Հաշ՞տ եք ժամանակի հետ:
Այս օրերին Նիկարագուայի քաղաքներից մեկում` Գրանադայում, պոեզիայի համաշխարհային ֆեստիվալ է անցկացվում: <<Փողոցներով փողային նվագախմբեր են անցնում, ամեն անկյունում պոեզիա են կարդում մարդիկ>>, - վկայում են ականատեսներն ու տարածում նկարները համացանցով, որ ես` հայաստանցի բանաստեղծս, ում քաղաքը հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, ախուվախով թերթեմ ֆոտոները, կարդամ մի քանի բանաստեղծություն, հավանեմ կամ չհավանեմ, համեմատեմ մերոնց հետ, տխրեմ, որ չենք թարգմանվում, որ քիչ ենք թարգմանում: Ես հավանաբար կշարունակեի երկար տխրել, եթե ավելացվող գրքահարկի մասին նոր մի որոշում չընդունվեր: Այն պետք է հաստատեր, որ մեզանում գիրքը սուրբ արժեք է և անձեռնմխելի է դառնալու հասարակ ընթերցողներիս համար, բայց ուրախանալու այլ առիթներ տվեց. գիրքն իր շուրջը հավաքեց գրողների ու գրքասեր մարդկանց, որոնք պետք է որ վաղուց միասին լինեին` պայքարելու հանուն գրականության ու գրքի: Ամեն դեպքում, ես անչափ շնորհակալ եմ, որ ապրում եմ մի երկրում, որի կառավարությունը այսքան մտահոգ է իմ մասին և ստիպում է սովորել պայքարել, ապրել, ծաղկել, ճիշտ է` օվկիանոսից ու հատկապես` գրապահարանից հեռու, հաճախակի զլանում է ջրել և անիմաստ շատախոսում է երկար հեռուստացույցի կեղտոտ կոկորդով, բայց դե թերությունները զարդարում են հայրենիքը, իսկ շատ թերությունները ստիպում են տեղից շարժվել ու ինքնուրույն կարգի բերել թափթփված սենյակները:
Հասմիկ Սիմոնյան
Գրական թերթ. թիվ 8 ուրբաթ, 16 մարտի, 2012թ.
No comments:
Post a Comment