*
ես վառեցի կարմիր լամպը քո գնալուց հետո
որովհետև պետք է վառեի
որովհետև ոչինչ չփոխվեց
միայն աթոռները մտքիս մեջ քայլեցին
հետո եկան այստեղ ու պառկեցին գետնին

փողոցը կծկվեց իմ մեջ
ես բացակայությանդ լուսամփոփը դաջեցի աչքերիս մեջ
ես բաց պատուհանները ներկեցի աչքերիդ գույնով
և սև ներքնազգեստով լռությունս արագ-արագ քայլեց
հեծանիվի ետևից

ցուրտ է
ու քառորդ դար հետո էլ իմ ձեռքերը չեն տաքանալու
մարմինս առավել ևս

մի գնա խնդրում եմ
քո գնալուց հետո ես լապտերիկները կախ տվեցի նռնենուց
պոկոտած ծաղիկների փոխարեն
որոնք չէին աճում համառորեն
մի գնա որովհետև հետո ստիպված ենք լինելու փնտրել իրար
շշնջալ բառեր ուրիշների ականջին
և ուրիշ մատների մեջ մեր մատներն ենք թողնելու

իսկ իմ հասցեն փոփոխվում է շարունակ
որովհետև իրականում այն չկա
և ոռնոցներով լցված կոշիկներս
անընդհատ բլոճներ են սատկացնում, որոնցից վախենում եմ սարսափելի
իսկ ես հոգնել եմ հայացքների օտարության մեջ քեզ փնտրել-չգտնելուց
սատկելուց ու ճզմվելուց
ու ես հաճախ եմ վազում գժի պես
քայլում ծննդատների կողքով
թերթերում փնտրում եմ հարմար գներով վաճառվող տուն
..............................................................................................

քո գնալուց հետո ես հասկացա որ մայրամուտին մենակ հետևելը
տխուր է և հակացուցված
քո գնալուց հետո լացս ջարդված աթոռները սարքեց
քո գնալուց հետո ես ափսոսացի որ հեծանիվ քշել չգիտեմ
քո գնալուց հետո ես վառեցի կարմիր լամպը ու պառկեցի քնելու…


2007թ.

No comments:

Post a Comment