կշտանանք երկուսով

լուսանկարը՝ Պետերս Անդերսենի
դու` թռչուն երկնքի,
ես` բույս` աճած երկրի վրա,
ցած իջիր,
կտցահարիր ինձ,
սիրիր,
մի տես` թերթիկներս բացել եմ վայրի քնքշանքով,
մի տես` ինչ ուժգին եմ բուրում,
մի տես` ինչ գունավոր եմ ես ու իսկը քեզ համար,
ցող ունեմ քեզ համար` առավոտից պահած,
ծաղկափոշի` հանց մանանա`
մի տես` քանի մեղու ու բզեզ խորտակվել են իմ մեջ,
ճաշակիր մեղվիկներին ցերեկվա ճաշին
և բզեզով ընթրիք արա`
ճոխ ու հագեցած…
համբարձում յայլա, յայլա ջան, յայլա,
ճոխ ու հագեցած…

այ չաչանակ երկնքի,
այ կաչաղակ իմ սիրած,
թե չսիրես` ես կթոշնեմ,
կցամաքեմ թփիս վրա,
հարս ու աղջիկ` ձեռ-ձեռ տված,
սար-ձոր պտտելիս ինձ էլ կտեսնեն,
կպոկեն-կտանեն ու թաքուն-թաքուն չեմ ասի, թե որ գրքի մեջ կդնեն,
խելոք-խելոք բաներ կսովորեմ,
կդառնամ ուսանող, ասպիրանտ, թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր,
էնքան կխելոքանամ,
ինձ ու ինձ դեղահաբ կդառնամ,
կընկնեմ չոլերը,
դու` սոված ծիտ,
կգաս ու ինձ կճանաչես,
չես ուտի, կարհամարհես,
կզզվես ինձնից, կասես` յա’խք,
թու-թու-թու,
կտուցով երեք անգամ փետին կխփես,
ես` փորուփոշման,
թախծոտ ու անիմաստ,
հենց էնպես,
ուղղակի
թակարդ կդառնամ, կպառկեմ կիևյան կամրջի տակ` ջրերի մեջ,
որ խորտակվեմ, սատկեմ,
որ ուրիշ բույսերի հռհռոցը չլսեմ,
դու` բանից անտեղյակ թռչուն,
կգաս ու կընկնես մեջս,
քեզ գտած կգրկեմ քեզ,
կսիրեմ, կպաչպչեմ թակարդ-ուռկանավարի` փաթաթված կտուցիդ,
դու թևերդ կչփչփացնես ջրի մեջ,
կխռխռաս ու աչքերդ կփակես,
թափ-թազա ռոմեո-ջուլետի, տրիստան-իզոլդի, լեյլուն-մեջնունի, հս-ի ու իր պես
ջրերի տակ կանցնենք,
ախր ասում էի քեզ`
ցած իջիր, կեր ինձ, կշտանանք երկուսով…

<<խաղիկներ>> շարքից


No comments:

Post a Comment