«ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱՊԵՍ ՃԱՇԱԿ ՈՒՆԵՆԱՆՔ` ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՐ ՔԻՄՔԻՆ ՄՈՏ Է»

«Լավ գիրք ունե՞ս, արի փոխանակենք». այս խորագիրն էր կրում «MetroMusic PUB»-ում կայացած «BookCrossing»-ի («Գրքապտույտի») հերթական միջոցառումը, որի շրջանակներում ընթերցասերները, գրողները միմյանց հետ գրքեր են փոխանակում: Հավաքված գրքերը հայտնվում են գրքապտույտի մեջ, շրջում քաղաքով մեկ և փնտրում իրենց ընթերցողին` գրադարակներում նստելու փոխարեն: «BookCrossing» կամ ինչպես ասում են` «Գրքերի ազատում» շարժումը 2001-ին հիմնել է ինտերնետային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Խորնբեկերը` նպատակ ունենալով աշխարհը դարձնել մի «մեծ գրադարան»: Հայաստան այն թափանցել է բոլորովին վերջերս` Արման Ղազարյանի և Ինեսա Սաղեյանի նախաձեռնությամբ:
««BookCrossing»-ը գնալով ակտիվանալու է Հայաստանում, ու թեև հրավիրված քսան գրողներից միայն չորսն էին ներկա, միջոցառումն անցավ բավականին աշխույժ ու գրքային մթնոլորտում»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Հակոբյանը (Արտո)` մասնակիցներին նվիրելով իր «Արտառոցը կամ դեպի փայլուն ապագա» վեպն ու մի շարք այլ գրքեր: Հատկանշական է, որ նա մինչ այս նախաձեռնությունն էլ, սեփական մտահղացմամբ, գրքեր է թողել «MetroMusic PUB»-ում և այլուր:
Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը միջոցառման մասին տեղեկացել էր կազմակերպիչներից, հիացած էր, խանդավառված ու ասում էր, որ անպայման կփորձի օգնել նրանց: «Ինձ որպես հեղինակի են դիմել, ես իմ գիրքն եմ տալու, ինչպես նաև որոշ ժամանակակից գրողների, օրինակ` Հրաչյա Սարիբեկյանի «Գուշակություններ հայելիներով» գիրքը, Հովհաննես Գրիգորյանի գրքերից»,- ասաց նա:
Գրական այս ազատ շարժումը տարածում է գտնում համացանցի միջոցով, խոստանում նոր ու բազմազան ծրագրեր: Երիտասարդ բանաստեղծուհու կարծիքով` համացանցը կարող է ազդել գրականության վրա ինչպես լավ, այնպես էլ վատ առումով: «Մենք ամեն ինչ ունենք, պետք է պարզապես ճաշակ ունենանք` ընտրելու համար այն, ինչ մեր քիմքին մոտ է: Կոնկրետ ինձ համար համացանցը հրաշալի միջոց է` լավ գրականությունն արագ գտնելու, քանի որ առանձնապես հարուստ չեմ ու չեմ կարող ինձ թույլ տալ այդքանը գնել, մանավանդ որ Հայաստանում այդ գրքերի մի մասը չկա էլ: Որպես գրող` էլի չեմ դժգոհի, ընթերցողների բանակ է ձևավորվում, թաց-չոր, կարծես թե, խառն են, բայց օր առ օր ամեն ինչ իր տեղն է ընկնում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

իրատես դե ֆակտո

No comments:

Post a Comment