*
ես նստեցի քո առաջ
և վարդը մերկացավ իմ սիրուց
սեղանի մենակության մեջ և ալկոհոլի
որ ցնդում էր անթերթիկ ձանձրույթի ծնկներում

ես հոգնել եմ
քո մեծամտության շուրթերը համբուրելուց
և վախով լցված քո ձեռքերի մեջ ինձ ուժեղ զգալուց
սիրելիս ես երևի նայեմ պատուհանից
որովհետև դռների մեջ սեղմված քմծիծաղի ստվերոտ անկյունում
ես նկարել եմ քեզ ամենաանտաղանդ կավիճով

լինել հոգնած և մտածել քո մասին ծնկներիդ նստած
մոռացկոտ ներկել շուրթերը
հագնել կոշիկներն ու նետվել դուրս դրանք մաշելու առանց քեզ

մոռացա քեզ զգուշացնել որ տանել չեմ կարողանում
բոլոր տեսակի կանացի վերնաշապիկները
դրանցից պոկված կոճակների հոտ է գալիս
և տղամարդկանց օծանելիքի
որ լվանալուց հետո ավելի ուժեղ ես զգում
դու իմ ամենահիմար վերնաշապիկն էիր սիրելիս

ես երևի փակեմ վարագույրները
որովհետև մարդիկ ուզում են քնել վախերով լցված անկողիններում
և լույսը շփոթեցնում է նրանց
ծանր ռոքը առավել ևս
և կոնյակով թեյի վայելումը քո ներկայությունն է ակնկալում
նրանց և իմ առավել քան հիվանդ երևակայության մեջ

սիրելիս

երևի գնամ քո մասին երազներ նայելու
կծկվելու անգույն սարսափներով լցված անկողնուս մեջ
փնտրելու ձեռքերդ որ չեղան
որովհետև վախենում էին կամ են

ավելի ուշ պատերի ետևում սպասող հարևաններին կհայտարարեմ
որ անհոգ գնան քնելու
որովհետև բաժանորդը անհասանելի է
կամ գտնվում է երազածածկույթից ներս

2007թ.

No comments:

Post a Comment