Անդերս Պետերսեն. Ստոկհոլմ, 1985թ.
*
կնոջ փոր ցցված պորտով
կամ արևով ընդգծված սարեր…
Մ.-ն նայում է ինձ իր հղի փորով ու կուլ տալիս ինձ

հղի կանայք այնքան հաղթական ցցած փորերով
որ ինձ մնում է միայն իբրև սպիտակ դրոշ վեր ցցել
անկողնուս ճեփ-ճերմակ սավանը
ու գլուխս ետ թեքել…

ինձ միաժամանակ հիշող տղաներ
արևի լույսը սափրվում է դանդաղ
լեռների ձիգ սրունքն ի վար
ես լոգարանում օճառափրփուր եմ քսում մարմնիս
ցնցուղի ջուրը թաց մազերիս ծայրերից
օճառոտ կոնքից
ազդրից
ցնցուղի եռման ջուրը
դանդաղ կադրի պես
մերսելով
սեղմում է ինձ իմ մեջ

ու ոնց որ դեռահաս պզուկոտ տղան է երկու մատով
անփույթ
վռազելով ճզմում ճակատի պզուկը
ճիշտ այդպես
եռման ջուրը
սեղմում է ինձ
ու
քաղաքային նեխահոտ մնացորդներ
անվարժ ու չգիտես ինչի չստացվող կյանքի
աղբարկղ դարձած ուշ ժամերի
մեղսոտ հայացքների
թարախի պես
ֆշշշում են իմ վրայով օճառափրփուրի հետ
մի վերջին անգամ խտանալով ոտնաթաթերիս անկյունում
կրունկներիս ծալքերում…
…ու ես անվերջ հետ եմ գնում դեպի արգանդը
դեպի փակվող գերեզմանաթումբը
մեխված դագաղը
ժանգոտ ու քայքայված մեխերը
մայրս հղի է ինձնով
բոլորը սպասում են ինձ

լոգարանը դատարկ է
ես դատարկ եմ
քաղաքը, որտեղից անհնարին արագությամբ փախչում եմ, դատարկ է

լիաթոք
ամբողջ կոկորդով
շուրթերիս անկյունները պատռելու չափ բացած բերանով
կոկորդս արյունելու չափ
անձայն
գոռում
եմ

No comments:

Post a Comment