*
…ես հիմա պարզապես
հոգնել եմ
և քարշ եմ տալիս գոյությունս
չունեցած պոչի ծանրությամբ…

ես փորձում եմ քայլել
Աստծո մատնահետքերով.
եկեղեցու դուռը ծանր է բացվում,
ինչպես երկինքը
անմեղներին ընդունելուց առաջ
ծանրութեթև անելիս...
տեսնես հայրական տան դռները ոնց են բացվում
սխալված աղջիկների մատնահպումից...

իմ այսօրվա երկինքները
լցված են
զարմացած թռչուններով ու
գարնանային տարբերանշաներով.
լրիվ ցեխոտված են
ճիշտ կոշիկներից…

…ես նստել էի
գիշերվա մեջ երկփեղկված
սենյակում…
գլխիս մեջ մտքերը
ավելի թափթփված էին, քան
սենյակը` ինքը…

…հայր, ես հոգնել էի
ամենուր
ձեռքիցդ բռնած քայլելուց
և անձրևը տաք էր աչքերիս մեջ,
իսկ սիրտս անտարբեր ու կիսատ`
հորիզոնի ետևում մնացած
երամի պես…

մեկ - մեկ են մոտենում երկնքին, հայր,
ես որոշել եմ ճամփա ընկնել,
ներիր, որ կոշիկներս թարս են ու ցեխոտ,
իսկ երկինքը` մաքուր ու
մորս լվացած սավանների պես անբիծ

քամուց տարուբերվող անեզրությունների մեջ
թեթև երկինք ծանր շատ ծանր դռներով


2006թ.

No comments:

Post a Comment