*
ջրերի մեջ ծեծված մատներով տող գրելը
կորցնելու հաջորդ քայլն է

որոնեմ զքեզ, տող
ու ջուրը գցեմ
արած լավության պես
ունենամ քեզ շատ աշխատավարձի նման
և խանութները լքեմ գների տարափից չհուզված

հագնեմ քեզ նոր կոշիկի պես
ու մաշեմ` ընթերցողի աչքը քո վրա

մանավանդ, որ գիշերն անձրև է եկել
ես քնած-քնած
մի տող
կանաչու հետ եմ տապակել
թևիցս քաշող մեկին լավ քամել-փռել եմ պարանից
երրորդին դնգստել եմ ավելով` կեղտ-փոշու մեջ չճանաչելով

հետո մի երկու շենք էն կողմ
կուշտ ու կուռ կերած մի շուն ձենը գլուխն է գցել
տողերս թողել եմ տանն ու վազել դուրս`
դաս ու գործի
սիրել-սիրվելու

և օրն էլ ապրիլ էր` սենտիմենտով, քաղցր ու տհաճ քաղցր
չարդուկված շորի պես, չծխած ծխախոտի
չունեցած կրքի
դառը սուրճի ու մորս լացի պես…

էհ, ունենայի քեզ, տող, ու ինձ լավ զգայի

բայց ես զանգում եմ մորս ու հարցնում
թե եկող շաբաթ զատիկի չամչով փլավը ոնց սարքեմ
սոխի կճեպով ինչքան հավկիթ ներկեմ….

ձայնս գլուխս գցած երգում եմ
իմ հանրապետությունում հայտարարված է լվացք

գիշերվա հազարին ոտների թաթերի վրա ներս է սողոսկում
տողս ու ասում,
որ սոված է,
որ ինտերնետում ոչ մի հետաքրքիր բան չկար
որ վաղը գնում ենք կինո նայելու

հետո մատները խրում է մատներիս մեջ
ու շշնջում ականջիս, որ կսպանի ամուսնուս
ես ծիծաղում եմ ու ձեռի հետ մտածում,
որ եթե այսպես շարունակվի, ես կմնամ տանը,
իսկ տատս չի զլանա կրկնել, որ իմ տարիքում երեք երեխա ուներ…

<<քաղաքային մելամաղձ>> շարքից

2009թ. ապրիլ

1 comment:

  1. ha&uyqic jpits da&vela eresis u tex chi gnum, shaat mec ha&uyq em stanum vo&ict u sharadradzevict.. mexm asac lavn es!!

    ReplyDelete