photo by Sally Mann |
հագնվում եմ, կոճկվում,
փաթաթվում վզախեղդ շարֆով,
կապում եմ աչքերս,
ակնամոմով լցնում ականջներս, քիթս,
որ դու չգաս ոչ մի կերպ,
օդի միջով, բացիլների, շշուկների, ձայնի
չգաս ոչ մի ձև
մոռացվես, ցնդես
ողբեր եմ հորինում քո պատվին
ու հազար օղորմիներով մեռցնում քեզ
ծակծկում եմ դիակդ սիրուս մեջ թաթախված նետերով`
թունավոր ու սիրատարփ
քարշ եմ տալիս մարմինդ նկուղ`
խոնավ ու ցուրտ, անլույս ու անհս,
թողնում քեզ առնետներին կեր
լացում եմ փոքրիկ երեխայի պես քո ետևից
անխնամ ու չօգտագործված բառեր ասում քո հասցեին,
հիմնականում սիրային բնույթի
դռան կողպեքը նայում ինձ, չի հասկանում` բացվի, թե փակվի
աստիճաններն ասում են` հիմա քանդվենք, հս, թե՞ ոնց
քանդվել-մանդվել չկա,
ասում եմ հնարավորինս անտարբեր ու խաղաղ
հող ու փոշի դարձեք
ու նայում եմ երկնքին, որ արցունքներս չկաթկթեն ցած
ու լցված աչքերով չեմ տեսնում, բայց զգում եմ
էս ժամի արևը կտրված գլուխն է իմ
որ ես արնահոսեմ քո մասին այս մայրամուտով
ինչպես և ամեն սովորական օր
պարտաճանաչ պետական աշխատողի պես
օրվա վերջում հոգնած մոռանալով և ինձ և քեզ
և շարունակելով մոռանալ հրապարակից աբովյան ու հյուսիսային պողոտա
դժվար չի կռահել որ դիտմամբ ու նենգաբար
դու կգաս ընդառաջ` նկատելով ինձ դեռ հեռվից
կեսբերան կբարևեմ քեզ չտեսնող հայացքով
որ հանկարծ չիմանաս, որ այդ ես էի, որ մի օր ոռնացի օրագրումս`
թե` չհամբուրել շուրթերը քո, նույնն է թե չունենալ շուրթեր
թե` ողբեր եմ հորինել քո պատվին
ու հյուսել երգեր անհամար
ես չէի, սիրելիս
դու էիր,
այդ դու էիր ծակծկել մարմինս սիրուդ թունավոր նետերով
դու էիր սոված ու պսպղուն աչքերի վայրի փայլով
ցնծում հաջող որսիդ համար
կոկորդային հնչյուններ արձակում
և արնաքամ մարմինս
օրորվում էր խաղաղ ու անտարբեր, անտարբեր ու խաղաղ
քո մկանուտ ուսին
լեշահոտով, որ սեր էր լիովին
կտրված գլխով, որ չէր տեսնում, բայց զգում էր`
արնահոսում էի քո մասին, քո մասին, քո մասին…
թունդ գործ էր շատ...
ReplyDeleteոր ես արնահոսեմ քո մասին այս մայրամուտով
ReplyDeleteինչպես և ամեն սովորական օր.... սիրուն ես զգում
Դու չես գրում,,պարզապես գրելու համար..
ReplyDeleteԱպրես..