտալիայի
արամ պաչյանի
քո
իմ
կանացի կտրտված ոտքերի պես
գետնին թափթփված վրձիների
գրքերի ու մեր մի քանի հոգանոց սերնդի մասին

արվեստագետի կարիերայի
արվեստագետի դերի մասին տանը և դրսում

մի քանի բառ մենակության
ընթերցող չունենալու
միզանտրոպության
մեզ դժբախտաբար սիրող մարդկանց
մեր հարազատների ու հատկապես մեր ծնողների մասին

գլխահակ գրվող մի քանի տող
անպարտաճանաչության մասին
ու մեր խեղճության

մի քանի բառ տականքորեն հանճարեղների մասին
որ պիկասոյի պես հարուստ էին
ու աղքատ վան գոգի չափ

և ահա կրկին մի քանի տող վերջացող ծխախոտի մասին
դատարկ գրպանների
չորացած հացի շպրտվող տոպրակի ու հնոտի արվեստի մասին
և աստծո որ ինքնակամ լքել է երկինքը ու գնացել կամ իտալիա կամ փարիզ

մի քանի հանգած ծխախոտ և մի լղարիկ բոհեմ

*
եղունգի ծայրով գծում եմ իմ գորշ հմայքը
քաղաքի ներկած հին նստարաններին
ծնունդդ շնորհավոր պապ
և
ներիր
իզալենտով ամրացված անհաջողություններիս համար
ես դրանք նորից գողացել եմ
իմ անգույն ստերի ու սենտիմենտի կիսակառույց աշտարակները
ամբողջացնելու համար

այս ամառը իմ հագով չէր
այս ամառվա շոգին ինձ կրկին խաբեցին պոնչիկով
ծխախոտի տեսքից խելքս չավելացավ
ու ես առաջվա պես ատում եմ մոխրամաններն ու
գարեջուրը
միայն մատներս ղարաբաղի սահմանագիծը հիշեցին
նաև անձրևի մրսող ակորդները փշաքաղված մաշկիս

ես ծիծաղեցնում եմ Աստծուն
ու սարսափելի վախենում եմ պա գիշերվա բաց լուսամուտներից
ներիր ինձ եթե կարող ես
պարզապես քո դուստրը անհաջողակի մեկը դուրս եկավ
և ատամներս անզորությունից կրճտացնելուց բացի
ավելի լավ ոչինչ չի ստացվում ինձ մոտ
բոլոր խեղկատակների կարիերան երևի հենց այսպես է սկսվում

ես հարգում եմ Աստծուն
նրա մտադրությունները իրենից բարի են
թեև նա ինձ հաճախ է ցավեցնում
ինչպես բոլոր վերևում գտնվողները
որոնք շարունակ հավատացնում են թե մեր կողքին են
մեռածների նման
պապ
երազներիցս սխտորի հոտ է գալիս
ես թթու եմ դրել հուշերս որ չկարդացած հագուստների նման
ուրիշներինն են դառնում
ես փոխում եմ գույներս փողոցի լուսացույցից արագ
ու փորձում եմ ծիծաղելով հեռանալ
նստարանների ներկահոտին խառնելու արցունքներս
և տաքանալու Աստծո պաղ քրքիջներով
ներիր չէիր սպասում գիտեմ

*
առավոտ լողացած մարդու մարմնի պես թարմ ու առույգ
երբ նախորդ օրը թարգմանվում է անցյալերեն
կեսօրի պես սահուն անցում կատարելով դեպի երեկո

քահանա որ եկեղեցուց դուրս հրաշալի տղամարդ է
ունի ընտանիք ու երեխաներ
և կենցաղային մանր-մունր հարցեր
որոնք լուծվում կամ չեն լուծվում անկախ Աստծո գոյությունից

նոր պարբերություն շենքերի միջից գլուխը բարձրացնող
բակային հեղինակություններ և չճշտված թաղային հարցուփորձ
ու

ես
որ սրճից սևացած սփռոցը թափ եմ տալիս դուրս
ու բանաստեղծություններս ուզած-չուզած
քահանայի առնական աղոթքից և մրուրի գուշակությունից թուլացած
ծաղկում են երազների պես գիշերվա պատուհաններին

պարզապես առավոտ
մի քիչ էլ քնելու ցանկություն
սիրահարված տղա որ իրենց տնից
ստիպում է ծուլորեն վերցնել հեռախոսը ու
պատասխանել ռուսախոս հաղորդագրությանը

նոր պարբերություն առավոտյան կատարվող պատարագ
և լողացած մարդու մարմնի պես թարմ ու առույգ մեղք
որ սահուն անցում է կատարում դեպի սերը
աչքերիդ մեջ նայող ու չթարգմանվող ոչ մի լեզվով

*
անկողնուս անապատում գիշերային անպատեհ մի ժամի
ես քրքրեցի թղթերս
տողերս
նայեցի ներսս կարդացի նամակներդ տառ առ տառ
ու անցա թղթերս
գրքերիս էջերը թերթեցի
հետո տեսա քեզ մի անկյունում ծվարած
քաղցած ու ծարավ
մերկ ու հիվանդ
թղթի պես մաքուր և գրիչի սպասող
ու քանի որ շատ էի քրքրել թղթերս
տողերս
նայել ներսս կարդացել նամակներդ տառ առ տառ
մոտեցա ու ասացի
բացվիր սեզամ

հետո երգը եկավ դույլերով մեր գլխին ջուր թափվելու պես
հետո արցունքները
հետո եսիմ
մատներիդ դողը ինձ շոյելիս կրկնվեց
և հատկապես հեռախոսով խոսելիս ու ես ափսոսում էի
որ դեռ չեմ գտել քեզ
և մի կարգին չգտած էլ
քեզ կորցնում եմ անընդհատ

ես մոտեցա ու ասացի
սեզամ բացվիր…

դու մի կանգառ վերև էիր
կասկադի ամենավերևում կանգնած
ես դժվարանում էի գտնել քեզ
խաղալիքի չափ փոքրիկ թվացող մեքենաների միջից
ինչ հեշտ էր վերևից քեզ մատով ճզմելը
ինչ փոքրիկ էիր դու ու անպաշտպան
և ինչ դժվար էր կորցնելը

ես դուռը բացեցի արագությունը գերազանցելու պահին
նայեցի քեզ ու ասացի
ես եկա հաջողություն ինձ մաղթիր
ճանապարհին հաստատ պետք կգա…
պետք չեկավ

կրկնակի դժվար է
երբ ուրիշինն ես կորցնում
ու հետո ավելի շատ քո կնոջն էի պատկերացնում
քան քեզ որ մնում էիր ինձ հետ
ու չէի հասկանում թե իրականում որն է լավը մնալը թե…
ու չէի հասկանում
մեզանից ով է ավելի տականք

մի գնա ասում էր անփորձ երգը
մի գնա որովհետև իմը չես
իսկ կորցնել չունեցածը շատ ավելի դժվար է

…թեև սիրտդ դատարկվում էր ինձնից
այնպես թեթևորեն
պարբերաբար
որ բառերի աղմուկն անիմաստ էր դառնում այլևս
ոնց որ նորածնի համար գնված հագուստը
մի քանի ամսեկան երեխային կորցրած մոր աչքին
չքվիր գրողի ծոցը սեզամ…

*
գեղեցիկ բաժանումների քաղաք,
խնդրում եմ, ասա, բարձրաձայն ասա մարդկանց, որ միայն գեղեցիկ ծնվեն…
իսկ հետո քամու հետ սեր անող աղջիկներն են գալիս սովորաբար
նրանք տգեղ են և գիտեն այդ մասին
նրանք ծիծաղում են, որովհետև շատ են տխուր պարզապես ժպտալու համար
նրանք երբեմն բանաստեղծ են և շատ կուզեին դավաճանված չլինել

գեղեցիկ բաժանումների քաղաք… մայրաքաղաք… քաղաք
քաղաք
քաղաք

…ձեռքերդ տաք էին
հաջողությունը քրտնում էր մեր կողքին
ես սառույցի կտորներ էի կուլ տալիս
և գարունն ավելի ամառ էր քան գարուն
ու դու ավելի շատ իմ աթոռին էիր նստած քան քո…

ես փակում էի աչքերս որ չտեսնեմ նախկին կյանքում ինչ եմ եղել
ես ձողիկով սրահի մթությունը խառնում էի հյութիս
և խմածս չէր գիտակցվում

գիշերային քնի ու շնչառության
հոտերից
ծանրացած
քաղաք` առավոտի սպառնալիքով գեղեցկացած

հա, ինչ-որ երգ կար
պատմում էր սիրելիին ժամը մեկ կորցնող ու գտնող մեկի մասին
ոչ ոք չէր լսում
շոգը բարձրանում էր քո ափերից
ոտքերս թմրում էին անսպասելության բարձրացող ակորդներից
քաղաքի ամենահանգիստ վայրը այս քառակուսուց հետո քո գիրկն էր
որից վախենում էի
որը հաճելի էր
որը իմը չէր
և որի ինքնակենսագրական տվյալների միջից
մեկը նստած ժպտում էր
ու ես հետո ամեն անգամ այդ ժպիտը հիշելուց ավելի էի պարտվում
ինչպես կպարտվեի քո կնոջից
որի անունը կհորինեինք երկուսով, ինչպես ասենք աղջկադ անունը
Լիլիա… մերկ ծաղիկ,
փոքր աղջկա պես` նեղացած, որ մազերը կտրել են,
այս մեռյալ ժամվա մեջ
մայրաքաղաքի անհեթեթ ու որբ մթությունը գրկած
ես հիշում եմ տղամարդկանց, որ հայր են դարձել
և այնքան քիչ են ժպտում,
որ ինձ է մնում ծիծաղելու պարտականությունը:

փոքրիկ աղջիկների լացի մեջ արթնացող մայրաքաղաք …
տղամարդկանց օրենքների սրտխառնուքից չքնած
հենց այնպես, ձեռի հետ դավաճանվող
և թքած տանկնիկացած քո հպարտության վրա
մայրա… մայրա… մայրաքաղաք…

*
հիվանդ մարմինս տեղավորվեց գայլային ախորժակիդ մեջ
ինչպես ծառը` սեփական բողբոջները խժռելուց հետո`
կարկուտից փափկած, և հլու, և հնազանդ, և խոնարհ, և սակայն ըմբոստ
կենցաղի մեջ օրեցօր տրորվող կնոջ պես

արևի հանած մարմինս գարնան սկզբի պես գիժ էր,
սանձերն ատամներով պոկել էր
ձեռքերն ու մազերը տիեզերքով մեկ տարածած վազում էր
ինչպես ծառը` սեփական բողբոջներին լքելուց հետո
երբ կոճղերին հանգստացել էին մարդիկ`
ծեր, որձ ու մազածածկ
իսկ քիչ հեռու ականջները կտրած շները քրքրել էին արմատները ու միզել
ու էլի քրքրել էին արմատները

ծառը ծիծաղել էր, որ ոչ ոք չհասկանա տխուրը
շներից մեկը մոտեցել էր տիրոջ հետ` գլուխը կախ, և խոնարհ, և հլու,
ականջների հետ ըմբոստությունը կորցրած

որձ մարդը նետեց ծխախոտը, հետո միզեց ու թքեց
հետո շունն էլ պոչը խաղացրեց
ու ծառը գլխի ընկավ, որ որձեղենի համար
իր ուրախն ու տխուրը` թքած

և կինը վազում էր,
իսկ մտքում ճաշը եռում էր ու պետք էր աղ գցել
արդեն արդուկ կար անելու, որովհետև մտովի վերջացրել էր լվացքը

և կինը պառկեց հողին
տրվեց հողին արցունքներով, մարմնով… մինչև վերջ
ու որոշեց չասել որձեղենին,
որ նա, ով կծնվի ութ-ինը ամիս հետո,
ընդամենը ապագա դիակ է
և լացն ու ծիծաղը, թքած, նույն զիբիլն են,
հատկապես իր համար`
այդքան հեռու վազած սենյակից, դռներից ու շենքերից, ու շենքերից

և սակայն ինքը հղի է
և սակայն տիեզերքում թափառող իր մազերից ու ձեռքերից
գալիս է հոտը մսով ճաշի, լվացքի փոշու, սոխի…

և երկինքն այլևս չի մաքրում իր հայացքը
ու ինքը կասի`
սիրելիս, ես քոնն եմ
ջրված ծաղիկներից ավելացած ջրի չափ,
որ դուրս է հորդում թաղարներից
և մզվում ետ` ազատության համը բերանում….

կին եղավ, որ հանեց մարմինը արևի
ծառ եղավ,որ խժռեց սեփական բողբոջները
երկինք կար, որ հայացք էր փնտրում`
մաքրելու իր շռայլ կապույտն ու անփույթ հանգստությունը
որով մեկը ծաղիկները ջրել էր ու ավելացած ջուրը
հիմա մզվում էր որձեղենի մկանուտ ձեռքերով,
և մզվում էր ու մզվում ամեն ինչից անտարբեր
ամեն ինչից անտարբեր…

անտեր մայրեր

նրանք, ովքեր կարոտեցին ինձ
կեսօրվա մեջ
գիշերվա կեսին
առավոտից առաջ ու հետո,
մարմինս հանձնեցին հողին
դանդաղ ու հանդիսավոր
հանդիսավոր ու դանդաղ
հանգավորված անձրևով
և ռիթմիկ շնչառությամբ քամու

դուրս քաշիր, դուրս քաշիր ինձ այստեղից, - խնդրում եմ ես
ես կկատարեմ քո երեք ցանկությունները

հաս, կյանքը
ամեն օր կոշիկ հանել-հագնելու պես մի բան է
ռոպեր հատտէճյանը ոնց է, նոր բան գրել է
45 օր հետո բանակից կգամ, իսկ իմ սյուզին օրերը չի հաշվում
ուզում եմ թուրքի խփեմ, հաս, ամենաքիչը` երկու,
կյանքը, հաս…

սառը սուրճ, քարե երկար նստարան, ոչ շատ թույլ ծխախոտ,
կասկադում ենք: նստարանին պառկած խոսում ենք: նրան ասում եմ` պառկիր, երկինքը հայացքդ կմաքրի:
ժպտում է` կմրսես, մյուս անգամ էստեղ էլ չենք գա:
նստած ինձ է նայում, իբր բանաստեղծությունս է կարդում, չէ, լուրջ կարդում է:

մատուցող սյուզին: 19 տարեկան, մազերը գարեջրով խուճուճացրած, երեխայի
ու փոքր եղբոր հետ միանում են մեզ: խանդում է:

ես ու փոքր եղբայրը զննում ենք իրար:
քանի տարեկան ես: ութ ու կես:

ծանոթությունը սկսված է մինչև դաս, դպրոց,
համակարգչային խաղեր. սան անդրեաս, ջի թի էյ,
հեքիաթներ, կոմեդիաներ, ռոք:
քրիս բրաուն լսել ես: բա մյունհաուզեն կարդացել ես, ես ռուսերենով եմ կարդացել, գիտես:

էն երկուսը ճեմում են:
զեբրագծի մոտ սպասում ենք: կարմիր լույս է, - ասում եմ:
ոնց որ հեքիաթի մեջ լինի, աջ գնաս` կմեռնես, ձախ գնաս` …, ուղիղ`…

ես ու փոքր եղբայրը տարածում ենք ձեռքներս ու կանգնում քամու առաջ:
փոշի, անձրև,
ասում եմ, որ ճապոնացիները անձրևն ու քամին սիրո հետ են կապում,
ասում եմ, սիրած աղջիկ ճարես, էս եղանակին իրար հետ ման կգաք: մտածում է:

դասարանում ամենաերկար մազերն իմն ա:
դու ստիլնի տղա ես, հա:
ծիծաղում է:

- հասի հետ ամուսնանալու եմ, - ասում է սյուզիին: սյուզին խանդում է:
իսկ նրա մեկ տարեկանը չլրացած աղջիկը բեքեֆ է,
ոչ մեկի մոտ չի գնում: կապուտաչ, շեկո, ուտելու երեխա:

նու չյո տի, ալոչկա, ա:
ես ու նա ուզում ենք պուճուրին թռցնել: լացում է:

16 տարեկանում ամուսնացել է: երկու տարի երեխա չեն ունեցել:
հետո ուղտ-մարդը ուրիշ կնոջ հետ թողել-գնացել է ռոստով:
աղջկա հետ էստեղ մենակ…

չգիտեի, - ասել է, - որ կարամ առավոտից իրիկուն աշխատեմ, երեխա պահեմ:
երեխան երեխա է պահում:
չէ, կեսուր-կեսրարը զանգում են,օգնում…

անձրևի տակ ձեռք ձեռքի բռնած ես ու նա վազում ենք:
ես կարոտում եմ իմ ծեր տղամարդուն,
թուրքերին նշան բռնող տղային,
երթուղայինի մեջ նա խոսում է, ես իբրև պատասխան ժպտում եմ,
որվհետև կարոտելու ընթացքում ականջներս փակվում են տխրությամբ
և ոդիսևս-աղջկա տարբերակով ուր որ է ջարդուփշուր կլինեմ կարոտաժայռերին…

ես կարոտում եմ քեզ: չգիտես որտեղից հայտնվում ես դու:
- զգում ես մարմնիդ անձրևող համբույրներս…
…և ռիթմիկ շնչառությունը իմ կամ քամու, - ավելացնում եմ ես…

բայց
իմ մաշկի թխությունից,
ամպամած երկնքից,
քո ջինսերից,
հսկա մոլբերտից ու…

իմ թուխ մարմինը չի տեղավորվում հատկապես այս գիշերվա մեջ,
քաղաքի չորս պատի,
մեր տան,
մորս հայացքի ու նրա փչացող հեքիաթի մեջ: երբ կաս դու`
պատահաբար անցնող իմ կողքով,
երբ կամ ես`
նրա ձեռքերի մեջ թաքնվող,
իսկ անձրևը իմ ու քո գլխին է

կոշիկներս հանում եմ, կոշիկներիս հետ
կյանքս թողնում եմ միջանցքում ու մտնում սենյակ-սենյակ-սենյակ
դանդաղ ու հանդիսավոր
հանդիսավոր ու դանդաղ

դուրս քաշեք, դուրս քաշեք ինձ այստեղից, - խնդրում եմ ես
ու նկատում` նախկին ընկերոջս պահապան հրեշտակը աչքի տակով նայում է ինձ,
թևով լիզում է մարմինս և սարսափելի ատում մարմինս
և սակայն կրքից արցունքոտ աչքերով դողում ու ատում,
դողում ու ատում, կծում ներքևի շուրթն ու…
- մի ատիր ինձ, դու հրեշտակ ես, - թաքցնելով դողս մարմնիս տակ`
ասում եմ, - մի ատիր ինձ

իմ ծեր տղամարդուն ասում եմ, որ ես ամեն օր հիշում եմ իրեն,
շնչակտուր կախում եմ լսափողն ու լաց լինում,
որովհետև ամեն օր հիշել եմ իրեն:

44 օր հետո…

զգույշ մարմինս հանձնեք հողին,
դուք, ում ես կարոտել եմ և սիրել
և լացել օտար դիակների վրա, ինչպես
արցունք կթափեի ձեզ համար:

ես խմում եմ ծնողների կենացը և մանկատան երեխաների…

*
սիրտըս նըման էր էն փըլած տըներ…
բոլոր նրանց, ովքեր գալիս են,
ես ասում եմ` բարև, Ան, որովհետև միայն Անն է գալիս,
նրանց, ովքեր գնալու են վաղը,
ես ասելու ոչինչ չունեմ,
որովհետև կա մի տուն, որը ունի պատ,
որտեղ կա սենյակ` մեկ, երկու,
հյուրասենյակ,
խոհանոց,
միջանցք,
և ասելու տեղ չունեմ,
որովհետև տանը ապրում են եղբայր, եղբայր, մայր, հայր,
վերջինս խիստ է, որովհետև տեսել է
և մտածում է իր մասին,
որովհետև պետք է մտածի իմ մասին:

ես փսխում եմ, որովհետև լռեցի:
ես լացում եմ, որովհետև այլընտրանք չկա:
ես կծկվել եմ, որովհետև անձայն գոռալուց փորս ցավում է:

մի քանի ժամ հետո գիշեր կգա,
մայրս կծեծի դուռն ու կասի` դուրս արի սենյակից, քնում ենք,
ես գետնից կհավաքեմ գրիչով ծակծկված թղթերս, արցունքներս
մարմինս, որի շուրջ կարելի է երկար խոկալ,
բայց ես տխուր եմ
ու
հորս խաղաղ ասում եմ` բարի գիշեր,
փոքր եղբորս անկողինը բացում եմ,
քնելուցս առաջ մեծի ոտքերը ծածկում եմ` չմրսի հանկարծ,

առավոտ հիշեցնող գիշերանոցս`
քրտնահոտ եղուկ,
փսխահոտ եղուկ…

անկողինս խոկում է մարմնիս շուրջ`
ու չգիտի` այդ առիթով վերածվի կրքոտ պատանու,
թե բազմափորձ բիձու,
և քանի որ չգիտի` ինչ անի,
անելանելությունից նստում է կողքիս,
օգնում` ավելի խորը ու ցավոտ կրծելու եղունգներս
օգնում` գրկելու բարձս, սեղմելու դեմքիս,
ուղղում ձեռքիս շարժումները` ավելի նրբորեն սրբող արցունքներս,
օգնում` մտածելու նրանց մասին, ովքեր գնում են ու գալիս,

ու շշնջում` ծուռ աղջիկ, ծուռ,
ու օրոր ասում` դան, դանի, դան, դանի,
ասում է` ում եմ քեզ տալու,
երեսը լվացած, ատամը մաքրած, մազ սանրած-կապած
իմ ծուռ աղջկան,
դան, դանի, դան, դանի,
կանաչ այգու վարունգ ջան,
ճութ-ճութ խաղող գողցող ջան,
քարվան կտրող աղջիկ ջան,
տեղում ճոճվելով երկուսով` դան, դանի, դան, դանի,
միջանցք,
խոհանոց,
հյուրասենյակ,
սենյակ` մեկ, երկու,
տուն, աղջիկ,
տեղում ճոճվելով երկուսով` ինչ աղջիկ,
քարե սրտիկ,
մկան պոչիկ,
կատվի տոտիկ,
պստիկ-մստիկ շան ականջիկ,
բաց ծամերդ,
երկար փեշդ,
անձրև եղբայր, իջիր կաթ-կաթ,
հստակ, վստահ,
իմ ծուռ բալա,
տղա-աղջիկ,
կաթը կթիր,
մածուն մերիր,
ճանճ սատկացրու,
գիրքդ կարդա,
լացդ լացի,
խունջիկ-մունջիկ այգի գնա,
սիրի յարիդ,
սիրուն յարիդ` այգու միջին` թփի տակին,
պաչիկ չանես` տես, տիղմոտ է,
պաչիկ չանես` տես, սիրոտ է,
սիրուն յարիդ, հոգնած յարիդ,
աչքը` աչքիդ,
գլուխ` գրկիդ,
ձեռք` փափուկ մեջքիդ,
ճոճվելով երկուսով` դան, դանի…
ասա` թող քնի,
կուզի` թող մեռնի,
վաղը ցուրտ կլինի,
կտանես գերեզման,
կթաղես, կլացես,
վայ քեզ, աղջիկ, վայ քեզ, հասմիկ,
դիակիկ սիրող,
դագաղիկ պաշտող,
իմ ծուռ աղջիկ,
վարդի ջրով լողացած,
մեղրով լի քթոց` թաքուն տեղ պահած,
փնտրած-չգտած,
հայրդ` պահապան:
հայրդ` տղա-տղա,
մայրդ` աղջիկ, խելոք ու ոչ ծուռ:
տուն-տունիկ:
սենյակ-միջանցք:
իմ ծուռ աղջիկ:
տեղում ճոճվելով` դան, դանի, դան, դանի…

*
լինեի չոբան երկնաքերի հեռու հարկերում
գայիր անցնեիր քո ուղղաթիռով իմ հարկի տակով
ու սերենադի ձայնասկավառակ թողնեիր թաքուն
պատուհանիս գոգին

վրան մակագրություն` սիրով սև շնից
ախ ես չոբան դու իմ շունը

լինեի ով սիրուն, սիրուն
ու քեզ դավաճանեի
հետո գրեի մեղսալից տողեր
ու արցունքոտ աչքերով կարդայի քեզ համար
հետո խանդից սատկեի թե վրեժդ լուծելու համար
ուրիշի մոտ չես գնացել

ծաղկազարդ լիներ
գայիր իմ քաղաք
դարպասները շրխկացնեի քո առաջ
անջատեի հեռախոսս
վռնդեի խելացի ու հիմար կույսերին
ճրագները ձեռքներին սպասող քեզ կամ մարմնիդ

գրպաններումդ փնտրեիր էն միակի հասցեն,
ում պատուհանի տակ արժի ձենը գլուխ գցել
երազեիր, որ քո ձենը զիլ լինի
որ էդ պատուհանը եվրո չլինի
որ հարևանները շուտ չզարթնեն ու ձեռքի տակ ընկածով չքշեն քեզ

աբովյան փողոցը լիներ
դեռ մտամոլոր փնտրեիր էն միակին
գտնեիր ինձ
ու կրկնվեր անձրևային ժամադրությունը մեր
թաց կատվի պես սեղմեիր դու` ինձ, ես` վարդերի փունջը
անհաջող թռիչքներից ծունկդ վնասեիր
ծիծաղեինք անձրև գար
ծիծաղեինք անձրևը շատանար
վազեինք
ես քեզ սիրեի դու ինձ
դու լռեիր ու քո փոխարեն
ուրիշը ականջիս շշնջար սիրաբառեր
կատաղեի լացեի համբուրեի ուրիշին
մտածելով որ դու ես

քեզ գիրք նվիրեի, մակագրեի` սիրով
դու գիրք նվիրեիր մակագրեիր` ցանկությամբ որ

խաղիկիս վերջում օդից ավտոբուս բուսներ ու անվերջ գնար
ու չհասնեինք տեղ ու անվերջ գնար
քնեինք զարթնեինք ավտոբուսը գնար
հետո ավտոբուսը հոգներ գնալուց ու բացեր թևերը
ու ամենաքիչը անցներ հազար տարի

*
առավոտ: 07:20: անկողին:
սիրային ոտանավոր`
օրվա պատուհանը շրջանցող ծիծեռնակի պես,
մտքերդ դանդաղ մերսող ատամնացավ,
դանդաղ կյանք` մերսող մարդկանց:

սկզբում` սերն էր,
հետո` խղճահարությունը,
հետո ամեն ինչ անորոշ էր շատ,
որ կինը գնաց
չստացվող գիշերներից հեռու,
զարթուցիչի ձայնով սկսվող ու տեղնուտեղը վերջացող առավոտներից հեռու,
ամեն ինչով գործազուրկ ամուսնուց հեռու,

և դեռ հարևանուհուն էլ մի վերջին անգամ
լացուկոծով բողոքեց.
- քթիդ տակ մեծանում են երեխաներդ,
հասնում բոյիդ,
իսկ դու դեռ մտածում ես` ձվից դուրս եկան, թե…

կինը գնաց:
կինը մնաց կին:
մնաց ծննդաբերությունից մնացած հետքերի
և օրվա հետ, որ ձգվում է քաղաքային հասունացող ողջ մելամաղձով:

ինչ տարբերություն առավոտ, թե…
07:20: անկողին: օրագիր:
կանգնեց, ձգեց գոտին, նստեց, ծխեց, կանգնեց,
քայլեց, հետ եկավ,
(ինչ-որ մեկը լվացքը հավաքեց, առավոտ է ախր, 07:28)
նստեց, հայացքը գնաց հեռու,
հետո ինքն էլ գնաց` հայացքը ետ բերելու ու չեկավ,
կանգնեց, կանգնեց, գրկեց, բաց թողեց…
լինեիր դիակ
գնա մեռի, արի սիրեմ
բաց թողեցիր, գնացի ու չեկա
...ու կինը մնաց...

իջանք աստիճաններով,
կանգառով, փողոցով, փակ ու բաց խանութների դռների կողքով,
շենքի բակով… գրկիր ինձ
զոմբիացած, ապշած, շոկի մեջ,
խղճահարությունից դրդված,
անորոշ,
կշտացած հիասթափությամբ,
մայթով… բաց թող ձեռքս… վտանգավոր գոտում ենք,
և սոված սրտով
տանը
ես` նստեցի գրելու,
նա` կանգնեց նկարելու,
ամբողջ գիշեր
մինչև առավոտ
07:34
մեր սերերի մասին`
չստացված, հետևաբար` մեզ միշտ շատ մոտ…
ու կինը մնաց երկուսի փոխարեն պարտվելու:

ծննդաբերությունից մնացած հետքեր`
փոքրիկ ծիծեռնակների պես թափառող մարմնիդ երկնքում...

դանդաղ կյանք
առավոտ
դանդաղ կյանք

կովկաս

դրանք արնախում դաժան մարդիկ են
զգույշ մնա ասաց մայրս

ասյան ու ես նինո կատամաձե ենք լսում
ասյան ու ես գնում ենք ռոք համերգի
ասյան որոշում է հարավը
պետք է աղոթել դեմքով դեպի մեքքան
ամեն առավոտ տասնհինգ րոպե արաբերեն կարճ նամազ
մենթալիտետ
չեչնիա
արնախում մարդիկ` հարգող ալլահին

ամառ
խորդանոց
եղբորդ հետ նստած
ճյուղով գծում էիք ավազին ձեր երազանքները
ճյուղով ավազին որովհետև թուղթ ու գրիչ չունեիք
պատերազմ էր
երազելու ամենահարմար ժամանակը

երազում էիք որ չեչնիա ասելով
մարդիկ հասկանան ոչ թե ահաբեկիչներ տեռոր
այլ արվեստ
դուք կարիք ունեիք ինչ-որ բաներ փոխելու
դու նկարչուհի էիր ուզում դառնալ եղբայրդ երգիչ

նամակ գրեցիր մեռած հորդ
կարճ ու զսպված նամակ
կովկասյան տղամարդիկ զուսպ են
փորձեցիր հասկանալ պատերազմից չվերադարձած հորդ
ու նրանց ովքեր մեծանում են աչքիդ տակ
որ հետո չվերադառնան

ով ենք մենք որտեղ է սահմանը կովկասի
մատդ սահեցրու աշնանային տերևի գույներով
ու հարցրու որտեղ է սահմանը գույների

կովկաս

ռուսերենի ուսուցչուհի մայրդ
ու կարմիր արնահոտ տառասխալներով լցված քո կյանքը
պատերազմների
ապստամբությունների
ռմբակոծությունների
ամենօրյա սպանությունների
շոգ միջօրեում
ու մի կերպ գլուխը ներս խցկած արվեստ
մենթալիտետ
չեչնիա

ոտաբոբիկ նինո կատամաձեն
խելագար կոմիտասը
սիսթեմ օֆ ը դաունը

ավտոմեքենայի ուժեղ լույսի դիմաց
կովկաս
սեքսի դիմաց ուտելիք հաիթի
ծիծեռնակաբերդի դիմաց աֆրիկյան ամենօրյա ցեղասպանություններ
ուրիշների միջոցով զգուշացրել են որ եթե ղարաբաղ գնամ
վատ է լինելու

ես նկարում եմ խոմեյնու արձանը ահմեդի գլուխը
որի կարծիքով ահմադը ավելի զիլ է հնչում
և որին աստիճանաբար սիրահարվում եմ
բայց ականջներիս մեջ բարձր հնչում է մորս ձայնը
արնախում ազգ են դաժան զգույշ մնա
և զգում եմ ահմեդի ձեռքը
սահող կովկասյան մաշկիս ու երակներիս վրայով

կովկաս

1 comment: